ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 7, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Հարգելի պրն Քոչարյան,

Շնորհավորում եմ ձեզ չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու կապակցությամբ: Մինչ ես գրում եմ այս տողերը, ընդդիմությունը շարունակում է պնդել, որ դուք չեք հաղթել, սակայն նրանք ասում էին նույն բանն առաջին փուլի մասին, և ոչինչ չփոխվեց:

Դուք գիտեք, իհարկե, որ շատերին չեն գոհացնում այն միջոցները, որոնք ձեզ հաղթանակ ապահովեցին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեր առավելությունն այդքան մեծ էր՝ 35 տոկոս, ինչու՞ էր պետք ստվեր գցել ձեր նվաճման վրա այդքան մեծաթիվ անօրինականություններով: Այն, ինչ կարող էր լինել ժողովրդի մանդատ, դարձավ երկրորդ փուլ՝ աստղանիշով:

Ինչևէ: Սկսվել է նոր օր և նոր պաշտոնավարման ժամկետ, և քանի որ քվեատուփերը լցոնող թափթփուկները և վայրահաչ հետադիմականները ժողովրդի մեծամասնությունը չեն կազմում, կյանքը կշարունակվի իր սովորական ընթացքով:

Հիմա դուք հնարավորություն ունեք ցույց տալու մեզ, թե ով եք: Այժմ, երբ դուք ձերբազատված եք հաջորդ հինգ տարիներն ապահովագրելու կարիքից, արդյոք մենք կտեսնե՞նք մի մարդու, որն ավելի քիչ է հավասարվում իշխանության միջնորդներին և ավելի շատ է մտահոգվում հասարակ մարդկանցով:

Այն, հնարավոր է մեծաթիվ մարդիկ, որոնք ցանկանում են հավատալ ձեզ, սակայն դժվարանում են մարդու իրավունքների բնագավառում ձեր թերացումների պատճառով, սպասում են, որպեսզի տեսնեն, արդյոք ձեզ հեռու կպահեք այն մարդկանցից, որոնք կարող են ձեզ սխալ ուղու դրդել այդ բնագավառներում, սակայն որոնց ներկայությունը ձեր ճամբարում ապահովել է ձեր վերընտրությունը:

Իմ սփյուռքահայ ընկերներից մեկը զանգահարեց ինձ ընտրությունների օրը, որպեսզի հարցնի, թե ինչպես է ընթանում քվեարկությունը: Ես ասացի, որ կրկնվում է փետրվարի 19-ը:

«Ես լսել եմ, որ Քոչարյանը վատ տղա չէ, բայց շրջապատված է վատ տղերքով, - ասաց իմ ընկերը, - Բայց եթե գլխավորը նա է, ինչու՞ չի ազատվում այդ վատ տղերքից»:

Այս ամենը «լավ տղերք/վատ տղերք»-ի հանգեցնելը, իհարկե, չափազանց պարզունակ մոտեցում է, սակայն չե՞ք կարծում, որ այդ հարցը տեղին է:

Ցույց տվեք մեզ, որ ձեր ընտրական «Աշխատենք միասին» կարգախոսը սոսկ կարգախոս չէ: «Աշխատենք»-ը պետք է ներառի նաև նրանց, ովքեր չափազանց հաճախ «նրանք» են, ովքեր հնարավորություն չունեն արժանանալու ձեր ուշադրությանը:

Իսկ այս ամենն իշխանության հարց է, այնպես չէ՞: Իմ մարդիկ ավելի ուժեղ են, քան քո մարդիկ: Իմ «Մերսեդեսն» ավելի նոր է, քան քո «Մերսեդեսը»: Իմ սև վերարկուներն ավելի երկար են, քան քո սև վերարկուները...

Գոնե օտարերկրյա դիտորդների աչքերում (իսկ դա կարևոր է՝ հաշվի առնելով հարաբերությունները Եվրոպայի Խորհրդի հետ), ձեր ուժեղ մարդիկ ձեզ լավություն չեն անում, պրն նախագահ:

Ձեր պաշտպանության նախարարն ապահովեց քվեները, սակայն ինչպե՞ս դա անդրադարձավ ձեր միջազգային վարկանիշի վրա:

Իսկ ձեր վարչապետը... եկեք պարզապես ասենք, որ մարմնեղությունը չի կարող առաջնորդի չափանիշ լինել, ինչպես հաբ կուլ տալը չի կարող ապացուցել տղամարդկային կարողությունը:

«Խամաճիկ նախագահը» պատվաբեր տիտղոս չէ: Թույլ մի տվեք, որ այն ձերը դառնա:

Անկախ Հայաստանը ձեր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում պատանի կդառնա: Դուք ծնող եք, դուք գիտեք, որ դրանք դժվար տարիներ են, պահանջում են համբերություն և բնավորության այնպիսի գծեր, որոնք խստության և հանդուրժողականության գրեթե անհնար խառնուրդ են: Իսկ լավագույն երեխաներ մեծացնում են այն ծնողները, ովքեր իրենք պատրաստ են աճել նրանց հետ:

Դուք վայելում եք այնպիսի ժողովուրդ առաջնորդելու առավելությունը, որի համար հայրենասիրությունը շարունակում է արժեք ունենալ:

Ես մեծացել եմ Միացյալ Նահանգների Ալաբամա նահանգում, ձեր հայրենի Ղարաբաղի Մարտունու չափ մի գյուղում: Ամենամոտ քաղաքը, ձեր հայրենի Ստեփանակերտի նման, կրում էր 1812 թվականի պատերազմի հերոս Կոմոդոր (հրամանատար) Սթիվեն Դեկատուրի անունը:

Առաջին թերթը, որ ես կարդացի (և հնարավոր է դա է պատճառը, որ մինչև հիմա լրագրող եմ, թեև Դեկատուրն այստեղից շա՜տ հեռու է), ամեն օր լույս էր տեսնում մի կագախոսով, որն իրենից ներկայացնում էր փոփոխված մեջբերում Կոմոդորից.

«Իմ երկիրը՝ թող այն միշտ ճիշտ լինի, բայց ճիշտ, թե սխալ՝ սա է իմ երկիրը»:

Ես վաղուց համաձայն չեմ այս կույր տեսակետի հետ: Սակայն այստեղ շատերն են կիսում ամերիկացի ռազմիկի վերաբերմունքն իր հայրենիքի նկատմամբ: Դուք պարտավոր եք պատվարժան նախագահ դառնալ նրանց համար:

Երբ հանդարտվի այս օրերի զայրույթը, երբ Մաշտոցը բողոքի ամբիոնից նորից վերածվի առևտրի պողոտայի, շինարարները կվերսկսեն ձնից ազատված մայրաքաղաքի դիմահարդարումը, և սրճարանային եռուզեռը փոխարինելու կգա քաղաքական հանրահավաքներին:

Կյանքը Հայաստանում կվերադառնա իր նորմալ ընթացքին: Դուք հնարավորություն ունեք փոխել «նորմալ» բառի իմաստն այն հազարների համար, ովքեր ապրում են աննորմալ պայմաններում: Խնդրում եմ, փորձեք վաստակել այն մարդկանց հարգանքը, ովքեր ազնվորեն քվեարկել են ձեր օգտին: Եվ, խնդրում եմ, փորձեք արժանանալ այն մարդկանց ներողությանը, ում իրավունքները ոտնահարել են, որպեսզի ապահովեն ձեր հաղթանակը:


  Inside
 

Between the Lines: What local and international press has said this week

Full story

 
 
 
 

Arrests made in death of popular television journalist

Full story

 
 
 
 

Step Forward?: New report another argument for genocide recognition

Full story

 





  Photo of the week
  Head of State
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Head of State

President Robert Kocharyan was elected to a second term.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.