ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 7, 2003 




Օգնություն գյուղացիներին. Պարենի համաշխարհային ծրագիրը գյուղատնտեսության դասընթացներ է կազմակերպում Լոռիում


Լոռու մարզի Մեծ Փարնի գյուղում գոյության ամենօրյա պայքարը հետին պլան է մղում քաղաքական հարցերը:

Գյուղի 2500 բնակիչների համար, որոնք բաժանված են «կարիքավորների» և «շատ կարիքավորների», կարևորը ոչ այնքան քաղաքական փոփոխություններն են, որքան գոյատևելը:

«Ո՞վ կարող է ինչ-որ բան անել», - ուսերը թափահարում են գյուղացիները:

Գոյության միջոցներ ապահովողը բնությունն է: Սակայն բնությունը նաև փոփոխական է և կարող է ինչպես երաշտ, այնպես էլ հորդ անձրև պարգևել:

1988 թվականի երկրաշարժն ավելի քան 500 տուն ավերեց Մեծ Փարնիում, որոնց մի փոքր մասն է միայն վերականգնվել:

«Տուն կոչվածը, որտեղ ապրում ենք 14 տարի՝ մեր տան ավերվելուց հետո, ժամանակավոր կացարան է՝ «ժեշտի դոմիկ», որը նախատեսված էր ընդամենը 3-4 տարվա համար, - ասում է գյուղաբնակ Հրաչ Գաբրիելյանը, - Այսօր այդ կացարանն այնքան է փտել, ավերվել, որ անընդհատ մաս-մաս թափվում է գլխներիս»:

Չորս նախագահական ընտրությունների ընթացքում գյուղացիները նախընտրական խոստումներ են լսել են բոլոր թեկնածուներից, սակայն քվեարկությունից հետո բոլորը մոռացվել են: Ոչ էլ կարող են ապավինել բնությանը, թեև դա նրանց միակ հույսն է:

«Գյուղատնտեսության տեսանկյունից մեր գյուղը, թերևս, ամենադժվար գոտիներից մեկում է գտնվում, - ասում է գյուղապետ Հրայր Յաղուբյանը, - Ամեն հինգ տարուց առնվազն երեքն այստեղ ամբողջովին անբարենպաստ են գյուղատնտեսության համար, մյուս տարիներին էլ մի կերպ ենք ծայրը ծայրին հասցնում: Այստեղ կամ երաշտ է լինում, կամ էլ չափազանց շատ տեղումներ, և արդյունքում՝ գյուղացիները մնում են ձեռնունայն, և տուժում է գյուղը»:

Սակայն Մեծ Փարնիում իրականացվող ծրագիրը կարող է պատասխաններ ապահովել նրանց հուսահատ հարցերին:

Անցյալ ամիս ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սկսեց Մեծ Փարնիում իրականացնել «Սնունդ ուսման դիմաց» ծրագիրը, որի շրջանակներում գյուղի 78 բնակիչներ ստանում են գյուղատնտեսության դասեր և սննդամթերք:

«Այս ծրագիրը մեծ օգնություն է գյուղացիների համար, - ասում է գյուղապետը, - Սովորելու դիմաց գյուղացիները ստանում են ալյուր, ձեթ և այլ մթերքներ, որն ինչ-որ չափով թեթևացնում է ստեղծված անմխիթար դրությունը»:

Ինչպես Յաղուբյանն է բացատրում, ծրագիրը նոր հնարավորություններ է ստեղծում գյուղացիների համար:

«Նրանք իրենց աճեցրած քիչ ցորենը ոչ թե աղում ու ալյուր են դարձնում, այլ պահում են որպես սերմացու օգտագործելու համար: Ճիշտ է, ծրագիրը նախատեսված է կարիքավորների համար, սակայն մեզ մոտ բոլորն էլ այդ կարգավիճակում են, և այս ծրագրում ավելի շատ մարդիկ պետք է ընդգրկված լինեին»:

Գյուղացիները, որոնք մասնակցել են դասընթացին գյուղի դպրոցում անցկացված առաջին դասերից, ասում են, որ գտել են իրենց բազմաթիվ հարցերի պատասխանները և հուսով են, որ ավելի լավ պատրաստված կլինեն իրենց շրջանում բնության մարտահրավերներին դիմակայելու համար:

«Գյուղացիները սովորում են այնպիսի նրբություններ, որոնք նախկինում իմանալ չէին կարող, - ասում է գյուղատնտես Սլավիկ Միսաքյանը, որը դասավանդում է ուրիշներին «Սնունդ ուսման դիմաց» ծրագրով: Նա գյուղից գյուղ է գնում և ծանոթացնում է գյուղացիներին գյուղատնտեսության գաղտնիքներին, - Կարծում եմ, որ գյուղացիների նյութական վիճակն ինչ-որ չափով կբարելավվի մասնագիտական գիտելիքների շնորհիվ, և կամաց-կամաց գյուղացին պրոֆեսիոնալ կդառնա»:

Գյուղապետի հավաստմամբ, գյուղացիները տարիներ շարունակ ապրել են գյուղատնտեսության, անասնապահության և հիմնականում արտագնա աշխատանքի շնորհիվ: Սակայն շատերի համար ճանապարհները փակվել են: Արտագնա աշխատանքի գնացողները նվազել են, քանի որ շատերը նույնիսկ գյուղից դուրս գալու հնարավորություն չունեն:

«Անցյալ տարվա անակնկալից՝ երաշտից, մեզ մնացին մեր ծակ գրպաններն ու պարտքերը, և մենք հայտնվեցինք այնպիսի վիճակում, որ չկարողացանք անգամ դպրոց ուղարկել մեր երեխաներին», - ասում է Հրաչ Գաբրիելյանը:

Իր կյանքի 20 տարիները խորհրդային կոլտնտեսություններին նվիրած Աշոտ Մկրտչյանն ասում է, որ ինքնուրույնություն ստանալով՝ շատ գյուղացիներ չգիտեն, թե ինչպես լավագույն բերք ստանան իրենց հողից, հատկապես այնպիսի պայմաններում, ինչպես անցյալ տարվա երաշտը: Նա նաև ասում է, որ շատ գյուղացիներ ի վիճակի չեն բարձրակարգ սերմեր ձեռք բերել:

«Եվ արդյունքում, գյուղացու ներդրած բոլոր ջանքերն անգամ փոքր եկամուտ չեն ապահովում, - ասում է ՄԱԿ-ի պարենային ծրագրի Վանաձորի մասնաճյուղի ավագ դիտորդ Վլադիմիր Ղարաջյանը, - Այդ պատճառով էլ այս գյուղում սկսեց գործել ՊՀԾ-ի «Սնունդ ուսման դիմաց» ծրագիրը»:

Ուսուցիչ Մինասյանն ասում է, որ ՊՀԾ-ն պատասխաններ է տալիս գյուղացիների շատ հարցերին, սակայն «այս դասընթացների արդյունքներն ակնհայտ կդառնան աշնանը, երբ հասնի բերքահավաքի ժամանակը»:


  Inside
 

Between the Lines: What local and international press has said this week

Full story

 
 
 
 

Arrests made in death of popular television journalist

Full story

 
 
 
 

Step Forward?: New report another argument for genocide recognition

Full story

 





  Photo of the week
  Head of State
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Head of State

President Robert Kocharyan was elected to a second term.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.