Հինգշաբթի
օրն իրավապահ մարմինները հրաժարվեցին հրապարակել
այն վեց անձանց անունները, որոնք, նրանց իսկ հայտարարությամբ,
ձերբակալվել էին նախորդ օրն անցյալ դեկտեմբերին
Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի
խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության մեջ
մասնակցության կասկածանքով:
Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գուրգեն
Ամբարյանը հայտնեց «Ազատություն» ռադիոկայանին,
որ «հետաքննության շահերից ելնելով» նրանց ինքնությունը
չի հրապարակվում: Ըստ Ամբարյանի, իրավապահ մարմինները
ներկայումս իրականացնում են մի քանի այլ կասկածյալների
հետախուզումը: Նրա հավաստմամբ, օրվա ընթացքում բոլոր
ձերբակալվածներին պաշտոնապես մեղադրանք կներկայացվի՝
սպանության պլանավորում և իրականացում:
ՀՀ ոստիկանության նախորդ երեկո արված հայտարարության
մեջ նշվում էր, որ ձերբակալվածների թվում է այն
մարդը, ով դեկտեմբերի 29-ին գլխին ուղղված մեկ կրակոցով
անձամբ սպանել է Նաղդալյանին: Ոստիկանությունը հայտնում
է, որ իրենք նաև գտել են ռոսական «ՏեՏե» տեսակի
ատրճանակը, որը լայնորեն կիրառվում է պատվիրված
սպանություններում ամբողջ նախկին Խորհրդային Միության
տարածքում:
Ձերբակալությունների մասին լուրը համընկավ ընտրությունների
առաջին արդյունքների հրապարակմանը, որը ցույց էր
տալիս, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախագահության
համար ընտրապայքարում գերազանցում է իր հակառակորդին:
Այն վախ առաջ բերեց ընդդիմության ակտիվիստների մեջ,
որ իշխանությունները կարող են օգտագործել այդ չբացահայտված
գործը՝ ընտրակեղծիքների մեղադրանքները խլացնելու
և ընդդիմության դեմ հալածանքներ սկսելու համար:
Կարծիքներ էին հայտնվում, որ ձերբակալված կասկածյալներին
կարող են կապել «Հանրապետություն» կուսակցության
հետ, որն ուժեղ աջակցություն է ցույց տալիս նախագահի
ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանին:
Սակայն «Հանրապետության» ղեկավարները հայտնեցին
«Ազատություն» ռադիոկայանին, որ կատեգորիկ կերպով
մերժում են այդ ասեկոսեները: «Իմ մերձավորներից
ոչ մեկը չի ձերբակալվել», - ասաց նախկին վարչապետ
և Քոչարյանի մոլի հակառակորդ Արամ Սարգսյանը:
«Մեր անդամներից ոչ մեկը չի կարող որևէ կերպ կապված
լինել Տիգրան Նաղդալյանի սպանության հետ, - հաստատեց
կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, - Ես չեմ
հասկանում, թե ինչու են այդ լուրը հիմա հաղորդում:
Ինչու՞ է այն համընկել ընտրությունների հետ»:
Նաղդալյանը Քոչարյանի հավատարիմ աջակիցն էր, և
նախագահի որոշ նվիրված կողմնակիցներ ենթադրություններ
էին անում այդ սպանությանն ընդդիմության մեղսակցության
մասին: Սակայն հետաքննությունը, որ վարում են իրավապահ
մարմինները, մինչև այս շաբաթ ոչ մի արդյունք չէր
տվել:
|