Փետրվարի
19-ի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուները,
համաձայն օրենքի, Կենտրոնական ընտրական հանձնաժողով
են ներկայացրել իրենց ֆինանսական հայտարարագրերը:
Թեև շարքային քաղաքացիների մեծ մասը կասկածանքով
է վերաբերվում դրանց ճշտությանը, այս ձևականությունն
ամեն դեպքում ցույց է տալիս եկամուտների ակնհայտ
տարբերություն:
Ցուցակը գլխավորում է նախկին վարչապետ 42-ամյա
Արամ Սարգսյանը, որը հայտարարագրել է 206301304
դրամ (մոտ 352650 դոլար) տարեկան եկամուտ, իսկ «Հայրենիք
և պատիվ» կուսակցության թեկնածու 58-ամյա Գառնիկ
Մարգարյանը՝ ընդամենը 418 դոլար:
Ըստ ՀՀ Ընտրական օրենքի, թեկնածուները պետք է
հայտարարագրեն իրենց ունեցվածքն ու տարեկան եկամուտը՝
որպես թեկնածության առաջադրման պայմաններից մեկը:
Ե՛վ Սարգսյանը, և՛ Մարգարյանը հայտարարել են,
որ իրենք բացի ավտոմեքենաներից այլ ունեցվածք չունեն:
Սարգսյանն ունի «Ջիփ Ռանգլեր» մակնիշի մեքենա, իսկ
Մարգարյանը, որ նշել է, որ ինքը «թոշակառու» է,
ունի «Մերսեդես Բենց 190»:
Միայն Վլադիմիր Դարբինյանն ու Վազգեն Մանուկյանն
են ունեցվածք հայտարարագրել: (Որոշ թեկնածուներ
անշարժ գույքի հայտարարագրման սյունակում գծիկ են
դրել, իսկ մյուսները պարզապես անտեսել են այդ սյունակը:)
Հիսունյոթամյա Մանուկյանը որպես ունեցվածք նշել
է 107 քմ տարածք ունեցող տուն, 180 քմ հողամաս և
«Նիվա» մակնիշի ավտոմեքենա:
Ազգային ժողովրդավարական միության նախագահ Մանուկյանը
նշել է, որ իր ընտանիքը վաստակել է 5456026 դրամ
(մոտ 9300 դոլար), որի կեսից ավելին՝ 5600 դոլարը,
նրա դստեր՝ Աստղիկի, եկամուտն է:
Կոմունիստական կուսակցության առաջնորդ 72-ամյա
Վլադիմիր Դարբինյանը հայտարարգրել է 2565 դոլար
եկամուտ և 131 քմ տարածք ունեցող բնակարան:
Քառասունչորսամյա
Ստեփան Դեմիրճյանը, որին քաղաքական դիտորդները համարում
են ընտրարշավի հավանական հաղթող նախագահ Ռոբերտ
Քոչարյանի ամենալուրջ մրցակիցը, հայտարարագրել է
9925 դոլարի եկամուտ, որից 3891 դոլարը նրա աշխատավարձն
է ավտոմատացված համակարգեր արտադրող «Մարս» գործարանում,
իսկ մնացած 6034 դոլարը վաստակել են նրա մայրը և
կինը:
Քառասունիննամյա Քոչարյանը նշել է, որ չունի ոչ
ունեցվածք, և ոչ էլ մեքենա, և որ իր ընտանիքը՝ ներառյալ
որդին՝ Սեդրակը, և դուստրը՝ Գայանեն, 2002 թվականին
վաստակել է 17160 դոլար:
Ամենաերիտասարդ թեկնածու, «Հեռանկար» կենտրոնի
39-ամյա ղեկավար Արամ Կարապետյանը հայտարարագրել
է 34355 դոլար:
«Իրավունք և միաբանություն» խորհրդարանական կոալիցիայի
ղեկավար, 54-ամյա Արտաշես Գեղամյանը հայտարարագրել
է 3731 դոլար:
Նոր մոսկովյան իրավաբանական համալսարանի Հայաստանի
մասնաճյուղի տնօրեն Ռուբեն Ավագյանը հայտարարագրել
է 23769 դոլար որպես իր, իր կնոջ և իր որդու ընդհանուր
եկամուտ:
Երևանի պետական համալսարանի 44-ամյա ասիստենտ
Արամ Հարությունյանը հայտարարագրել է 776 դոլար:
Մյուս Արամ Սարգսյանը՝ Ժողովրդավարական կուսակցության
57-ամյա առաջնորդը, հայտարարագրել է 3709 դոլարի
եկամուտ:
Պաշտոնական ընտրարշավը սկսվել է հունվարի 21-ին
և կավարտվի փետրվարի 17-ին:
Գառնիկ |
Մարգարյան |
244 307 |
$418 |
Արամ |
Հարությունյան |
454 155 |
$776 |
Վլադիմիր |
Դարբինյան |
1 500 000 |
$2 564 |
Արամ |
Սարգսյան |
2 170 000 |
$3 709 |
Արտաշես |
Գեղամյան |
2 182 889 |
$3 731 |
Վազգեն |
Մանուկյան |
5 456 026 |
$9 327 |
Ստեփան |
Դեմիրճյան |
5 806 322 |
$9 925 |
Ռոբերտ |
Քոչարյան |
10 038 458 |
$17 160 |
Ռուբեն |
Ավագյան |
13 904 994 |
$23 769 |
Արամ |
Կարապետյան |
20 097 400 |
$34 355 |
Արամ |
Սարգսյան |
206 301 304 |
$352 652 |
|