Անցյալ
շաբաթ երևանցի Նարինե Հարությունյանն ավտոբուսի
էր սպասում, որպեսզի գնար աշխատանքի, և նրա մտքով
անգամ չէր անցնում, որ այդ ուղևորությունը կարող
էր սովորականից տարբերվել:
Սակայն ճանապարհին՝ անվադողի պայթելու հետևանքով,
ավտոբուսը կորցրեց ղեկավարումը, և արդյունքում զոհվեցին
վարորդն ու հսկիչը, իսկ ևս չորս հոգի տեղափոխվեցին
հիվանդանոց: Նարինեն ասում է, որ վարորդը հարվածն
իր վրա վերցնելով և զոհաբերելով իրեն՝ փրկեց ուրիշների
կյանքը:
Տրանսպորտային մասնագետների հավաստմամբ, նման
ավտոբուսային վթարների թիվն աճում է պարզապես ավտոբուսների
մաշվածության պատճառով, որոնք շարունակում են շահագործվել,
քանի որ փոխարինելու հնարավորություն չկա:
Երևանի ավտոբուսների մեծ մասը շահագործվում է
ավելի քան 10 տարի, և այնպիսի փողոցներում, որոնք
ավտոբուսների նման մաշված են՝ երկարատև օգտագործման
և վերանորոգման միջոցների բացակայության պատճառով:
Այժմ Երևանի փողոցներում իշխում են միկրոավտոբուսները՝
մոտ 2400 հատ: Իսկ խորհրդային տարիներին Երևանի
ուղևորներին սպասարկում էին մոտ 500 ավտոբուսներ
(չհաշված Էլեկտրատրանսպորտը): Այժմ մնացել են միայն
65-ը: Դուրս գրված ավտոբուսներից շատերն իրենց վերջին
հանգրվանն են գտել քաղաքի անկյուններից մեկում գտնվող
ժանգոտող գերեզմանոցում:
«Եթե նույնիսկ ֆինանսական այս սուղ պայմաններում
միջոցներ հայթայթվեին նոր ավտոբուսների մեծ քանակություն
գնելու համար, դա անիմաստ կլիներ, քանի որ այս համակարգը
վնասով է աշխատում, - ասում է Երևանի տրանսպորտի
վարչության պետ Արեգ Բարսեղյանը, - Հետագայում դրանք
պահելու գումար չենք ունենա»: (Ավտոբուսների շահագործման
հետ կապված պարտքը ներկայումս կազմում է մոտ 20
հազար դոլար:)
Այդուհանդերձ, հաջողության որոշ անիվներ գլորվելով
հասել են Երևան՝ Ֆրանսիայից:
Լիոնի
և Երևանի միջև համագործակցության արդյունքում անցյալ
շաբաթ մայրաքաղաք են ժամանել «Ռենո» մակնիշի 10
ավտոբուսներ, որոնց շահագործումը կսկսվի շուտով:
Ավտոբուսները նոր չեն, սակայն ոչ էլ այնքան հին
են, որքան ներկայումս երթևեկողները: Ավտոբուսները
Երևանի համար գնել է Լիոնի հայ համայնքը խորհրդանշական
գնով՝ յուրաքանչյուրը 1500 եվրո (մոտ1360 դոլար):
Ըստ Բարսեղյանի, չնայած այդ ավտոբուսները «դուրս
գրված» են, դրանք բարվոք վիճակում են և մինչև Երևան
բերվելն անցել են տեխնիկական անվտանգության զննում
և կապիտալ վերանորոգվել են:
10 ավտոբուսը (յուրաքանչյուրն ունի 29 նստատեղ
և կանգնելու լրացուցիչ տարածք) այն քանակը չէ, որ
զգալի ազդեցություն ունենա 2400 միկրոավտոբուսների
անկանոն երթևեկության վրա, սակայն Բարսեղյանն ասում
է, որ դրանք գոնե «քաղաքակիրթ» սպասարկման ինչ-որ
հնարավորություն կստեղծեն:
Երևանի և Լիոնի միջև կնքված պայմանագիրը նախատեսում
է մինչև տարեվերջ մայրաքաղաք բերել ևս 30 նման ավտոբուս:
Բարսեղյանն ասում է, որ թեև ֆրանսիական ավտոբուսները
ժամանակի հետ բախվելու են նույն խնդիրների հետ,
ինչ այժմ շահագործվողները, «մենք պետք է ուրախ լինենք
նրանց, քանի որ շուրջ 15 տարի ավտոբուս չենք ստացել»:
Նա ավելացրեց, որ Երևանի մոտ 13000 բնակիչներ
քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն
ունեն, և նրանց համար «այս տարբերակը փրկություն
է»:
|