Անցյալ երեքշաբթի՝ հունվարի 28-ին, ամբողջ հանրապետությունում
նշվում էր Հայոց բանակի օրը՝ տոն, որ սահմանվել
էր երկրի զինվորներին արժանին մատուցելու համար:
Բարձրագույն հրամանատարական կազմն այցելեց Եռաբլուրի
հուշահամալիրը՝ հարգանքի տուրք մատուցելով պատերազմի
հերոսներին, իսկ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն
իր խոսքում հավաստիացրեց, որ իր 11-րդ տարեդարձը
նշող հայկական բանակն ի վիճակի է ապահովել երկրի
պաշտպանությունը:
Սակայն տոնն անցավ առանց հանդիսությունների, քանի
որ, ինչպես նշեց Սարգսյանը, նախագահական այս ընտրարշավի
ժամանակահատվածում քաղաքական շահարկումներից խուսափելու
համար որոշում է ընդունվել զանգվածային տոնակատարություններ
չանցկացնել:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ
է ուղարկել Բանակի օրվա առթիվ և իր քարոզարշավի
շրջանակներում Արմավիրում այցելել է մի զորամաս,
որտեղ իր խոսքում նշել է.
«Շարունակելու ենք լուրջ ուշադրություն դարձնել
մեր բանակին: Եվ երկու թիվ, որ վկայում են այդ մասին:
Սպայակազմի աշխատավարձն այս հինգ տարում աճել է
2,5 անգամ, իսկ բանակում զոհվածների թիվը նվազել
է մի քանի անգամ»:
Քոչարյանի հայտարարությունը մարտական գործողությունների
հետ չառնչվող մահերի տագնապաահարույց քանակի մասին
արձագանքում է զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի
վերջերս կատարած հրապարակմանը:
Հրապարակման մեջ նշվում է, որ զորամասերում կատարված
հանցագործությունների թիվը 1998 թվականից մինչև
անցյալ տարի նվազել է գրեթե կիսով չափ՝ 1922-ից
իջնելով 987-ի:
Զինվորների մահվան դեպքերը (որոնք հաճախ զինվորների
միջև ծագած ընդհարումների արդյունք են) նվազել են՝
անցյալ տարի հասնելով 62-ի՝ 1998 թվականի 177 դեպքի
համեմատ:
«Մեր բանակը դեռևս 11 տարեկան է և, բնական է,
որ զերծ չէ այն թերություններից, որ ունի հասարակությունը,
իսկ հանցագործությունը մեր հասարակության օբյեկտիվ
ուղեկիցն է, - ասել է Ջհանգիրյանը, - Բանակում այժմ
էլ կատարվում են հանցագործություններ»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք
Իշխանյանը մերժում է այդ տեսակետը, թե բանակում
կատարված հանցագործությունները հասարակության մեջ
կատարվող հանցագործությունների արտացոլումն են:
«Եթե այդ տեսակետից նայենք, ուրեմն կոռումպացված
իշխանությունը հասարակության արտացոլու՞մն է, -
ասում է Իշխանյանը, որի գլխավորած կազմակերպությունը
հանդես է գալիս զինվորների իրավունքների պաշտպանությամբ,
- Ես կարծում եմ, որ դա արդարացման միջոց է»:
Զինդատախազն ընդունում է, որ հայկական բանակում
առկա է «դեդովշինան»:
Ռուսական ծագում ունեցող «դեդովշինա» բառը նկարագրում
է մի երևույթ, երբ ավելի երկար ծառայած զինվորները
դառնում են զորամասերի ոչ-պաշտոնական առաջնորդները:
Նրանք ստեղծում են հրոսախմբային պայմաններ և նորակոչիկներից
դրամ են շորթում ու հաճախ բռնի ուժով ստիպում են
ենթարկվել իրենց:
«Պաշտպանության նախարարության կառավարման համակարգն
անում է ամեն ինչ նվազեցնելու ոչ կանոնադրային հարաբերությունները»,
- ասում է Ջհանգիրյանը՝ ավելացնելով, որ «դեդովշինան»
խորհրդային բանակից մնացած ժառանգություն է:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդվզում է անընդունելի
պայմանների նաև այս բացատրության դեմ:
«Բացի խորհրդային «դեդովշինայից», մեր բանակ են
ներմուծվել գաղութային օրենքները, - ասում է Իշխանյանը,
- Իսկ սա ի՞նչ երևույթ է: Արդյոք դրա պատճառն այն
չէ՞, որ հրամկազմից շատերը քրեական անցյալ ունեին»:
Չժխտելով բանակում հանցագործությունների նվազման
միտումը՝ Իշխանյանն ասում է. - «Տվյալ դեպքում մենք
գործ ունենք մարդկային կյանքերի հետ, և ոչ թե վիճակագրության:
Յուրաքանչյուր զինվորի մահը ողբերգություն է, և
«62» թիվն ինձ համար սարսափելի է»:
|