ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 14, 2003 




Ծաղիկների ուժը. կանանց պատվելու միամսյակը գեղեցիկ ընդմիջում է քաղաքականությունից


Երբ Գեղարդ գյուղի բնակիչ (Կոտայքի մարզ) Անահիտ Հարությունյանը հիշեցրեց իր 11-ամյա դուստր Սոնային, որ հարկավոր է գյուղի մոտակա դաշտից ձնծաղիկներ հավաքել, փոքրիկն անչափ ուրախացավ:

Նա հիշեց, որ մոտենում է տարվա այն օրը, երբ իրենք ձնծաղիկներ են տանում Երևան և վաճառում սովորականից թանկ գնով:

«Մարտի 8-ին շուրջ 150 կապ ձնծաղիկներ ենք բերում և Սոնայի հետ միասին մայրաքաղաքի փողոցներում վաճառում: Մարդիկ գնում են 150-200 դրամով և գոհ հեռանում», - ասում է Անահիտը:

Շատերի համար նման ծաղիկները մատչելի նվեր են, քանզի մարտի 8-ին ծաղիկների գներն արհեստականորեն բարձրացվում են: Եվ այդ բարձր գները պահպանվում են մինչև ապրիլի 7-ը՝ կանանց նվիրված հաջորդ տոնը:

«Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն է տևում այն տոնական միամսյակը, երբ ծաղկավաճառների գործը բավականին լավանում է, - ասում է ծաղկավաճառ Գևորգ Մուրադյանը, - Հաճախ էլ, երբ զգում ենք, որ գնորդի համար բարձր գինը ոչինչ չի նշանակում, մի քիչ էլ խորամանկում ու ավելի ենք բարձրացնում: Մեկ է՝ առնելու են»:

Անցյալ տարի Հայաստանի Ազգային Ժողովն ավելացրեց պետական տոներին մարտի 8-ը, որպես Կանանց միջազգային օր՝ պահպանելով ապրիլի 7-ի տոնը, որպես Մայրության և գեղեցկության օր:

Հայ կանայք ու աղջիկները հպարտանում են իրենց առավելությամբ: Նրանք պաշտոնապես կրկնակի շնորհավորանքներ, նվերներ ու ծաղիկներ են ստանում:

«Այս միամսյակը կանանց պարգևում է երջանկության լիակատար զգացողություն, - ասում է մանկավարժ Գայանե Բաբասյանը, - Այս երկու տոները մեր կանանց կյանքում շատ բան են փոխում: Այսօր ինձ առանձնահատուկ լավ եմ զգում: Թվում է, օրը պարզապես իմն է»:

Նաիրա Վարդանյանն աշխատում է զորամասում որպես հեռախոսավարուհի: Նա շատ գոհ է կանանց նվիրված երկու տոներից:

«Մեզ չմոռացան հիշեցնել, որ ավելի մեծ անակնկալի կարժանանանք ապրիլի 7-ին: Մենք էլ անհամբերությամբ սպասելու ենք», - ասում է նա:

Տոնական միամսյակը հնարավորություն է տալիս հայ տղամարդկանց ցույց տալ իրենց սերը կանանց նկատմամբ: Այդ զգացմունքները շատ լավ է ձևակերպել հաշվապահ Ալբերտ Առաքելյանը. «Կանայք մեզ համար ամեն ինչ են, առանց նրանց մենք չկանք: Գեղեցիկ սեռին հարկավոր է տարվա 366 օրն էլ ծաղիկներ նվիրել»:

Նրանք, ովքեր այս տարի զլացել են կատարել իրենց պարտականությունները մարտի 8-ին, սխալն ուղղելու հնարավորություն կստանան մեկ ամիս հետո:

Ծաղկավաճառները չեն բողոքում մեծ վաճառքի լրացուցիչ օրից, քանի որ ակնկալում են իրենց փնջերի համար ստանալ 3000-ից մինչև 25000 դրամ:

Անցյալ շաբաթ օրը (մարտի 8-ը) կանանց պատվելու միամսյակի սկիզբն էր, երբ տղամարդիկ, ինչպես Ռոբերտ Մարտիրոսյանը, արտահայտում են իրենց զգացմունքները ծաղիկներով:

«Տղամարդիկ այս օրերին պետք է հատկապես ուշադիր ու պատասխանատու լինեն: Ես կնոջս նվիրելու եմ խոլորձների (օրխիդեա) այս հրաշալի փունջը, որն ասում է ամեն ինչ», - ասում է նա:

Ընտրությունների այս թեժ տարում կանանց տոնական միամսյակը, կարծես, ճիշտ ժամանակին էր:

«Ես կարևորում եմ այս հարաբերական դադարի նշանակությունը, - ասում է Արմեն Մկրտչյանը, որը քաղաքականության մոլի սիրահար է, սակայն նաև ողջունում է կանանց տոները, - Մարտի ութից մինչև ապրիլի յոթի ժամանակահատվածն անջրպետում է նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Պատեհ առիթ է նոր լիցքեր հավաքելու համար»:

Նրա կին Էլյա Հակոբյանն անչափ ուրախ է. «Օդն այնքան էր շիկացել քաղաքականությունից, որ տղամարդիկ մեզ իսպառ մոռացության էին մատնել: Զարմացա, երբ ամուսինս տուն եկավ ծաղկեփնջով»:


  Inside
 

Camp Complaint: Protestors set up short-lived "city" near CEC

Full story

 
 
 
 

Election Summary: Independent agency says "electoral institutions have died"

Full story

 
 
 
 

News Views: Journalists meet to review their work during elections

Full story

 





  Photo of the week
  Blooming Mad
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Blooming Mad

March 8 is always the Day of Women in Armenia. This year, however, it was the Day of Angry Women, as a few thousand took their bouquets into the streets to protest last week's Presidential runoff election.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.