Երբ
Գեղարդ գյուղի բնակիչ (Կոտայքի մարզ) Անահիտ Հարությունյանը
հիշեցրեց իր 11-ամյա դուստր Սոնային, որ հարկավոր
է գյուղի մոտակա դաշտից ձնծաղիկներ հավաքել, փոքրիկն
անչափ ուրախացավ:
Նա հիշեց, որ մոտենում է տարվա այն օրը, երբ իրենք
ձնծաղիկներ են տանում Երևան և վաճառում սովորականից
թանկ գնով:
«Մարտի 8-ին շուրջ 150 կապ ձնծաղիկներ ենք բերում
և Սոնայի հետ միասին մայրաքաղաքի փողոցներում վաճառում:
Մարդիկ գնում են 150-200 դրամով և գոհ հեռանում»,
- ասում է Անահիտը:
Շատերի համար նման ծաղիկները մատչելի նվեր են,
քանզի մարտի 8-ին ծաղիկների գներն արհեստականորեն
բարձրացվում են: Եվ այդ բարձր գները պահպանվում
են մինչև ապրիլի 7-ը՝ կանանց նվիրված հաջորդ տոնը:
«Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն է տևում այն տոնական
միամսյակը, երբ ծաղկավաճառների գործը բավականին
լավանում է, - ասում է ծաղկավաճառ Գևորգ Մուրադյանը,
- Հաճախ էլ, երբ զգում ենք, որ գնորդի համար բարձր
գինը ոչինչ չի նշանակում, մի քիչ էլ խորամանկում
ու ավելի ենք բարձրացնում: Մեկ է՝ առնելու են»:
Անցյալ տարի Հայաստանի Ազգային Ժողովն ավելացրեց
պետական տոներին մարտի 8-ը, որպես Կանանց միջազգային
օր՝ պահպանելով ապրիլի 7-ի տոնը, որպես Մայրության
և գեղեցկության օր:
Հայ կանայք ու աղջիկները հպարտանում են իրենց
առավելությամբ: Նրանք պաշտոնապես կրկնակի շնորհավորանքներ,
նվերներ ու ծաղիկներ են ստանում:
«Այս միամսյակը կանանց պարգևում է երջանկության
լիակատար զգացողություն, - ասում է մանկավարժ Գայանե
Բաբասյանը, - Այս երկու տոները մեր կանանց կյանքում
շատ բան են փոխում: Այսօր ինձ առանձնահատուկ լավ
եմ զգում: Թվում է, օրը պարզապես իմն է»:
Նաիրա Վարդանյանն աշխատում է զորամասում որպես
հեռախոսավարուհի: Նա շատ գոհ է կանանց նվիրված երկու
տոներից:
«Մեզ չմոռացան հիշեցնել, որ ավելի մեծ անակնկալի
կարժանանանք ապրիլի 7-ին: Մենք էլ անհամբերությամբ
սպասելու ենք», - ասում է նա:
Տոնական
միամսյակը հնարավորություն է տալիս հայ տղամարդկանց
ցույց տալ իրենց սերը կանանց նկատմամբ: Այդ զգացմունքները
շատ լավ է ձևակերպել հաշվապահ Ալբերտ Առաքելյանը.
«Կանայք մեզ համար ամեն ինչ են, առանց նրանց մենք
չկանք: Գեղեցիկ սեռին հարկավոր է տարվա 366 օրն
էլ ծաղիկներ նվիրել»:
Նրանք, ովքեր այս տարի զլացել են կատարել իրենց
պարտականությունները մարտի 8-ին, սխալն ուղղելու
հնարավորություն կստանան մեկ ամիս հետո:
Ծաղկավաճառները չեն բողոքում մեծ վաճառքի լրացուցիչ
օրից, քանի որ ակնկալում են իրենց փնջերի համար
ստանալ 3000-ից մինչև 25000 դրամ:
Անցյալ շաբաթ օրը (մարտի 8-ը) կանանց պատվելու
միամսյակի սկիզբն էր, երբ տղամարդիկ, ինչպես Ռոբերտ
Մարտիրոսյանը, արտահայտում են իրենց զգացմունքները
ծաղիկներով:
«Տղամարդիկ այս օրերին պետք է հատկապես ուշադիր
ու պատասխանատու լինեն: Ես կնոջս նվիրելու եմ խոլորձների
(օրխիդեա) այս հրաշալի փունջը, որն ասում է ամեն
ինչ», - ասում է նա:
Ընտրությունների այս թեժ տարում կանանց տոնական
միամսյակը, կարծես, ճիշտ ժամանակին էր:
«Ես կարևորում եմ այս հարաբերական դադարի նշանակությունը,
- ասում է Արմեն Մկրտչյանը, որը քաղաքականության
մոլի սիրահար է, սակայն նաև ողջունում է կանանց
տոները, - Մարտի ութից մինչև ապրիլի յոթի ժամանակահատվածն
անջրպետում է նախագահական և խորհրդարանական ընտրությունները:
Պատեհ առիթ է նոր լիցքեր հավաքելու համար»:
Նրա կին Էլյա Հակոբյանն անչափ ուրախ է. «Օդն այնքան
էր շիկացել քաղաքականությունից, որ տղամարդիկ մեզ
իսպառ մոռացության էին մատնել: Զարմացա, երբ ամուսինս
տուն եկավ ծաղկեփնջով»:
|