Երկուշաբթի
օրն «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը
ներկայացրեց ընտրատեղամասերում 1500 դիտորդների
հավաքած տեղեկությունների վրա հիմնված իր զեկույցը
Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Թեև 7 էջանոց ամփոփումը եզրափակելով՝ ՀԿ-ն հույս
է հայտնում, որ ապագա ընտրություններն ավելի արդար
կանցկացվեն, զեկույցը կայացած ընտրություններին
ներկայացված մի կատարյալ մեղադրական վճիռ է:
«Ես և մեր դիտորդները մեզ նվաստացած էինք զգում,
երբ Էջմիածնում 25 հոգի քվեատուփը շրջափակում էին
ու լցնում, և մենք ոչինչ չէինք կարող անել, - ասում
է կազմակերպության նախագահի տեղակալ Խաչիկ Ոսկանյանը,
- Երեք մեքենա էլ դուրսը հսկում էին։ Ոչ ոք փորձ
չէր անում կանխել։ Մարդիկ վախեցած գլուխները կախել
էին։ Ես երկու օր ուշքի չէի գալիս։ Նախագահական
ընտրությունների երկրորդ փուլում հրաժարվեցինք դիտորդություն
իրականացնել Արմավիրի մարզում»։
Նման հայտարարությունները փաստերով հաստատում
են «Ընտրությունը քոնն է» կազմակերպության զեկույցը,
որը բաժանում է ենթադրվող կեղծիքները 13 խմբերի:
Կազմակերպության անդամներն ակտիվորեն մասնակցել
են ընտրական օրենսդրության ձևավորմանը, և նրանց
ջանքերի շնորհիվ 1999 թվականին Ազգային Ժողովի պատգամավորների
մասին օրենքում ընդգրկվել է տեղական դիտորդ հասկացությունը:
Այս գաղափարը մտցվել է նաև ընտրական օրենսգրքի մեջ։
«Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը գրասենյակներ
ունի հանրապետության բոլոր մարզերում ու Երևանի
համայնքներում և 4000 կամավորներով դիտորդություն
է իրականացնում տարբեր մակարդակների ընտրություններում։
Կամավորները հիմնականում ուսուցչուհիներ են, որոնք
որևէ կուսակցության չեն պատկանում։ Նրանցից շատերը
կամավոր են դարձել դեռևս 1996 թվականին։
Կազմակերպությունը նաև ամիսը երկու անգամ բոլոր
մարզերում հանդիպումներ է կազմակերպում ընտրողների
և համայնքների ղեկավարների միջև։
Այս տարի կազմակերպության 1500 կամավոր դիտորդներ
հետևեցին նախագահական ընտրություններին մոտ 900
ընտրական տեղամասերում։ Ի տարբերություն միջազգային
դիտորդների, որոնք շրջագայում էին տարբեր տեղամասերով,
«Ընտրությունը քոնն է» կազմակերպության դիտորդները
հսկել են ընտրությունները՝ յուրաքանչյուրը մի տեղամասում։
Զեկույցում ասվում է, որ տեղի են ունեցել տարբեր
մակարդակի ընտրական խախտումներ, ներառյալ՝ քվեատուփերի
լցոնում, ընտրացուցակներում մահացած կամ այլևս Հայաստանում
չբնակվող անձանց, նաև 6 տարեկան երեխաների, անունների
ընդգրկում, և նույնիսկ դեպքեր, երբ հանձնաժողովի
անդամները քվեների հաշվարկից հետո փոխել են արդյունքները՝
հօգուտ վերջնական հաղթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի:
(Պետական լրատվամիջոցներն արձանագրել են խախտումներ
ընդդիմության կողմից, սակայն «Ընտրությունը քոնն
է» կազմակերպության զեկույցում չկան մեղադրանքներ
Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցների հասցեին։)
«Մի տեղամասում Դեմիրճյանի վստահված անձին այնպես
էին ծեծել, որ մի աչքը չէր երևում: Ամբողջ աչքն
արյան մեջ էր, ու ոչ ոք, ոչ մի ոստիկան, չմիջամտեց։
Ինչի՞ համար: Որովհետև փորձել էր կանխել լցոնումը»,
- ասում է «Ընտրությունը քոնն է» կազմակերպության
դիտորդներին համակարգողներից մեկը, որ չցանկացավ
լրագրողներին հայտնել իր անունը:
«Հիմնականում վտանգավոր տեղամասեր աշխատում էինք
միջին տարիքի կին դիտորդներ ուղարկել, հույս ունենալով,
որ նրանց չեն ծեծի, - ասաց համակարգողը, - Այդ կանանցից
մեկը, երբ տեսնում է, թե ինչպես է մեկը վեց անգամ
քվեարկում, չի դիմանում ու միջամտում է: Այդ մարդը
նրան ասում է, որ եթե ուզում է տուն հասնել, թող
ձայնը կտրի։ Մի հոգու էլ, որ միջամտել էր կեղծիք
անելուն, ասել էին՝ հաշիվդ ասա ու ձայն մի հանի։
Առաջին փուլից հետո շատ դիտորդներ հրաժարվեցին երկրորդ
փուլին ներկա գտնվել»։
«Ընտրությունը քոնն է» կազմակերպության զեկույցում
նշվում է, որ կազմակերպությունը մարտի 5-ին կայացած
ընտրությունների երկրորդ փուլում չի գրանցել որևէ
առաջընթաց փետրվարի 19-ի առաջին փուլի համեմատությամբ:
Ոսկանյանն ասաց, որ իրականում երկրորդ փուլում ավելի
շատ օրինախախտումներ կային։
Թեև սա առաջին ընտրությունները չեն, որոնց ներկա
է եղել կազմակերպությունը, Ոսկանյանն ասում է, որ
դիտորդներն առաջին անգամ են այնքան վախեցած, որ
չեն ցանկանում հրապարակել իրենց անունները:
«Մենք այսպիսի ընտրություններ չենք տեսել, - ասաց
նա, - «Կարուսել» տեսել ենք, գաղտնի լցոնում տեսել
ենք, բայց որ արհամարհելով ընտրողներին, դիտորդներին
և վստահված անձանց՝ լցնեն բոլորի աչքի առաջ, չենք
տեսել: Ինձ համար կարևոր չէր, թե ով կընտրվի։ Էականն
այն է, որ Հայաստանում ընտրական հաստատությունները
մահացան։ Իսկ ես մեծ հույսեր ունեի»։
|