ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 24, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Թթու նոտաներ. Ազգային օպերան արժանանում է մոսկովյան մամուլի կոշտ ընդունելությանը


Այս ամսվա սկզբին Հայաստանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնը Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայով կատարեց Մոսկվայի Մեծ թատրոնի նորաստեղծ բեմի բացումը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար և հանրահայտ տենոր Գեղամ Գրիգորյանն ասում է, որ ներկայացումները, որոնց բոլոր տոմսերը վաճառված էին (900 տեղանոց դահլիճի տոմսերն արժեին 40-50 դոլար), արժանացան հանդիսականների բուռն ծափահարություններին:

Սակայն բռավոներն ու բիսերը մոսկովյան քննադատներից չէին գալիս, որոնցից մեկը նույնիսկ ասել է, որ բեմադրության որոշ հատվածներ «նման էին ամանորյա սիրողական ներկայացման»:

«Մեզ էլ հաճախ դուր չեն գալիս մեր օպերայի ներկայացումները, որոնց հիմնական թերությունը բեմադրությունն է, այլ ոչ թե վոկալ կատարումները, - ասում է հայ երաժշտագետ Նելլի Մխիթարյանը, - Բայց երբ ռուսներն են մեզ ոչնչացնում քննադատությամբ, դա սարսափելի վիրավորական է»: Մխիթարյանն ավելացրեց, որ ավելի լավ կլիներ չգնալ, քան թե ամոթով վերադառնալ:

Մոսկովյան ելույթներից առաջ թատրոնի ղեկավարությունը տեղեկացրել էր ռուս լրագրողներին բոլոր այն դժվարությունների մասին, որոնց միջով անցել էր թատրոնը. ձմռանը փորձեր չեն եղել ջեռուցման բացակայության պատճառով, երգիչները «Նորմայի» փորձերը հապճեպ անց են կացրել հյուրախաղերից անմիջապես առաջ մի փոքր սենյակում: Չեն մոռացել նշել նաև թատրոնի դերասանների ցածր աշխատավարձերը (առաջատար երգիչները ստանում են ամսական 30 դոլար, իսկ գլխավոր դիրիժորը՝ 70 դոլար):

Ռուս լրագրողները ցնցվել էին, երբ իմացել էին, որ Մոսկվա բերված բեմադրության վրա ծախսվել է 35000 դոլար:

«Դա գրեթե այնքան է, որքան ծախսվում է մեր միջին բեմադրությունների վրա, - գրում է ռուսական հայտնի թերթերից մեկը՝ «Իզվեստիան», - Չնայած երևանյան «Նորման» ուներ բեմադրող ռեժիսոր, դժվար չէ հասկանալ, որ 35000 դոլարի մեծ մասը տրամադրվել է գլխավոր հերոսների զգեստավորմանը»:

Իր միտքն առավել պարզ դարձնելու համար հոդվածի հեղինակ Եկատերինա Բիրյուկովան պատկերավոր ներկայացնում է այդ աղքատիկ բեմական լուծումները:

«Երբ հարկավոր էր գիշեր ցույց տալ, հետևի դեկորին նկարված մի լուսին էր հայտնվում, որը մինչ այդ սքողված էր սև լաթով: Երբ մոտենում էր արյունալի հանգուցալուծումը, վերևից կախվում էր մերկացած դաշույն, իսկ երբ խոսք էր գնում գալլերի վրա Հռոմեական կայսրության լծի մասին, բեմի գլխին կախվում էր մի մեծ հռոմեական սանդալ...»

Գրեթե գովեստի խոսքեր ասելով առաջատար երգչուհի Անահիտ Մխիթարյանի հասցեին, քննադատը նշում է. «Հեշտությամբ հաղթահարելով դժվար պասաժները, նա հաճախ տակտից հետ էր ընկնում: Այդ չջեռուցվող երևանյան թատրոնում կարելի էր բազմաթիվ նման նորմաներ և ադալջիզաներ գտնել»:

Սրան հակառակ, «Մոսքոու թայմզը» գրում է. - «Անահիտ Մխիթարյանը, որը կատարում էր Նորմայի դերերգը, թեև Մարիա Կալլաս չէր, սակայն հանդես եկավ չափազանց տպավորիչ կատարմամբ՝ իր բավակին թեթև, վերից վար վճիտ սոպրանոյով, սահուն լեգատոյով և փայլուն կոլորատուրայով»:

«Նորման» անկասկած դասվում է ամենադժվար օպերաներին թվին: Այն պահանջում է մեծ դիապազոնի սոպրանո և մեցցո-սոպրանո՝ բարձր տեխնիկայով:

Նորմայի դերերգն ամենաբարդ դերերգերից մեկն է համաշխարհային օպերային երգացանկում, իսկ օպերան ինքը հազվադեպ է բեմադրվել: Բելլինիի մահվանից 4 տարի առաջ՝ 1831 թվականին, Միլանի հանդիսատեսը քննադատությամբ տապալեց օպերայի առաջին բեմադրությունը: Հետագայում, երբ հասարակությունը սկսեց սիրել Բելլինիի այս օպերան, շատ քիչ երգչուհիներ էին համարձակվում ստանձնել այդ դժվարագույն դերերգը: Միայն 1950 թվականին «Նորման» ապրեց իր վերածնունդը, երբ Նորմայի դերերգն իր երգացանկի մեջ ընդգրկեց Մարիա Կալլասը:

«Բոլորովին չեմ հասկանում, թե ինչու են ընկել ձևականությունների հետևից և բարդագույն օպերայով ներկայացել Մոսկվայում, - ասում է հայ թատերագետ Անժելա Միրզոյանը, - Կարող էին տանել Արամ Խաչատրյանի «Սպարտակը» կամ ուրիշ, հայկական, օպերա, որի համար, հաստատ, նման քննադատության չէին արժանանա»:

«Նորմայի» ներկայացումից հետո ռուս հանդիսատեսին հայտնի է դարձել, որ հայկական «Նորման» հայտ է ներկայացրել մասնակցելու հեղինակավոր «Ոսկե դիմակ» փառատոնին չորս նոմինացիաներով՝ «Լավագույն ներկայացում», «Կանացի լավագույն օպերային դերակատար», «Տղամարդու լավագույն օպերային դերակատար» և «Լավագույն դիրիժոր»:

Այս փաստը ցնցել է ռուսական մամուլը: «Իզվեստիան» գրում է. - «Երևանյան թատրոնը սարսափելի արտառոց տեսք կունենա այնտեղ»:

Իսկ «Վրեմյա նովոստեյ» թերթը հետևյալ համեմատությամբ է պատկերում այդ իրավիճակը. - «Մոտավորապես այդպես է ուշադրություն գրավում աչքերի փոխարեն կոճակներ ունեցող լաթե տիկնիկը, երբ նրան նստեցնում են երկու Բարբի տիկնիկների միջև»:


 

Decision 2003: President confident of re-election with no run-off

Full story

 
 
 
 

Empty: Pipeline disruption means problems for commuters

Full story

 
 
 
 

Energy Boost: Metsamor Plant Resumes Power Generation

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.