Ծովինար
Սարգսյանը ցույց է տալիս իր հիվանդասենյակի պատից
կախված փայտե խաչը և ասում, որ դա է իր ողջ մնալու
պատճառը:
«Ինձ այս խաչն է պահում, որ չեմ մահանում, - ասում
է Երևանի 53-ամյա բնակչուհին, - Երեք անգամ ինքնասպանության
փորձ եմ արել, սակայն դեռ կենդանի եմ»:
Ինքնասպանության վերջին փորձը փետրվարի 22-ին
էր: Այդ օրը Ծովինարն ուղղվեց դեպի Հրազդանի ձորի
վրա գցված Կիևյան կամուրջը (Երևանում այն հայտնի
է որպես «Ինքնասպանության կամուրջ»):
Ցերեկ էր, և կամուրջը լի էր մեքենաներով, այդ
պատճառով էլ նա սկզբից մտածում էր կյանքին վերջ
տալ իրեն ավտոմեքենայի տակ գցելով:
«Եթե մեքենայի տակ ընկնեի, իզուր ուրիշին պետք
է դժբախտացնեի, - ասում է նա, - Այդ պատճառով էլ
որոշեցի կամրջից ցած նետվել»:
«Դժվարությամբ բարձրացա կամրջի վրա: Կանգնեցի
կենտրոնում ու հիշում եմ միայն այն, որ ձեռքս ու
կողքս սարսափելի ցավում էին», - ասում է նա:
Կիևյան կամրջի բարձրությունը 76 մետր է (մոտ 250
ոտնաչափ), որը հավասար է 15-հարկանի շենքի բարձրությանը:
Տարիների ընթացքում այն դարձել է շատերի կյանքի
վերջնակետը: Ծովինարը երևի այդ կամրջից ցած նետվածներից
միակն է, որ կարող է պատմել հուսահատության ցատկի
մասին:
Նա պետք է ողջ չմնար: Կարծիք կա, որ ցատկողներից
շատերը մահանում են եթե ոչ հարվածից, ապա ընկնելու
պահին ստացած սրտի կաթվածից: Սակայն Ծովինար Սարգսյանը
վնասել է միայն կողերն ու կոտրել բազուկոսկրը:
«Ոչ ոք չի կարող ասել, թե կամրջից նետվողն ինչ
հոգեկան ապրումներ է ունեցել, գուցե նա տեսիլքներ
է փնտրել, կամ չի գիտակցել, թե ինչ է անում, - ասում
է հոգեբան Անժելա Վարդանյանը, - Այդ պատճառով էլ
բարձրությունը նրան սարսափելի չի թվացել: Ընդհանրապես,
հոգեկան վիճակն է որոշում իրավիճակի արդյունքը»:
Ծովինարն
արդեն մի քանի տարի է, ինչ տառապում է հոգեկան խանգարման
պարբերաբար կրկնվող նոպաներից, իսկ երեք շաբաթ առաջ
ինքնասպան լինելու նրա փորձն ուժեղ դեպրեսիայի վերջին
արտահայտությունն էր:
«Ես ոչ մեկին պետք չեմ, - ասում է նա, - Ոչնչով
չեմ կարող օգնել տղայիս, նրա համար միայն բեռ եմ:
Ավելի լավ է մեռնեմ, ինքն էլ կազատվի ինձանից, ես
էլ՝ այս աշխարհից, որտեղ միայն տառապանք եմ տեսել»:
Նրա որդին՝ 17-ամյա Արսենը, աշխատում է գործարանում,
և նրա վաստակածը բավականացնում է միայն հիմնական
կարիքները հոգալուն, բայց ոչ Ծովինարի համար անհրաժեշտ
դեղորայք գնելուն: Մայրն էլ չի ցանկանում որդուն
դեղորայքի ծախսի տակ գցել:
Չնայած նրա հուսահատ վիճակին՝ լինելով «Ինքնասպանության
կամրջի» կենդանի մնացած հազվադեպ անձանցից՝ Ծովինարը
մի տեսակ բժշկական հրաշք է:
«Որքան էլ զարմանալի է և ոչ օրինաչափ, այդ բարձրությունից
ընկած կինը մեկ շաբաթ հետո արդեն քայլում էր, -
ասում է Հանրապետական հիվանդանոցի վնասվածքաբանության
բաժնի վարիչ Լևոն Գրիգորյանը, - Ընդհանրապես զարմանալի
է, որ նա կենդանի է մնացել»:
Հիվանդասենյակի գորշ, կեղտոտ պատից կախված խաչը
Ծովինարի որդու ընկերներն են բերել:
«Ես հավատում եմ Աստծուն, բայց չեմ հասկանում,
թե ինչու է նա ինձ տանջում: Ես չեմ ուզում ապրել:
Մի քանի տարի առաջ էսենցիա եմ խմել, բայց էլի չեմ
մահացել: Այս կամուրջն էլ վերջ չտվեց իմ տառապանքներին»:
«Մարդիկ կան, որ ուզում են ապրել ու չնչին բանից
մահանում են: Ես հոգնել եմ այս կյանքից, բայց պատժվում
եմ չմահանալով»:
|