ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 14, 2003 




Տարաժամ կյանք. «Ինքնասպանության կամրջից» ցած նետված կինը ողջ է մնում, սակայն ասում է, որ դա «պատիժ» է


"Suicide" bridgeԾովինար Սարգսյանը ցույց է տալիս իր հիվանդասենյակի պատից կախված փայտե խաչը և ասում, որ դա է իր ողջ մնալու պատճառը:

«Ինձ այս խաչն է պահում, որ չեմ մահանում, - ասում է Երևանի 53-ամյա բնակչուհին, - Երեք անգամ ինքնասպանության փորձ եմ արել, սակայն դեռ կենդանի եմ»:

Ինքնասպանության վերջին փորձը փետրվարի 22-ին էր: Այդ օրը Ծովինարն ուղղվեց դեպի Հրազդանի ձորի վրա գցված Կիևյան կամուրջը (Երևանում այն հայտնի է որպես «Ինքնասպանության կամուրջ»):

Ցերեկ էր, և կամուրջը լի էր մեքենաներով, այդ պատճառով էլ նա սկզբից մտածում էր կյանքին վերջ տալ իրեն ավտոմեքենայի տակ գցելով:

«Եթե մեքենայի տակ ընկնեի, իզուր ուրիշին պետք է դժբախտացնեի, - ասում է նա, - Այդ պատճառով էլ որոշեցի կամրջից ցած նետվել»:

«Դժվարությամբ բարձրացա կամրջի վրա: Կանգնեցի կենտրոնում ու հիշում եմ միայն այն, որ ձեռքս ու կողքս սարսափելի ցավում էին», - ասում է նա:

Կիևյան կամրջի բարձրությունը 76 մետր է (մոտ 250 ոտնաչափ), որը հավասար է 15-հարկանի շենքի բարձրությանը: Տարիների ընթացքում այն դարձել է շատերի կյանքի վերջնակետը: Ծովինարը երևի այդ կամրջից ցած նետվածներից միակն է, որ կարող է պատմել հուսահատության ցատկի մասին:

Նա պետք է ողջ չմնար: Կարծիք կա, որ ցատկողներից շատերը մահանում են եթե ոչ հարվածից, ապա ընկնելու պահին ստացած սրտի կաթվածից: Սակայն Ծովինար Սարգսյանը վնասել է միայն կողերն ու կոտրել բազուկոսկրը:

«Ոչ ոք չի կարող ասել, թե կամրջից նետվողն ինչ հոգեկան ապրումներ է ունեցել, գուցե նա տեսիլքներ է փնտրել, կամ չի գիտակցել, թե ինչ է անում, - ասում է հոգեբան Անժելա Վարդանյանը, - Այդ պատճառով էլ բարձրությունը նրան սարսափելի չի թվացել: Ընդհանրապես, հոգեկան վիճակն է որոշում իրավիճակի արդյունքը»:

15 stories tallԾովինարն արդեն մի քանի տարի է, ինչ տառապում է հոգեկան խանգարման պարբերաբար կրկնվող նոպաներից, իսկ երեք շաբաթ առաջ ինքնասպան լինելու նրա փորձն ուժեղ դեպրեսիայի վերջին արտահայտությունն էր:

«Ես ոչ մեկին պետք չեմ, - ասում է նա, - Ոչնչով չեմ կարող օգնել տղայիս, նրա համար միայն բեռ եմ: Ավելի լավ է մեռնեմ, ինքն էլ կազատվի ինձանից, ես էլ՝ այս աշխարհից, որտեղ միայն տառապանք եմ տեսել»:

Նրա որդին՝ 17-ամյա Արսենը, աշխատում է գործարանում, և նրա վաստակածը բավականացնում է միայն հիմնական կարիքները հոգալուն, բայց ոչ Ծովինարի համար անհրաժեշտ դեղորայք գնելուն: Մայրն էլ չի ցանկանում որդուն դեղորայքի ծախսի տակ գցել:

Չնայած նրա հուսահատ վիճակին՝ լինելով «Ինքնասպանության կամրջի» կենդանի մնացած հազվադեպ անձանցից՝ Ծովինարը մի տեսակ բժշկական հրաշք է:

«Որքան էլ զարմանալի է և ոչ օրինաչափ, այդ բարձրությունից ընկած կինը մեկ շաբաթ հետո արդեն քայլում էր, - ասում է Հանրապետական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժնի վարիչ Լևոն Գրիգորյանը, - Ընդհանրապես զարմանալի է, որ նա կենդանի է մնացել»:

Հիվանդասենյակի գորշ, կեղտոտ պատից կախված խաչը Ծովինարի որդու ընկերներն են բերել:

«Ես հավատում եմ Աստծուն, բայց չեմ հասկանում, թե ինչու է նա ինձ տանջում: Ես չեմ ուզում ապրել: Մի քանի տարի առաջ էսենցիա եմ խմել, բայց էլի չեմ մահացել: Այս կամուրջն էլ վերջ չտվեց իմ տառապանքներին»:

«Մարդիկ կան, որ ուզում են ապրել ու չնչին բանից մահանում են: Ես հոգնել եմ այս կյանքից, բայց պատժվում եմ չմահանալով»:


  Inside
 

Camp Complaint: Protestors set up short-lived "city" near CEC

Full story

 
 
 
 

Election Summary: Independent agency says "electoral institutions have died"

Full story

 
 
 
 

News Views: Journalists meet to review their work during elections

Full story

 





  Photo of the week
  Blooming Mad
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Blooming Mad

March 8 is always the Day of Women in Armenia. This year, however, it was the Day of Angry Women, as a few thousand took their bouquets into the streets to protest last week's Presidential runoff election.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.