Երեքշաբթի
առավոտյան ուղևորին աշխատանքի տանելիս՝ «ՌադիոՏաքսիի»
մեքենան մնաց կես ճանապարհին, և վարորդ Արտյոմը
ներում խնդրող ժպիտով բացատրեց, որ մեքենայի գազը
վերջացել է:
Դա միակ դեպքը չէր, քանի որ ամբողջ շաբաթվա ընթացքում
Հայաստանը սկսում էր զգալ անցյալ շաբաթվա վերջում
Ռուսաստանում տեղի ունեցած խողովակաշարի վթարի հետևանքով
պրոպանի մատակարարման դադարեցման հետևանքները:
Նորմալ պայմաններում օրական ութ միլիոն խորանարդ
մետր գազ է մուտք գործում Հայաստան Թուրքմենստանից:
Սակայն հիմնական խողովակաշարը շարքից դուրս է եկել
Հյուսիսային Օսեթիայում, իսկ պահեստային գիծը վնասվել
է սողանքի պատճառով՝ Հայաստանը և Վրաստանը թողնելով
առանց գազի:
Արդյունքն ավելի խաղաղ երևանյան փողոցներն էին,
բացառությամբ երթուղային տաքսիների սպասող պոտենցիալ
ուղևորների բողոքներին: «Մարշրուտկաների» մեծ մասն
աշխատում է պրոպանով (ինչպես և շատ մեքենաներ ու
բեռնատարներ), իսկ գազի բացակայության պատճառով
խիստ կրճատվել է տրանսպորտային հաղորդակցությունը:
(Երևանում կան մոտ 70 երթուղիներով աշխատող շուրջ
2000 միկրոավտոբուսներ):
Իշխանությունների
հավաստմամբ, Հայաստանը գազի բավարար պահուստներ
ունի ևս մի քանի օր օգտագործելու համար, սակայն
գազի լցակայանները երկուշաբթի օրվանից փակ են:
«Երևանը սպասարկող երթուղային տաքսիների մոտ 95
տոկոսն աշխատում է բնական գազով», - ասում է Երևանի
Տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը:
Ըստ Բարսեղյանի, չորեքշաբթի օրն աշխատում էին
երթուղային տաքսիների մոտ կեսը: Արդյունքը երկար
հերթերն ու ուղևորներով ծանրաբեռնված ավտոբուսներն
են:
«Այսօր երթուղային տաքսիում մոտ 30 հոգի կար (նորմալը
12 հոգի է), - ասում է Գայանե Ավետյանը, որն աշխատանքի
գնում է երթուղային տաքսիով, - Ամեն րոպե ստիպված
էինք կանգ առնել, որպեսզի մեկը իջներ կամ նստեր»:
Ավետյանն ասում է, որ մարդաշատ միկրոավտոբուսը,
որով նա գնում էր, ինչ-որ անսարքություն ուներ:
«Կամ
անընդհատ կանգառների, կամ էլ չափազանց ծանրաբեռնվածության
պատճառով արգելակները խափանվեցին: Սարսափելի էր,
երբ մեքենան առանց արգելակների ցած էր իջնում Մասիվից»:
Որոշ երթուղային տաքսիների վարորդներ՝ օգտվելով
ստեղծված իրավիճակից, բարձրացրել էին երթավճարը:
«Ինձնից պահանջեցին վճարել սովորականից երկու
անգամ շատ, - ասում է Վերա Մինասյանը, - Վարորդը
դա բացատրեց վառելիքի ավելի բարձր գնով»:
Բարսեղյանի հավաստմամբ, վարորդներին պաշտոնապես
թույլ չի տրվել բարձրացնել երթավճարը:
«Ես անձամբ բողոքներ եմ ստացել այդ կապակցությամբ,
- ասում է Բարսեղյանը, - Վճարի բարձրացումն օրինական
չէ, և մենք միջոցներ ենք ձեռնարկում դրա դեմ»:
Երեկ՝ հունվարի 23-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր
Պուտինն անձամբ կարգադրություն արեց «մեկ օրվա ընթացքում»
ավարտել վնասված խողովակաշարի նորոգումը:
|