Հեռուստալրագրող
Տիգրան Նաղդալյանի սպանության առթիվ բանավեճը քաղաքական
կրքեր բորբոքեց այն բանից հետո, երբ սպանված վարչապետ
Վազգեն Սարգսյանի շահերը ներկայացնող փաստաբանը
կարծիք հայտնեց, որ Նաղդալյանի սպանությունը կապված
է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի խորհրդարանական
սպանությունների ընթացող դատավարության հետ:
Ճանաչված լրագրող և Հանրային հեռուստատեսության
խորհրդի նախագահ Նաղդալյանը սպանվել է դեկտեմբերի
28-ին ծնողների տնից դուրս գալիս:
Նաղդալյանին այդ պաշտոնին էր նշանակել նախագահ
Ռոբերտ Քոչարյանը: Նա նախագահի առանցքային կողմնակիցներից
էր և հաճախ քննադատում էր ընդդիմությանն ամեն շաբաթ
եթեր դուրս եկող իր «Օրակարգ» հեռուստածրագրում:
Նաղդալյանի մահվանն անմիջապես հաջորդած իր հայտարարության
մեջ Քոչարյանը սպանության մեջ մեղադրեց ընդդիմադիր
ուժերին:
Սակայն մոսկվացի փաստաբան Օլեգ Յունոշևի հայտարարությունները
հունվարի 14-ին կայացած մամլո ասուլիսում կապում
են Նաղդալյանի սպանությունը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության
մասին լրագրողի ունեցած տեղեկությունների և հնարավոր
մեղսակցության հետ:
Նաղդալյանին պետք է հրավիրեին վկայություն տալու,
և Յունոշևը պնդում է, որ եթե նա արդեն վկայություն
տված լիներ, ապա հիմա ողջ կլիներ: Ընդդիմության
ներկայացուցիչները պնդում են, որ Նաղդալյանին սպանել
են, որպեսզի նա չտա վկայություններ, որոնք կարող
էին ցույց տալ նախագահի առնչությունը հոկտեմբերի
27-ին:
Իր մեղադրանքներում Յունոշևը հիմնվում է, մասնավորապես,
իր այն ենթադրության վրա, որ Նաղդալյանը մոնտաժել
է խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության մասին
հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված տեսերիզը:
Խորհրդարանում նկարահանված տեսերիզն իրականում
11 րոպեով երկար է հանրության տեսած տարբերակից:
Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը չի ժխտում,
որ գոյություն ունեն Ազգային Ժողովի շենքում հոկտեմբերի
27-ին տեղի ունեցած իրադարձությունները պատկերող
երկու բնօրինակ տեսերիզներ:
«Նոյեմբերի 1-ին մեզ մոտ կար մեկ տեսերիզ, - «Հ1»-ին
տված հարցազրույցում պարզաբանել է Ջհանգիրյանը,
- Հետագայում պարզվեց, որ առկա է ևս մեկը, և մենք
այն առգրավեցինք»:
Յունոշևն
ասում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից 31-ը
Նաղդալյանը թույլ է տվել մոնտաժել տեսերիզը և դատախազությանն
է տրամադրել միայն մոնտաժված տարբերակը, և որ միայն
այդ երկու տեսերիզների համեմատությունը կբացահայտի
ամբողջ կատարվածը: Յունոշևը պնդում է, որ Նաղդալյանը
հրահանգ է ստացել մոնտաժել տեսերիզը:
Փաստաբանը նաև այլ սենսացիոն հայտարարություններ
արեց՝ ավելացնելով, որ իր տրամադրության տակ կա
հոկտեմբերի 27-ի իրադարձությունների նոր տեսերիզ,
որը ցույց է տալիս, որ Ազգային Ժողովի դահլիճի հարևանությամբ
եղել են զինված մարդիկ, որոնք մեղադրվող Նաիրի Հունանյանի
ահաբեկչական խմբի անդամներ չեն ճանաչվել:
Յունոշևը հայտարարում է, որ ունի վկաներ, ովքեր
պատրաստ են դատարանում հայտարարել, որ խորհրդարանական
ահաբեկչության կազմակերպիչները բարձրաստիճան պաշտոնյաներ
են, և նա այդ վկաներին հրավիրելու է դատարան՝ վկայություն
տալու:
«Տիգրան Նաղդալյանը հոկտեմբերի 27-ի հետ կապված
առաջին զոհը չէ, - ասաց փաստաբանը, - Հիշենք այդ
գործով մեղադրվողներից մեկի մահը մեկուսարանում:
Մենք տվյալներ ունենք, որ ևս հինգ անձինք, ովքեր
այս կամ այն կերպ առնչվում էին գործին և կարող էին
տեղեկություններ հայտնել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների
հանցակցության մասին, սպանված են: Այդ պաշտոնյաների
անուններն առաջիկայում կհրապարակվեն դատարանում»:
Նախկինում Վազգեն Սարգսյանի իրավահաջորդների շահերը
ներկայացնող փաստաբան Մարինա Ջանոյանը կիսում է
այն տեսակետը, որ ողջ լինելու դեպքում Նաղդալյանը
կարող էր լույս սփռել հոկտեմբերի 27-ի գործի վրա:
«Նաղդալյանը տեսագրությունների բնօրինակը պետք
է հանձներ նախաքննության մարմնին, որը չի արել,
թեև մենք դատարանում նման հարցադրում արել էինք,
- ասում է Ջանոյանը, - Մինչև այսօր գործի մասնակիցները
չեն կարողացել դիտել բնօրինակը, թեև բոլորը գիտեն,
որ այն գտնվում է Նաղդալյանի մոտ»:
Սակայն թեև Ջանոյանը կարծում է, որ Նաղդալյանը
կարող էր չափազանց կարևոր վկայություններ տալ, նա
չի կարծում, որ Նաղդալյանն այդպես կաներ:
«Տիգրան Նաղդալյանը շատ խելացի և պատրաստված երիտասարդ
էր, - ասում է փաստաբանը, - Ես զարմանում եմ այն
մարդկանց վրա, որոնք կարծում են, որ Նաղդալյանը
կգար դատարան և կասեր այն, ինչ տեղի է ունեցել իրականում,
կամ այն, ինչ իրենք են ուզում լսել»:
Հոկտեմբերի 27-ի դատավարությունը հետաձգվել է
անցյալ ուրբաթ օրվանից դատավոր Սամվել Ուզունյանի
հիվանդության պատճառով: Հայտնի չէ, թե այն երբ կվերսկսվի:
Դատավորի հիվանդանալու ժամանակը նույնպես օգտագործվում
է ընդդիմության կողմից, որը փորձում է կասկածներ
հարուցել դատարանում կատարվելիք հայտարարությունների
կապակցությամբ:
«Ինչու՞ հանկարծ հիվանդացավ Ուզունյանը», - հարցնում
է «Հանրապետություն» կուսակցության լրատվական ծառայության
ղեկավար Սուրեն Սուրենյանցը, որի կանխատեսմամբ դատավարությունը
կշարունակվի միայն փետրվարի 19-ից հետո:
Նախագահ Քոչարյանը, որի քարոզարշավը (ինչպես և
ընդդիմության քարոզարշավը) պաշտոնապես սկսվեց երեքշաբթի
օրը, արձագանքեց Յունոշևի հայտարարություններին՝
փաստաբանին անվանելով «փաստաբանի փաստաթղթերով «բոմժ»»:
Յունոշևը պատասխանեց նախագահի հայտարարությանը՝
ընդգծելով, որ անցյալում Ռուսաստանում աշխատել է
որպես դատախազ և արժանացել է Ռուսաստանի գլխավոր
դատախազի բարձր գնահատականին:
Նախագահը նաև ասել է, որ Յունոշևի հայտարարությունները
կապված են (Վազգեն Սարգսյանի եղբայր) նախկին վարչապետ
Արամ Սարգսյանի նախագահական նախընտրական քարոզարշավի
հետ:
«Դիակներով ընտրությունների չեն գնում», - հայտարարել
է Քոչարյանը:
Արագածոտնի մարզում չորեքշաբթի օրն անցած նախընտրական
հավաքի ժամանակ Արամ Սարգսյանը պատասխանել է նրան.
- «Նա (Քոչարյանը) ինքն է դիակների վրայով իշխանության
եկել: Ուրիշ ի՞նչ կարելի է սպասել այդ մարդուց»:
|