Այս երկրին հատուկ է մի գեղեցկություն, որն ի
հայտ է գալիս միայն նրա վատթարագույն վիճակում,
տարբերակում է «սիրունը» «գրավիչից» և առնչվում
է հոգու հետ:
Այն չի բացահայտվում ամառվա կարճ փեշերով, երբ
մեկ այլ գեղեցկություն՝ բուռն ու ցանկալի, շնչակտուր
է լինում ինքնախորասուզման մեջ: Ոչ էլ նշմարվում
է աշնանը՝ Հայաստանի լավագույն եղանակին, երբ բնությունը՝
կարծես ինքն իրենից շփոթված, չի կարողանում գիտակցել
պարտադրված փոփոխություններն ու դրանց հետևանքները:
Ոչ, այստեղ կա մի գեղեցկություն, որը չեն շպարում
զբոսաշրջիկներին հրամցնելու համար:
Դա ներքին գեղեցկություն է, որ վերապրում է սպիները
և կարող է դիմակ կրել դաժանությունից պաշտպանվելու
համար, սակայն թաքնված չէ:
Եվ ձմռանն է, որ այն առավել պայծառ է փայլատակում:
Այդ գեղեցկությունը կա այն կնոջ մեջ, որին ես
երեկ ուղեկցում էի հայացքով, մինչ նա աղբի դույլը
ձեռքին անցնում էր մեր շենքի սառցածածկ բակով: Նրա
ոտքերը փաթաթված էին ցելոֆանե տոպրակներով, որ նա,
անկասկած, հավաքել էր նախօրոք՝ պատրաստվելով ձմռանը
և նրա դեմ մարտնչելուն:
Այն Ալեքսանդր անունով տարեց մարդու դեմքին է,
որին ես մի քիչ ծանոթ եմ: Մի քանի տարի առաջ ձմռանը
ես լուսանկարել էի նրան, երբ նա սայթաքուն մայթով
վառելափայտ էր շալակած տանում իր հյուղակը: Իսկ
նա, իր հոգսաշատ առօրյան իմ վուայերիստական ներխուժումից
վիրավորվելու փոխարեն, ինձ հրավիրեց իր տուն՝ թեյ
խմելու:
Այն ժամանակ ինձ հետաքրքրեց, թե քանի ձմեռ է պարփակում
իր մեջ Ալեքսանդրը:
Երեկ ես տեսա, թե ինչպես է նա սագի փետուրների
նման թափվող ձյան տակ արևածաղկի սերմ վաճառում ճիշտ
այնտեղ, որտեղով փայտ էր քարշ տալիս:
Արևածաղկի սերմ ձյան տակ: Դրա մեջ նույնպես ինչ-որ
գեղեցիկ բան կա:
Այդ գեղեցկությունը կա իմ հարևանի մեջ, որը՝ իմանալով,
որ արձակուրդից վերադառնալու եմ սառած խողովակներով
բնակարան, ինձ համար մի դույլ ջուր էր բարձրացրել
հինգ հարկ և մի թերմոս կանաչ թեյ էր թողել:
Այս զուտ-ձմեռային գեղեցկությունը կա ընկերոջս
պատմության մեջ, թե ինչպես են ինքն ու կինը դիմավորել
Նոր տարին ննջարանում, որովհետև դա միակ սենյակն
է, որ կարողացել են տաքացնել: Եվ պատմել ծիծաղելով:
Այն խանութպանների տեսքում է, որոնք ավլում են
աղբը խանութների սառցակալած շեմերից՝ հպարտորեն
դիմագրավելով դաժան ճակատագրի քմահաճույքներին:
Ես տեսնում եմ, թե ինչպիսի ջանքեր են գործադրում
բնության անվերահսկելի տարերքի դեմ (և դրա խորհուրդն,
իհարկե, ակնհայտ է) այն մարդիկ, ում գոյությունն
ինքը նրանց գոյատևման ահավոր գեղեցկության արգասիքն
է:
Եվ ես լսում եմ, թե ինչպես է ընկերուհիս, որն
ինքն այդ հազվագյուտ գեղեցկության մարմնացումն է,
այդ չարչարանքները «հայկական պատմություն» անվանում:
Եվ ես ուզում եմ, որ այդ հարձակումները՝ բնության,
թե մարդկանց, դադարեն: Սակայն երախտապարտ եմ գեղեցկության
համար:
Այն մարդու համար, որը գալիս է հարմարությունն
անհրաժեշտության և հարմարավետությունը ցոփության
հետ հաճախակի շփոթող հասարակությունից, այստեղ դասեր
կան քաղելու, որոնք առավել ակնառու են, երբ սրճարանային
հասարակությունը, որ այնքան սիրում են այլ քաղաքի
սովոր օտարերկրացիները, վաղուց արդեն ձմեռային քուն
է մտել:
Այստեղ ես սովորել եմ պայքարի իմաստը: Եվ դրանից
ծագող գեղեցկության տեսարանը մի պատկեր է, որը կանդրադառնա
իմ մնացած բոլոր տարվա եղանակների վրա:
|