ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 24, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Վերջերս նորից գնացել էի «Կակտուս» կոչվող «մեքսիկական» ռեստորանը:

Իրականում դա մոսկովյան ռեստորանի մասնաճյուղ է, որը բացել է Բուլղարիայից ժամանած մի երիտասարդ, իսկ խոհարարը հայ է, այնպես որ կարող եք պատկերացում կազմել դրա «մեքսիկական» որակի մասին: Սակայն թեքիլան իսկական է, և ես դարձել եմ նրանց մշտական հաճախորդը:

Ամեն ուրբաթ սայթի թողարկումից հետո այնտեղ հանդիպում եմ իմ մի ընկերոջ, և մենք պատմություններ ենք փոխանակում անհայտության մեջ անցկացրած կյանքի մասին:

Ռեստորանը հայտնի է որպես «արտերկրացիների» հավաքատեղի: Ես միայն այստեղ եմ այլ «արտերկրացիների» հետ հանդիպում: Ինձ դուր է գալիս, երբ ինձ այդպես են կոչում, թեև երբեք չեմ նայել դրա իմաստը բառարանում: Բայց այն էկզոտիկ հնչողություն ունի, այնպես չէ՞:

Պատկերացնում եմ, թե ինչպես են հին ընկերներս ԱՄՆ-ում հարցնում իմ մասին.

«Լսիր, ի՞նչ եղավ այդ տղան՝ Հյուզը»:

«Դե, նա Հայաստանում է, «արտերկրացիներից» է»:

Տպավորություն է ստեղծվում, թե ինչ-որ քայքայիչ գործունեությամբ եմ զբաղվում, երբ իրականում «արտերկրացիների» մեծ մասն այստեղ են գտնվում, որովհետև վաստակում են օտար կառավարությունների տրամադրած մեծ փողերը, որոնք ռետինի նման առաձգական են այս քայքայման եզրին հասած տնտեսության մեջ:

«Կակտուսի» բարմենները պուերտոռիկյան սկավառակներ են դնում՝ կարծելով, թե դա մեքսիկական երաժշտություն է: Չեմ ուզում ասել նրանց այդ մասին, որպեսզի չվշտացնեմ: Այսինքն, եթե ականջդ սովոր է ռաբիսին կամ դուդուկին, ապա Էդդի Պալմերոյի և «Լոս լոբոսի» միջև տարբերությունը բացատրելն անիմաստ ժամանակի վատնում է:

Սակայն ժամը 8-ի մոտ ռեստորանում կենդանի երաժշտություն է լինում՝ մի սինթեզատոր, մի կիթառ և մի երգչուհի:

Մինչև այդ երեկո, երևի թե մի 20 տարի մտքիցս լրիվ թռել էր 70-ականների այդ ցնցող երգը՝ «Ես քո Վեներան եմ»: 80-ականների «Բանանարամայի» ռիմեյքը հաշիվ չէ: Ինչևէ:

Եվ այստեղ՝ Հայաստանում, Երևանում, մի բուլղարացու բացած «մեքսիկական» ռեստորանում, որն այցելում են «արտերկրացիները», ես հանկարծ լսում եմ այդ երգը: Սակայն սրճարաններում անգլերեն երգող երգիչների մեծ մասի նման, այս երգչուհին էլ պարզապես նմանակում է հնչյունները և շատ տեղացիների նման, ովքեր «Բի-էմ-դաբլյուն» անվանում են «Բե-էմ-վե», նա էլ երգում է «Ես քո Ուեներան եմ»:

Ես շարունակում եմ հուսալ, որ կլսեմ «Իգլզի» «Witchy Woman»-ը, սակայն երգչուհին երգում է «ohh, ohh, Vitchy Voman...»

Ինչևէ, սրանք լոկ հնչյուններ են: Ես մտածում եմ, որ այստեղ կարող է մի ելք լինել մեզնից նրանց համար, ովքեր լեզուն համարում են երկսայր սուր, որը չափազանց հաճախ կտրում է միայն մեկ կողմով:

Ուզում եմ ասել, քանի՞ անգամ եք ճիշտ բառեր արտաբերել առանց հասկանալու իրականում, թե ինչ եք ասում: Ինչպես, օրինակ՝ պսակադրության արարողությանը, երբ ասում եք «Տեր եմ»:

Գուցե հենց այդպես են իրենց համար կարիերա ստեղծում քաղաքական գործիչները, փաստաբանները և հեռուստատեսային քարոզիչները՝ ասում են բաներ, որ ճիշտ են թվում, ճիշտ են հնչում, անգամ եթե չեն իմանում, թե դրանք ինչ են նշանակում:

Իմ ակնկալությամբ, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մենք շատ այդպիսի բաներ ենք լսելու, քանի որ այս շաբաթ սկսվել է փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:

Շատ կպարծենան, թե ինչ մեծ առաջընթաց է ապրել Հայաստանը վերջին հինգ տարում: Եվ շատ մեղադրանքներ կհնչեն, թե որքան քիչ բան է արվել:

Ծախված մարդիկ և նրանց կամակատարները խոստումների տեսքով ստեր կերգեն, մինչ այլ ծախված մարդիկ և նրանց կամակատարները՝ ի ջգրու առաջինների, կերգեն իրենց սեփական երգերը, որոնք կարող են ճշմարտանման թվալ, սակայն կլինեն նույնքան սին:

Եվ Հայաստանը կարթնանա փետրվարի 20-ին տակավին «Ես քո Ուեներան եմ» երգի հնչյունների տակ:


 

Decision 2003: President confident of re-election with no run-off

Full story

 
 
 
 

Empty: Pipeline disruption means problems for commuters

Full story

 
 
 
 

Energy Boost: Metsamor Plant Resumes Power Generation

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.