ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 7, 2003 




Մեկ քայլ առա՞ջ. նոր զեկույցը դառնում է ևս մեկ փաստարկ հօգուտ ցեղասպանության ճանաչմանը


Iskandaryan says the neutrality of authors is significant.Երևանից ավտոբուսով Ստամբուլ հասնելու համար առնվազն երկու օր է պահանջվում, թեև թուրքական սահմանը երևում է հայկական շատ տներից: Երթուղին անցնում է Բաթումով, որը դարձնում է ճամփորդությունն էլ ավելի երկար ու ավելի տանջալից, քանի որ Վրաստանի ճանապարհները կիսաքանդ են: Միգուցե դա ամենահեշտ ճամփորդությունը չէ այս տարածաշրջանում, սակայն խիստ անհրաժեշտ է որոշ հայաստանցիների համար, որոնք ապրուստ են վաստակում թուրքական ապրանքների առևտրով:

Թշնամանքը երկու պետությունների միջև առևտրականներին գրեթե չի հուզում, սակայն բարդացնում է նրանց կյանքը:

Թեև Հայաստանի և Թուրքիայի պատմություններում կա ընդհանուր ժամանակաշրջան, այս երկու երկրների հարաբերություններն արդի փուլում արգելակված են երկու հարցով՝ Ղարաբաղյան հակամարտություն և ցեղասպանություն:

Սակայն ցեղասպանության վերաբերյալ ակտիվ բանավեճերը նոր հույսեր են առաջ բերել այն հայերի մեջ, ովքեր հետևում են վերջերս իրականացված իրավական վերլուծության արդյունքներին:

Անցյալ ամիս Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը՝ հաստատություն, որն աջակցում է այն երկրներին, որոնք հետամուտ են արդարության հաստատմանը մարդու իրավունքների ոտնահարման դեպքերում, հրապարակել է մի զեկույց, որը հիմնավորում է «ցեղասպանություն» եզրի կիրառելիությունն անցյալ դարասկզբին Թուրքիայում իրականացված գործողությունների նկատմամբ:

Վերլուծությունն իրականացվել է Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի (ԹՀՀՀ) խնդրանքով և ունի հստակ իրավական՝ ոչ պատմական կամ փաստացի, բնույթ:

Այն ապացուցում է, որ հայկական բնակչության արական հատվածի մեծ մասի սիստեմատիկ բնաջնջումը և մնացած մասի բռնի արտաքսումն Օսմանյան կայսրությունից 1915 թվականին համապատասխանում է Միացյալ Ազգերի Ցեղասպանության կոնվենցիայի առաջին հոդվածում ձևակերպված առնվազն երեք չափանիշներին:

Դրանք են՝ «(1) սպանվել են մեկ կամ ավելի մարդիկ; (2) այդ մարդիկ պատկանել են որոշակի ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի; և (3) այդ գործողությունները տեղի են ունեցել այդ խմբի դեմ ուղղված նմանատիպ գործողությունների ակնհայտ ծրագրի համատեքստում»:

Ըստ վերլուծության, անհամաձայնության միակ հարցն այն է, արդյոք այդ գործողություններն իրականացվել են հայերին որպես ազգային, էթնիկական կամ կրոնական խումբ ոչնչացնելու մտադրությամբ:

Սակայն վերլուծության հեղինակները եկել են այն եզրակացության, որ «այդ հանցագործությունների առնվազն որոշ կատարողներ գիտեին, որ իրենց գործողությունների հետևանքը կարող է լինել արևելյան Անատոլիայի հայերի ամբողջական կամ մասնակի ոչնչացումը որպես այդպիսին, կամ էլ գիտակցաբար հետապնդում էին այդ նպատակը, և, հետևաբար, ունեին պահանջվող ցեղասպանության մտադրությունը»:

Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ այս հետազոտությունն ուժեղ խթան կհանդիսանա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման համար, թեև արդեն առկա են մի շարք այլ նվաճումներ անցյալ տարիներից:

«Ամենակարևորն այն է, որ այս վերլուծությունը ցեղասպանության քաղաքական, այլ ոչ թե պատմական, հաստատում է, որն արտաքին աշխարհն արդեն ընդունել է տարիներ առաջ», - ասում է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, որը նաև շեշտում է, որ վերլուծության հեղինակների չեզոքությունը նույնպես կարող է ուժեղ ազդեցություն ունենալ այս հարցի շուրջ հետագա բանավեճերի վրա:

Սակայն ավելի ուշարժան է այն փաստը, որ հետազոտություն անցկացնելու միացյալ խնդրանքով դիմել են ԹՀՀՀ-ի հայկական և թուրքական կողմերը, ինչը Իսկանդարյանը համարում է աննախադեպ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը և Թուրքիան ընդհանրապես չունեն դիվանագիտական հարաբերություններ:

ԹՀՀՀ-ն ստեղծվել է երկու տարի առաջ, և նրա կազմի մեջ են մտնում երկու երկրների մի շարք նախկին պետական պաշտոնյաներ՝ նախկին արտգործնախարարներ և դեսպաններ, ինչպես նաև երկու ազգերի սփյուռքերի ներկայացուցիչներ Ռուսաստանից և ԱՄՆ-ից:

Հանձնաժողովի անդամներն իրենք ընդունում են, որ ցեղասպանության հարցը երբեք հեշտ հարց չի եղել, և նախկինում բազմիցս փորձեր են արվել անկախ հետազոտություն անցակցնել: ԹՀՀՀ-ի դիմումն ընդունվել է անցյալ հունիսին, և հետազոտությունն իրականացվել է հաջորդ վեց ամիսների ընթացքում:

«Այս փուլին հասնելու համար նրանց ժամանակ էր պետք», - ասում է Իսկանդարյանը:

Իսկապես, նման նուրբ հարցի պարագայում արագ արդյունքներ ակնկալել չի կարելի, նախ և առաջ, որովհետև ցեղասպանության վերաբերյալ բանավեճերը համեմատաբար վերջերս են սկսվել Հայաստանում, քանի որ Խորհրդային Միության օրոք այն արգելված թեմա էր:

Նույնիսկ այժմ բազմաթիվ քաղաքական նկատառումներ թույլ չեն տալիս երկու կառավարություններին վճռական որոշումներ կայացնել, և այդ պատճառով էլ քաղաքացիական հասարակությունները փորձում են առաջնորդի դեր ստանձնել այդ հարցում:

Ոմանց այս հետազոտությունը հույս է ներշնչում: Սակայն շատերը համարում են այն հերթական տեսական ուսումնասիրություն, որը երաշխիք չի դառնա, որ երկու պետությունները գան համաձայնության և անմիջապես սկսեն համագործակցել:

Թեև Իսկանդարյանը համարում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների առաջին խոչընդոտը ցեղասպանության հարցն է, պաշտոնատար անձինք ասում են, որ այդ հարցը երբեք նախապայման չի եղել երկխոսություն սկսելու համար:

«Ես չգիտեմ, արդյոք կոնկրետ այս հետազոտությունը կմեծացնի ցեղասպանության ճանաչման հավանականությունը Թուրքիայի կառավարության կողմից, - ասում է Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը, - սակայն ես գիտեմ, որ որքան շատ երկրներ ընդունեն 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն, այնքան ավելի կմեծանա ցեղասպանության ճանաչման հավանականությունը Թուրքիայի կողմից»:

Տեսաբանները նաև չեն կարծում, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն անմիջապես կբացի և կկենդանացնի երկաթուղային և ավտոմայրուղիները, կամ ապրանքների աշխույժ հոսք առաջ կբերի Հայաստանի և Թուրքիայի միջև: Սակայն նման փաստաթղթերն առնվազն առաջ են բերում նոր քննարկումներ, և վաղ թե ուշ, դրանք կարող են նաև դրդել կառավարություններին քայլեր ձեռնարկել միմյանց հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:


  Inside
 

Between the Lines: What local and international press has said this week

Full story

 
 
 
 

Arrests made in death of popular television journalist

Full story

 
 
 
 

Step Forward?: New report another argument for genocide recognition

Full story

 





  Photo of the week
  Head of State
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Head of State

President Robert Kocharyan was elected to a second term.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.