«Ընդդիմադիր»
կուսակցությունների անդամները մեղադրում են ներկա
կառավարությանն ընդդիմադիր թեկնածուների ընտրարշավներին
խոչընդոտելու նպատակով անարդար միջոցներ ձեռնարկելու
մեջ:
Փետրվարի 19-ի ընտրություններին մասնակցող քաղաքական
գործիչներն ու նրանց համախոհները պնդում են, որ
իշխանամետ հեռուստակայանները հաղորդում են նախագահի
ամենօրյա գործունեության մասին, միաժամանակ զրկելով
մյուս թեկնածուներին հասարակությանը ներկայանալու
հնարավորությունից: Ավելին, նրանք ասում են, որ
Ռոբերտ Քոչարյանի գովազդները ցուցադրվում են լավագույն
եթերաժամերին:
Արամ Զ. Սարգսյանի մամլո քարտուղար Սուրեն Սուրենյանցն
ասում է, որ երբ նյութը վերաբերում է ընդդիմադիր
թեկնածուներին, «հեռուստատեսությամբ այդ ամենը ներկայացվում
է որպես գորշ, ձանձրալի, միապաղաղ ու անհետաքրիքիր
հանդիպում, որին մի քանի ծերունիներ էին միայն ներկա,
և տվյալ թեկնածուին սատարող չկար:
«Եթե նախկինում, ի նշան հարգանքի ու սիրո, ժողովուրդը
ոչխար էր մատաղ անում Կարեն Դեմիրճյանի ոտքերի առաջ,
ապա այսօր նույնն անում են նրա որդու (թեկնածու
Ստեփան Դեմիրճյանի) համար: Սակայն, ի տարբերություն
անցյալի, այսօր այդ ամենը լրիվ այլ կերպ է մեկնաբանվում՝
կենդանասիրական մղումներից դրդված»:
Թեկնածուներից ոմանք սկսել են արձանագրել ընտրարշավներում
տեղի ունեցող անարդարությունները, ոմանք էլ կոնկրետ
դեպքեր նկարագրող գրքույկներ են տպել:
Դիտորդներն ասում են, որ այս տարի ընդդիմության
համար մեծ խոչընդոտ է հանդիսացել գովազդային գների
բարձրացումը:
«Ի
տարբերություն նախկին նախագահական ընտրությունների,
այս անգամ ոչ բոլոր թեկնածուները հնարավորություն
կունենան իրենց քաղաքական հոլովակներն ու գովազդները
ցուցադրել հեռուստատեսությամբ», - ասում է Սուրենյանցը:
Համաձայն օրենքի, թեկնածուներն իրավունք ունեն
քարոզարշավի ընթացքում ծախսել մոտավորապես 100 հազար
դոլար: Այս ընտրություններում գովազդներին տրամադրվող
եթերաժամանակը կտրուկ աճել է:
Ըստ Սուրենյանցի, ամենամեծ լսարանն ունեցող հինգ
կենտրոնական մասնավոր հեռուստաընկերությունները՝
«Արմենիան», «Պրոմեթևսը», «Շանթը», «ԱԼՄ»-ն և «Կենտրոնը»,
գովազդի մեկ րոպեի վարձը բարձրացրել են մինչև 120
դոլար, մինչդեռ առաջ նույն եթերաժամանակը հնարավոր
էր գնել 20 դոլարով:
«Մենք բոլորս հստակ գիտակցում ենք, որ նման պայմանները
թելադրված են ոչ թե շուկայական պահանջարկով, այլ
որոշ թեկնածուներին, մասնավորապես՝ ընդդիմադիր,
խոչընդոտելու ցանկությամբ, քանի որ նրանք անընդհատ
մեզ խանգարելու պատրվակ են փնտրում, - ասում է Սուրենյանցը,
- Եվ ի տարբերություն ներկա նախագահի, ում վրա կարծես
թե ոչ մի օրենք չի տարածվում, և ում հոլովակներն
անընդհատ եթեր են գնում, մենք այդ ամենից օգտվելու
շատ քիչ հնարավորություն ունենք»:
Արտաշես Գեղամյանի նեկայացուցիչ Աղասի Արշակյանն
ասում է, որ այդ կողմնակալ վերաբերմունքը տիրում
է նաև հեռուստատեսային գովազդի ոլորտից դուրս:
«Նախընտրական արշավը սկսելուց մի քանի օր առաջ
բոլոր համայնքապետերին բանավոր հրահանգվել է շուրջ
400 տոկոսով բարձրացնել քաղաքական գովազդների գները,
- ասում է նա, - Նախկինում նման գովազդային պաստառների
գները կազմել են 4-8 դոլար քառակուսի մետրի համար,
իսկ այժմ մեկ քառակուսի մետրն արժե 30 դոլար և ավելի:
Նաև տեղեկություններ ունենք, որ գովազդային այդ
գործակալություններին ահաբեկել են, թե իրենց գործը
խլելու են ձեռքներից»:
Որոշ
դեպքեր կարող են պարզապես դիտվել որպես ուժի ցուցադրում:
Երկու շաբաթ առաջ, Րաֆֆի Հովհաննիսյանի գործի դատական
նիստի ժամանակ, որը պետք է քններ թեկնածուի նրա
կարգավիճակի հարցը, մի քանի հաղթանդամ մարզիկներ
հայտնվեցին դահլիճում, որոնց, ըստ երևույթին, ուղարկել
էր Քոչարյանի ընտրարշավի ղեկավար (նաև Պաշտպանության
նախարար) Սերժ Սարգսյանը՝ Հովհաննիսյանի աջակիցների
հնարավորությունները սահմանափակելու համար:
Շաբաթվա սկզբում, անհայտ անձը հրդեհել է Արտաշես
Գեղամյանի գովազդային պաստառներից մեկը, որը տեղակայված
էր Երևանի ծայրամասերից մեկում:
Աշտարակ քաղաքում ընտրարշավը մեղադրում են բարբարոսության
և սեփականության ոչնչացման պատճառ հանդիսանալու
մեջ: Մի հեռուստակայանի հեռախոսալարերը կտրել են,
սարքավորումները դուրս են շպրտել, իսկ Արամ Զ. Սարգսյանի
մասին տեսերիզ ցուցադրելուց հետո վարձակալված տարածքի
սեփականատերը պահանջել է հեռուստակայանի անձնակազմից
ազատել տարածքը:
Սուրենյանցը պնդում է, որ իշխանամետ ուժերի կողմից
փորձ է արվել փակել իր թեկնածուի ընտրական շտաբը
Թալինում, և որ «արհեստական պրոբլեմներ են ստեղծվում՝
հնարավորինս անօրինությամբ մեր աշխատանքներին խոչընդոտելու
համար»:
|