ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 31, 2003 




«Աքիլլեսը» կարգ հաստատում պետավտոտեսչությունում. հասարակական կազմակերպությունը հույս ունի սանձել կաշառակերությունը՝ պաշտպանելով վարորդների իրավունքները


Երբ վարորդ Տիգրան Ալոյանը շահեց դատը և հետ ստացավ իր վարորդական վկայականը, քանդվեց պետավտոտեսչության անվանդույթներից մեկը՝ որևէ խախտման համար վարորդից վկայականը վերցնելը:

Մինչև անցյալ սեպտեմբեր ավտոտեսուչները կարող էին ըստ ցանկության, խախտելով օրենքը, վերցնել վարորդական վկայականը՝ հիմնավորելով դա 43 տեսակի խախտումներից որևէ մեկով: Սակայն Ալոյանի դատավարությունից հետո ավտոտեսուչները ենթարկվում են օրենքին, որը նախատեսում է, որ միայն յոթ խախտումների դեպքում վարորդի վկայականը կարելի է վերցնել:

Ոստիկանը կանգնեցրել է Ալոյանին Օպերայի մոտ և ասել է, որ վերջինս խախտել է հետևի ապակու վարագուրապատման կարգը:

Հայաստանում սովորական է այն անօրինական երևույթը, երբ ոստիկանները վարորդներից կաշառք են ակնկալում՝ վերջիններիս բաց թողնելու համար:

«Տեսավ՝ փող չեմ տալիս, ակտ գրեց ու վկայականս վերցրեց, - ասում է Ալոյանը, - Ասի՝ լավ, վկայականն ինչու՞ եք վերցնում։ Եթե հետ չտաք, դատական կարգով կվերցնեմ»:

Ոստիկանը հավաստիացրեց Ալոյանին, որ դեռ չի եղել մի դեպք, որ այդ հարցը հասնի դատարան:

Սակայն Ալոյանը՝ «Աքիլլես» հասարակական կազմակերպության օգնությամբ, անցյալ տարվա հուլիսին շահեց դատը. դատարանը վճռեց, որ նրա վարորդական վկայականն անօրինական կերպով է վերցվել և պարտավորեցրեց Ներքին գործերի նախարարության Պետավտոտեսչության վարչությանը վերադարձնել այն:

Վարորդների իրավունքները պաշտպանելու նպատակով երկու տարի առաջ ստեղծված «Աքիլլես» միությունն արդեն չորս նման դատ է շահել, և Հայաստանում նախադեպ է ստեղծել, որ ավտոտեսուչները ներկայանան դատարան որպես պատասխանող։

«Վարորդները սովորել են կաշառք տալ ու հետ ստանալ վկայականը, - ասում է «Աքիլլեսի» նախագահի տեղակալ Վլադիմիր Ղազարյանը, - Եթե տեսուչը տեսնում է, որ վարորդը վիճում է ու գրագետ է, էլ երկրորդ անգամ չի կանգնեցնում։ Իսկ հիմա, էս դատերից հետո, որ տեսուչը տեսնի՝ բողոքելու է, առավել ևս չի կանգնեցնի, դատարանում գա մոլորված կանգնի, որ ի՞նչ՝ ոչ օրենք գիտի, ոչ բան»։

Վկայականի առգրավման դեպքում վարորդների մեծ մասը նախընտրում է վճարել՝ խնդիրներից խուսափելու համար:

Ghazaryan says drivers have gotten used to paying bribes.Վարորդական վկայականը հետ ստանալու համար, վարորդը պետք է գնա քաղաքի մի ծայրում գտնվող Երևանի ոստիկանության պետավտոտեսչության բաժին, այնտեղ մոտ 200 այլ վարորդների հետ մասնակցի 2 ժամ տևող նիստի, որի ժամանակ ստանա տույժ՝ սովորաբար 10 հազար դրամ (մոտ 17 դոլար):

Այնուհետև վարորդը պետք է գնա մեկ այլ հիմնարկ, վճարի տույժը և վերադառնա վճարումը հաստատող ստացականով:

Վարորդների մեծ մասը նախընտրում է խուսափել նման քաշքշուկից՝ ողջամտորեն մոտ 1000 դրամ տալով իրենց կանգնեցնող տեսուչին:

«Ես իրավաբան եմ ու սկզբունքորեն կաշառք չեմ տալիս, - ասում է Տիգրան Ալոյանը, - Կանգնում՝ ժամերով վիճում եմ տեսուչի հետ, բայց փող չեմ տալիս: Բայց ես չեմ կարող ասել՝ թող ոչ ոք փող չտա, մանավանդ, եթե տրանսպորտը նրա հացի միջոցն է։ Օրինակ, ես կարող եմ երկու ամիս չքշել։ Ուրիշը չի կարող, հետևաբար, եթե չտա փող, մշտապես ԳԱԻ-ի հետ պրոբլեմներ կունենա»։

Եթե հնարավոր է գտնել մի վարորդ, որ կաշառք չի տալիս, ապա չկա մի տեսուչ, որ կաշառք չի վերցնում։

Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում տարեկան մոտ 130 հազար ակտ է կազմվում:

«Աքիլլեսը» հաշվարկել է, որ օրական ամեն տեսուչ 0,7 ակտ է կազմում: Սակայն փողոցում կանգնած տեսուչները րոպեն մեկ մեքենա են կանգնեցնում, որի նպատակը փող շորթելն է։

Պետավտոտեսչության մի պաշտոնյա, որ չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց, որ տեսուչները ժամերով կանգնում են փողոցում և ստանում ընդամենը 35 դոլարին համարժեք աշխատավարձ (մինչև 2003 թվականը՝ 25 դոլար), հետևաբար, չեն կարող առանց կաշառք վերցնելու ապրել։

«Ես չեմ կարող ասել, փող վերցնողներ կան, թե ոչ, ես կարող եմ ասել, որ ոչ մի տեսուչ իրավունք չունի փող վերցնել - ասում է Հանրապետության ոստիկանության քարոզչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Էդուարդ Կոստանդյանը, - Եթե ունենանք ամբողջ օրենսդրական փաթեթը և տեխնիկական հագեցվածությունը, ապա օրենքները շրջանցելը դժվար կլինի։ Անցյալ տարի նոր կառավարությունը հաստատեց ճանապարհային երթևեկության կանոնները (մինչ այդ գործում էին խորհրդային կանոնները)։ Բայց հինգ-վեց իրավական ակտեր և օրենքներ դեռևս չեն ընդունվել»։

Ըստ «Եվրասիա» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Աքիլլես» կազմակերպության անցկացրած հարցումների, վարորդների 60 տոկոսը գտնում է, որ գործող կարգից օգտվում են տեսուչները։ Կազմակերպությունը 20 կետից բաղկացած օրենքների փոփոխություններ է առաջարկել իշխանություններին, որոնք կարող են նվազեցնել կաշառակերության հնարավորությունը։ Մասնավորապես, առաջին կետում առաջարկում են վարորդական իրավունքից զրկելը վերապահել միայն դատավորին։

«Նախկինից եկած դրվածքը և օրենսդրության թերություններն են պատճառը, որ տեսուչները պիտի փող վերցնեն ու վերև տան, - ասում է Վլադիմիր Ղազարյանը, - Առաջին՝ պետք է կարգավորվի օրենսդրական դաշտը։ Երկրորդ՝ տեսուչների աշխատավարձը պետք է բարձրացվի այնքան, որ կաշառք վերցնելու կարիք չունենան։ Երրորդ՝ պետավտոտեսչությունը պետք է տեխնիկապես վերազինել։ Օրինակ, հատուկ սարքավորումներ դրվեն, որ արձանագրեն. մեքենան անցե՞լ է կարմիր լույսի տակով, թե՞ ոչ։ Եվ ոչ թե տեսուչը ասի՝ անցել ես և վերջ։ Վերևի շերտը պիտի էսքան փտած չլինի ու ներքևից՝ տեսուչներից, փող վերցնի։ Էս փոփոխությունները չեն անում, որովհետեւ ղեկավարներին ձեռնտու է»։

Aloyan refuses to pay bribes.Անցյալ տարի օրինախախտումների համար 22 տեսուչ հեռացվել է աշխատանքից, 29-ը՝ հանվել պաշտոնից, ընդհանուր առմամբ 136 հոգի կարգապահական տույժ է ստացել։ Տարբեր կարգի պատիժներ է ստացել պետավտոտեսչության անձնակազմի 19 տոկոսը։ Տարեկան միջինը մոտ 30 տոկոսը պատժվում է։

«Մենք չենք համակերպվել կաշառակերության հետ, լուրջ պայքար է գնում, -ասում է պետավտոտեսչության կազմ-վերլուծական բաժնի պետ փոխգնդապետ Ժորա Բարսամյանը, - Բայց հիմնավոր արմատախիլ չի արվում, քանի որ պատճառները պետք է վերանան։ Մի օրենքը մինչեւ ընդունվում է, քանի՜ ինստանցիա է անցնում, տարիներ են տևում։ Իսկ համակարգի տեխնիկական վերազինման ու տեսուչների աշխատավարձը բարձրացնելու համար բյուջեում փող չկա»։

«Աքիլլեսը» խախտեց ևս մի ավանդույթ՝ մեկ այլ անձի մեքենան վարելու համար դրա տիրոջից՝ նոտարով հաստատված լիազորագրի պահանջը:

«Աքիլլեսի» մեկ այլ դատավարության ժամանակ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանը վճռեց, որ պետավտոտեսչությունը անօրինական է առգրավել վարորդական վկայականը և նշանակել 5000 դրամ տուգանք: Վճռում ասված է, որ ըստ քաղաքացիական օրենսգրքի, նոտարական վավերացումը բոլոր դեպքերում չէ, որ պարտադիր է:

Սեպտեմբերից տեսուչներն արդեն ընդունում են լիազորագրերը, որ հաստատված չեն նոտարով։ Մինչ այդ վարորդները՝ երկար հերթեր կանգնելով և 20000 դրամ վճարելով, լիազորագիրը հաստատում էին նոտարի մոտ։ «Աքիլլեսը» ստեղծել է «Էկոտաքս» ՍՊԸ-ն, որը 1500 դրամով լիազորագրեր է պատրաստում վարորդների համար։ Նման ծառայություն են մատուցում ևս 3 ընկերություններ։

Բարսամյանը պնդում է, որ կան երկու տարբեր օրենքներ, որոնցից մեկը պահանջում է նոտարով հաստատված փաստաթուղթը, իսկ մյուսը՝ ոչ։

«Մենք դեմ չենք, որ «Աքիլլեսը» մեր բացերն ասում է, բայց որ միտումնավոր մեզ վարկաբեկում են, ճիշտ չեմ համարում», - ասում է Բարսամյանը։

Անցյալ տարվա օգոստոսից «Աքիլլեսն» անմիջական շփումներ է հաստատել Հանրապետական պետավտոտեսչության ղեկավարության հետ (մինչ այդ, ոստիկանության որևէ պաշտոնյայի հետ հարցազրույցի կամ առաջարկությունների համար պետք էր գրավոր դիմել ՀՀ Ոստիկանության հասարակության հետ կապերի վարչություն, որից հետո միայն ստանալ հանդիպման թույլտվություն։ Այդ կարգն այժմ գործում է լրագրողների և այլ հասարակական կազմակերպությունների համար)։

Կազմակերպությունը պետավտոտեսչության հետ միասին սահմանել է «Լավագույն վարորդ» մրցանակը և անցկացրել է մրցույթ։ Սակայն «Աքիլլեսի» առաջարկը՝ անցկացնել նաև «Լավագույն տեսուչ» մրցույթ, պետավտոտեսչությունը մերժել է։


  Inside
 

Decision 2003: Candidates declare property and income

Full story

 
 
 
 

Army Day: Report says conditions for soldiers improving

Full story

 
 
 
 

Health Help: Ministry of Healthcare offers six Saturdays of free treatment

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Talk Time

In 19 days Armenia will elect a President. Until then voters will be talked to by candidates such as Stepan Demirchyan (top). And some, such as President Robert Kocharyan (bottom), will be talked back to.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.