Երևանի
բնակիչները կարող են հավաքել 186 հեռախոսահամարը
և լսել օրը երկու անգամ թարմացվող տեղական եղանակի
տեսությունը:
Սակայն քչերը գիտեն, թե ինչ տիտանական ջանքեր
են պահանջվում այդ 10 վայրկյան տևող տեղեկությունները
տրամադրելու համար: Ամբողջ Հայաստանում 750 մարդ
օր ու գիշեր աշխատում է, որպեսզի ստանա այդ տեղեկությունները
40 օդերևութաբանական կայաններից, 100 դիտարկման
կետերից, մեկ օդաբանական կայանից և յոթ արբանյակներից:
Հայաստանի օդերևութաբանական կենտրոնը 70 տարվա
պատմություն ունի: Հավաքած տեղեկություններն այն
տրամադրում է տարբեր կազմակերպությունների և հեռուստակայանների:
Եղանակի տեսության բաժնի վարիչ Զարուհի Պետրոսյանն
ասում է, որ իրենք թարմ տեղեկություններ են ստանում
երեք ժամը մեկ, և որ այդ տեղեկությունները վստահելի
են: Դրանք ամեն օր ստացվում են մասամբ ռադիոզոնդից
(յուրաքանչյուր առաքումն արժե 100 դոլար) և երկու
արբանյակից:
Բացի այդ Հայաստանը համագործակցում է Ժնևում գտնվող
Համաշխարհային օդերևութաբանական կենտրոնի հետ՝ տեղեկություններ
փոխանակելով նրա հետ: Կենտրոնը համակարգիչներ և
սարքավորում է նվիրել Հայաստանի օդերևութաբաններին՝
նրանց աշխատանքը հեշտացնելու և ավելի ճշգրիտ դարձնելու
համար:
Անցյալ ամսվա ուժեղ սառնամանիքներից հետո, երբ
ջերմաստիճանն իջել էր մինչև 30 աստիճան զրոյից ցածր
Ցելսիուսով, հայաստանցիներն այժմ ավելի մեծ ուշադրություն
են դարձնում եղանակին:
Պետրոսյանն ասում է, որ իրենց կենտրոնը կանխատեսել
էր ցուրտ եղանակը դեռ նոյեմբերին և տրամադրել էր
այդ տեղեկությունները համապատասխան վարչություններին
և կազմակերպություններին, հատկապես էներգամատակարարող
կազմակերպություններին:
«Ոմանց շփոթության են մատնում Օպերայի շենքի տանիքին
տեղադրված ջերմաչափի սխալ ցուցմունքները, - ասում
է նա, - Այդ ջերմաչափը սխալ է և կարող է ցույց տալ
-10, իսկ հաջորդ վայրկյանին՝ +2:
«Ջերմաչափի համար պատասխանատու է քաղաքապետարանը:
Մենք դիմել ենք նրանց՝ խնդրելով վերանորոգել այն,
սակայն ջերմաչափը շարունակում է սխալ ցուցմունքներ
տալ: Մենք ստիպված ենք լինելու նորից դիմել քաղաքապետարանին,
որովհետև սխալ տեղեկությունները գցում են մեր վարկանիշը»:
Անցյալ տարվա դեկտեմբերին «Հայհիդրոմետ» վարչությունը
կառավարության որոշմամբ բաժանվեց Օդերևութաբանական
գործակալության (Բնապահպանության նախարարության
կազմում) և «Հայպետհիդրոմետ» ծառայության:
«Մեր
աշխատանքում փաստորեն ոչինչ չի փոխվել: Աշխատում
ենք նույն ռեժիմով, նույն պատասխանատվությամբ, ինչպես
առաջ», - ասում է օդերևութաբանական ծառայութան բաժնի
պետ Ալբերտ Թորոսյանը, որը 40 տարի աշխատել է վարչությունում:
Անցյալ տարի «Հայհիդրոմետի» բյուջեն կազմել է
մոտ 240 միլիոն դրամ (մոտ 410000 դոլար):
«Հայպետհիդրոմետի» երիտասարդ աշխատակցուհիները
եղանակի տեսություն են վարում «Մետեո-TV»-ի հեռարձակումներում:
Արմինե Չիբուխչյանը «Մետեո-TV»-ի առանցքային աշխատակիցներից
է: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանն օդերևութաբանի
մասնագիտությամբ:
«Իմ աշխատանքը, հիմնականում, տեղեկություններն
օդերևութաբանական լեզվից «թարգմանելն» է, - ասում
է նա, - Հետո ես անգիր եմ անում նյութը և ներկայացնում
եմ այդ ամենը խցիկի առաջ: Սովորաբար տեղեկությունների
վրա աշխատելը ժամեր է խլում, իսկ ներկայացնելը՝
երկու-երեք րոպե»:
Եվ եթե այդ ժամերի աշխատանքի արդյունքները ճշգրիտ
են, ապա այս գիշեր երևանցիները դեռ կշարունակեն
ցրտահարվել՝ -7-ից -9 աստիճան: Սակայն վաղը՝ հունվարի
25-ին, ջերմաստիճանը կբարձրանա մինչև +2-ից +4 աստիճան:
|