Տուրիզմի վարչությունը պետք է այսօրվանից պատրաստվի
աննախադեպ անբարենպաստ ժամանակաշրջանի, երբ մի քանի
ամսից Հայաստանում սկսվի տուրիստական սեզոնը:
Մոտավորապես ապրիլի կեսերից փողոցները կսկսեն
պատվել հրաձգարաններում թիթեղյա բադերի պես «հնձված»
արտասահմանյան զբոսաշրջիկներով:
Այսօր ես գրում եմ Հայաստանում կյանքը բարդացնելու
նպատակով ներմուծված վերջին աղետի մասին՝ մի բանի,
որ շատ քաղաքակիրթ երկրներում բավականին լավ գաղափար
դուրս եկավ, սակայն այս երկրի համար նույնքան օգտակար
է, որքան երկրորդ պորտը: Խոսքս հետիոտնային լուսացույցների
մասին է:
Համառոտ պատմական ակնարկ...
Երբ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը (ի միջի այլոց,
ինչպե՞ս պետք է զգա իրեն այդ մարդը, որի ոչ պաշտոնական
անունը «միլիարդատեր» է) 85 միլիոն դոլար տվեց Հայաստանի
փողոցները, մայթերը և մայթեզրերը վերանորոգելու
համար, այդ գումարի մի մասն, ակնհայտորեն, նախատեսված
էր նաև լուսացույցների համար, որոնք պետք է ասեին
մեզ, թե երբ կտրենք-անցնենք փողոցը, իսկ երբ՝ ոչ:
Եթե մարդու անունը «միլիարդատեր» է, նա հավանաբար
կարող է վարձել մեկին, որ իր փոխարեն կտրի-անցնի
փողոցները, այնպես որ, դա պարոն Քըրքորյանի մեղքը
չէ, որ այս փոքր բացթողումն այլապես հրաշալի կառուցապատման
ծրագրում ոչ միայն դրամի վատնում է, այլև, ըստ էության,
սպառնալիք է հետիոտների անվտանգությանը:
Այն, ինչ շատ խոշոր քաղաքներում երթևեկության
կարգավորման միջոց է, Երևանում դարձել է անկախության
նենգ երկվորյակի՝ անարխիայի, անքակտելի իրավունքի
արտահայտությունը:
Քաղաքական գործիչների նկատմամբ հասարակության
վերաբերմունքի նման, բոլորն այստեղ նկատում են երթևեկության
լուսացույցները, սակայն ոչ ոք դրանց վրա ուշադրություն
չի դարձնում: Անտեսում են հետիոտները, անտեսում
են վարորդները:
Այնպես որ, փողոցներն ավելի ապահով կամ ավելի
վտանգավոր չեն, քան առաջ: Գոնե տեղացիների համար:
Բայց... բաց թողեք Երևանի փողոցներում մի ավտոբուս
օտարերկրացիների, որոնց համար «Քայլեք» և «Մի քայլեք»
արտահայտություններն ինչ-որ հեղինակություն ունեն,
և շատ շուտով կտեսնեք փողոցներում ցաքուցրիվ եղած
վերնիսաժային ապրանքներով լի տոպրակները, իսկ նրանց
կողքին՝ այլայլված և մոլորված օտարերկրացիներին,
որոնք գրպաններում տենդագին փնտրում են ապահովագրական
ընկերությունների հեռախոսահամարներն ու անձնական
վնասների հատուցմամբ զբաղվող փաստաբանների այցետոմսերը:
Նոր լուսացույցների մեջ ինձ ամենից շատ դուր է
գալիս այն, որ դրանք մի տեսակ սոցիալապես հարմարեցված
տեսք ունեն: Հաշվի առնելով արտասահմանցիների շահերը՝
դրանց վրա մակագրություններ չեն արել, իսկ հուշարարի
դերը կատարում են փոքրիկ պատկերները:
«Մի քայլեք» պատկերին՝ պատեհ կարմիր գույնի, հատուկ
է լենինյան դաժան պարզությունը, որը կարելի է բացատրել
հետիոտների ձգտումով չենթարկվել նրա ստոյիկյան կարգուկանոնին
(որն այստեղ լավագույն դեպքում ենթադրվում է):
Իսկ փոքր կանաչ «Քայլեք» պատկերը հաստատ հեղինակել
է մի մարդ, որը փորձել է կտրել-անցնել երևանյան
փողոցները: Ես բոլորովին չեմ չափազանցում՝ պատկերն
իսկապես վազում է: Միակ հնարավոր կատարելագործումը
կլիներ ավելացնել «հաջողություն քեզ» մաղթանքը:
Քանի որ լուսացույցները ոչ մի կերպ չեն նպաստում
երթևեկության կարգավորմանը, և որպեսզի դրանք գոնե
ինչ-որ կիրառում ստանան, ես առաջարկում եմ օգտագործել
դրանք նախագահական ընտրություններում:
Ասենք, սովորական աշխատանքային մի օր շարենք թեկնածուներին,
օրինակ՝ Օպերայի շենքի դիմաց և հրահանգ տանք կտրել-անցնել
հրապարակի բոլոր չորս խաչմերուկները: Թեկնածուներն
իրենք կարող են որոշել, հետևեն լուսացույցների հրահանգներին,
թե՞ վստահեն իրենց բնազդին:
Ով կենդանի մնա, նա էլ կդառնա նախագահ և, հաստատ,
հենց նա էլ կիմանա, թե ինչ ասել է հայկական մտածելակերպ:
|