Երբ
նախագահական թեկնածու Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները
հանրահավաքներ կազմակերպեցին ի պատասխան Ռոբերտ
Քոչարյանի վերընտրության, նրանց առաջնորդները կոչ
արեցին ընդդիմությանը որպես բողոքի նշան «վրանների
քաղաք» խփել Երևանում:
Ոմանք հետևեցին այդ կոչին, քանի որ արդեն երկուշաբթի
օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շրջակայքում
կարելի էր տեսնել վրանների խմբեր:
Դրոշներով ու պաստառներով՝ հանրապետության տարբեր
մարզերի բնակիչները միախմբվել էին երկու ճամբարներում՝
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աջ ու ձախ ափերում՝
փշալարերի դիմաց:
Հրազդանից, Գավառից, Աբովյանից, Կոտայքից, Աշտարակից,
Երևանից, Գյումրիից, Արարատից, Էջմիածնից, Մարտունուց
եկած մարդիկ գիշեր-ցերեկ հերթապահում էին, քանի
որ գարնանային առաջին օրերը մի փոքր ավելի մեղմ
էին նման միջոցառման համար, քան դրանց նախորդած
ձմռան ցրտերը:
Ժամանակ առ ժամանակ «Դեմիրճյան՝ նախագահ», «Քոչարյան,
հեռացի՛ր» և այլ արտահայտություններ վանկարկելուց
հետո, մասնակիցները զրուցում էին միմյանց հետ: Կիսում
էին իրենց հոգսերը, երեկոյան խարույկ էին վառում,
և ուտում կողքի շենքերի և այլ թաղամասերի բնակիչների
բերած ուտելիքը:
Երեք երեխայի մայր Հասմիկ Նահապետյանը գրեթե բղավում
էր՝ պատմելով արտագաղթի հսկայական չափերի, հայրենիքը
լքած իր երեխաների, մենակության և արդարության մասին:
«Մենք
տեղակայվել ենք այստեղ, որպեսզի ԿԸՀ-ն սթափվի, բացի
քվեատուփերն ու արդար հաշվարկ կատարի, - ասում է
Վիկա Կարապետյանը, - Մեզ հետ է ժողովուրդը: Մինչև
արդարություն չլինի, մենք մեր ակցիան չեն դադարեցնի»:
Մյուսները նույնպես խոստանում էին շարունակել
մինչև վերջ:
Սակայն «վրանների քաղաքի» համար ամեն ինչ վերջացավ
սկսվելուց երեք օր հետո: Հինգշաբթի օրվա դրությամբ,
բողոքավորները վերադարձել էին իրենց տները՝ ոմանք
խոստանալով ակցիա կազմակերպել Սահմանադրական դատարանի
մոտ, երբ Ստեփան Դեմիրճյանը պաշտոնապես ներկայացնի
իր հայցը՝ բողոքելով ընտրություններն իրենից գողանալու
դեմ:
|