Երևանը
շուտով չի կարողանալու տեղ հատկացնել իր հանգուցյալներին:
Առնվազն մեկ մասնագետի կարծիքով, եթե չփոխվեն պայմաններն
ու սովորույթները, գալիք երկու տասնամյակում մայրաքաղաքը
կարող է վերածվել «գերեզմանների երկրի»:
«Երևանում գերեզմանատների վիճակը խիստ անմխիթար
է, - ասում է քաղաքի թաղման բյուրոյի տնօրեն Գառնիկ
Աղաջանյանը, - Եթե նոր գերեզմանատներ չբացվեն, ապա
կկանգնենք փաստի առաջ և մոտ մեկ տարի հետո հուղարկավորելու
տեղ չենք ունենա»:
Այսօր Երևանի 18 գերեզմանատներից 14-ը համարվում
են փակ, քանի որ լիքն են և ընդլայնվելու հնարավորություն
այլևս չունեն: Հուղարկավորման համար նոր հողատարածքներ
հատկացվում են ընդամենը չորս գերեզմանատներում,
որոնք, ըստ թաղման բյուրոյի, նույնպես շուտով փակ
կհամարվեն:
Ի պատասխան այս ճգնաժամի, Հայաստանի կառավարությունը
Երևանի քաղաքապետարանին 87 հա հողատարածք է տրամադրել
3 նոր գերեզմանատների համար:
Մայրաքաղաքում օրական միջին հաշվով կատարվում
է 20 հուղարկավորություն:
Սակայն տարածքի պակասի պատճառը ոչ թե հուղարկավորությունների
քանակն է, այլ գերեզմանների համար հատկացված տարածքների
չափսերը: Յուրաքանչյուր գերեզմանոցի համար նախատեսվում
է 10 քմ տարածք, սակայն հաճախ ընտանիքները քարապատում
են երկու-երեք անգամ ավելի մեծ հողատարածքներ՝ հարազատների
համար: Աղաջանյանն ասում է, որ որոշ գերեզմանատների
վարիչներ ազատվել են պաշտոնից նման խախտումներ թույլատրելու
համար:
Միևնույն ժամանակ, նրա հավաստմամբ, գերեզմանատներում
այլևս հնարավոր չէ սահմանափակել նման զավթումները,
քանի որ մեծ գերեզմանները տեսնելով՝ ընտանիքները
պահանջում են իրենց էլ նման տարածքներ հատկացնել:
Վերջին տասնամյակի ընթացքում խորհրդային ժամանակներից
պահպանված կոկիկ տապանաքարով և փոքր հողակտորով
գերեզմանոցների կողքին սնկի պես աճել են անկախ Հայաստանի
նորաձև գերեզմանոցները:
«Երևանում գերեզմաններ կան, որոնք կարելի է արվեստի
գործ համարել, - ասում է «Կտևան» ՍՊԸ քարի մշակման
արտադրամասի տնօրեն Կարեն Դարբինյանը, - Դրանք արվեստի
իսկական գործեր են՝ ստեղծված ճարտարապետների և քանդակագործների
կողմից: Սակայն իրականում այդպիսի արժեքավոր գործերն
ընդամենը քամուն տրված փողեր են և ոչ մի արժեք չեն
ներկայացնում, քանի որ գտնվում են գերեզմանատների
տարածքում»:
Մայրաքաղաքում
սովորական տապանաքար կարելի է գնել մոտ 200 ԱՄՆ
դոլարով: Սակայն վերջերս ընտանիքները 1000-1200
դոլար գումար են ծախսում գերեզմանների վրա, ինչը
հաճախ կապված է լինում մեծ զոհողությունների հետ:
Իսկ Երևանի նորահարուստները երբեմն մինչև 100000
դոլար են վճարում թանկ քարատեսակներից հուշարձաններ
կառուցելու համար:
Հոգեբաններն այս երևույթները վերագրում են զարգացման
գործընթացին:
«Փոփոխությունների այս ժամանակաշրջանում մենք
հրաժարվել ենք մեր կուռքերից, մերժել ենք այն ամենն,
ինչ ունեցել ենք ժամանակին, ներկայումս նոր չափանիշներ
ենք ընտրում, - ասում է հոգեբանական գիտությունների
թեկնածու, դոցենտ, հոգեվերլուծաբան Անժելա Վարդանյանը,
- Փոխվել է մեր սոցիալական համակարգը, եթե նախկինում
հարուստ լինելուց վախենում էին, քանի որ կարող էին
ցանկացած պահի կալանավորել, ապա այժմ դա ուժի, հզորության
և գեղեցկության խորհրդանիշ է, որն արտացոլվում է
նաև այս բնագավառում»:
«Իհարկե, կան մարդիկ, որոնք գնում են օտար երկրներ՝
ծանր աշխատանքով գումար վաստակելու, որպեսզի հետո
այդ գումարով մտերիմի շիրիմը սարքեն և հետո կրկին
քաղցած նստեն: Բայց դա չափազանց կարևոր է նրանց
համար, և մենք պետք է հարգենք նրանց այդ իրավունքը»:
Երևանի նոր գերեզմանոցները լինելու են քաղաքի
երեք ծայրերում, և թաղման բյուրոյի տնօրենի հավաստմամբ,
դրանցում խստորեն պահպանվելու են նախատեսված չափսերը:
«Շուտով Ազգային Ժողովը պետք է ընդունի հուղարկավորության
մասին օրենքը, ըստ որի չորս հոգանոց ընտանիքին տրվում
է ոչ ավելի քան 10 քառակուսի մետր հողատարածք»,
- ասում է Աղաջանյանը:
Այնուհանդերձ, նա համարում է, որ սա խնդրի կարճաժամկետ
լուծում է:
«Մեր հաշվարկներով, 87 հա տարածքը կբավականացնի
տասը տարի, որից հետո կրկին նոր հողատարածքի կարիք
կունենանք, - ասում է Աղաջանյանը, - Եթե նման տեմպերով
շարունակվի, ապա 20-30 տարի հետո Երևանը կվերածվի
«գերեզմանների երկրի», իսկ դրա միակ փրկությունը
դիակիզարան ունենալն է»:
Տնօրենի հավաստմամբ, դիակիզարանի ստեղծումը պահանջում
է մոտ 1 միլլիոն դոլար, իսկ դա գերազանցում է պետական
բյուջեի հատկացումները:
Սակայն ֆինանսական նկատառումները հուղարկավորման
տարածքների պակասի և հնարավոր լուծման միջև կանգնած
միակ խնդիրը չեն:
«Մենք քրիստոնյա ենք և եթե Ավետարանով ենք շարժվում,
ապա հանգուցյալը չպիտի այրվի: «Հող էիր՝ հող դարձիր»,
- ասում է Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր
Տիրայր Սահրադյանը, - Մարմինը պետք է հանձնվի հողին
այնպես, ինչպես Քրիստոսին հանձնեցին հողին:
«Ես որպես անհատ, այլ ոչ թե հոգևորական, չեմ պատկերացնում՝
ինչպես կարող եմ հորս մտցնել կրակի մեջ, դա հայի
համար անհարիր երևույթ է: Հայը պետք է հոգեհանգիստ
կատարի, ուսերին դրած՝ գերեզմանատուն տանի, տեր
հայրը պետք է աղոթք կարդա: Այլապես, հայ առաքելական
եկեղեցու յոթ խորհուրդներից մեկը՝ թաղման կարգը,
կվերանա»:
Սակայն հոգեբանը գտնում է, որ բնակչության վերաբերմունքը
կարելի է փոխել:
«Հայ ենք, թե ոչ, դա չէ էականը, դիակիզման երևույթը
ադապտացնելով մեզ՝ մենք այն կընդունենք հայկական
ձևով, և կանենք այնպես, ինչպես մեզ է հարմար, -
ասում է Վարդանյանը, - Սա չի նշանակում վայրենի
ձևով հրաժեշտ տալ հարազատին, մենք կարող ենք պահպանել
ավանդական ծիսակատարությունները», - ասում է նա:
Նա ասում է, որ կարևոր է դիակիզման գաղափարի ներկայացման
ձևը:
«Մահը նաև բիզնես է: Եթե պետությունը հոգա դիակիզման
ծախսերը, բազմաթիվ ցանկացողներ կլինեն: Ամենակարևորը
մարդկանց ազատ ընտրության հնարավորություն տալն
է: Այս խնդիրն անհատական լուծումներ է պահանջում,
և յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, ինչպես հրաժեշտ
տա իր հարազատին»:
|