Երբ
անցյալ չորեքշաբթի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
գրանցեց նախագահական 11 թեկնածուների, նախկին արտգործնախարար
Րաֆֆի Հովհաննիսյանի անունն այդ ցուցակում չկար:
Անցյալ շաբաթ առաջին ատյանի դատարանը որոշեց,
որ Հովհաննիսյանը չի ունեցել նախագահ առաջադրվելու
համար անհրաժեշտ 10 տարվա Հայաստանի քաղաքացիությունը:
Եվ, ինչպես սպասվում էր, դատարանի վճիռը նոր թափ
հաղորդեց վաղեմի բանավեճին այն մասին, արդյոք Ղարաբաղի
քաղաքացի նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրինական իրավունք
ունի ղեկավարել Հայաստանը:
«Հայաստանի քաղաքացի լինելու, հայրենիքում ապրելու
իմ որոշումը եղել է վճռական և ողջ կյանքիս համար»,
- ասում է ԱՄՆ նախկին քաղաքացի Հովհաննիսյանը, որը
պնդում է, որ քաղաքացիության համար դիմել է 1991
թվականին, սակայն իր դիմումը տարիներ շարունակ անպատասխան
են թողել:
«Հավատում և ակնկալում եմ, որ վերաքննիչ դատարանը
կվերականգնի իմ իրավունքները, և Կենտրոնական ընտրական
հանձնաժողովը (ԿԸՀ) կգրանցի ինձ որպես նախագահի
թեկնածու»:
Վերաքննիչ դատարանը պետք է լսի Հովհաննիսյանը
գործն այսօր՝ հունվարի 17-ին, և անպայման որևէ որոշում
կայացնի:
«Ես և իմ համախոհները մասնակցելու ենք Հայաստանում
ծավալվող քաղաքական բոլոր գործընթացներին», - ասաց
Հովհաննիսյանն այս շաբաթ կայացած մամլո ասուլիսում:
Հայաստանի առաջին արտգործնախարարի պաշտոնը վարելուց
հետո, Հովհաննիսյանը երկու տարի առաջ հիմնադրել
է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական
կենտրոնը: 2001 թվականին Հովհաննիսյանը ստացել է
Հայաստանի քաղաքացիություն, սակայն պնդում է, որ
Հայաստանի նախագահ առաջադրվելու իր իրավունքը պետք
է հիմնվի քաղաքացիություն ստանալու իր ավելի վաղ
արված դիմումի վրա:
«Մենք հասկացանք, որ գործ ունենք ուժային որոշման
հետ, որը մշակվել է նախագահի նախընտրական շտաբում»,
- ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ դատավորը
և ի վնաս իրեն ընդունված այդ վճռի մյուս մասնակիցները
ներկա վարչակազմի «խաղալիքներն» են:
Մինչև առաջին ատյանի դատարանի վճռի հրապարակումը,
նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանը հայտարարել
էր, որ անկախ դատարանի վճռից, Հովհաննիսյանը չի
կարող թեկնածու լինել, քանի որ վճիռն օրինական ուժ
է ստանալու հունվարի 20-ից հետո միայն, երբ լրանում
է թեկնածուների գրանցման վերջնաժամկետը:
«Ինչ
վերաբերում է մամլո խոսնակի հայտարարությանը, ապա
դա օրենքի չիմացության արդյունք է և նախագահ Ռոբերտ
Քոչարյանի ցանկությունը՝ ամեն գնով մրցապայքարից
դուրս մղել լավագույն թեկնածուներից մեկին», - ասաց
Հովհաննիսյանի փաստաբան Վարդան Պողոսյանը:
(Թեև հունվարի 20-ը գրանցման վերջին օրն է, ցուցակից
դուրս թողնված ամեն մի թեկնածու իրավունք ունի երեք
օրվա ընթացքում բողոքարկել ԿԸՀ-ի որոշումը):
ԿԸՀ-ը նախագահի թեկնածուների գրանցման նիստը գումարեց
ավելի վաղ, քան սպասվում էր: Հովհաննիսյանի դիմումը
չգրանցվեց՝ հիմնվելով անձնագրային վարչությունից
ստացված տեղեկանքի վրա, համաձայն որի, Հովհաննիսյանը
ՀՀ քաղաքացի է 2001 թվականի օգոստոսից:
Հովհաննիսյանին գրանցելուն դեմ են քվեարկել հանձնաժողովի
յոթ անդամներ: Հանձնաժողովի երկու անդամները, որոնք
քվեարկել էին Հովհաննիսյանին գրանցելու օգտին (նրանք
ներկայացնում են ընդդիմադիր կուսակցությունները)
վիճարկել են որոշումը և հարց են բարձրացրել Քոչարյանի
քաղաքացիության 10 տարվա և բնակության 10 տարվա
մասին:
«Մենք համոզված ենք, որ ցանկացած իրավական երկրում
դատարանը կբավարարեր մեր հայցը, - ասաց Պողոսյանը,
- Քանի որ հայաստանյան իրավական համակարգը լավ գիտեմ,
այպիսի լավատեսություն չունեմ»:
Փաստաբանը շարունակեց՝ ասելով, որ դատարանի ի
վնաս Հովհաննիսյանի ընդունած վճիռը «հարցականի տակ
է դնում» փետրվարի 19-ի ընտրությունների «ազատ,
արդար, թափանցիկ կամ եվրոպական չափանիշներին համապատասխանության»
հնարավորությունը:
Քաղաքագետ և սահմանադրական իրավունքի մասնագետ
Պողոսյանն ասում է, որ Հովհաննիսյանն օրինական միջոցներով
դիմել է քաղաքացիություն ստանալու համար, սակայն
քաղաքացիության նրա իրավունքը ոտնահարվել է:
Նա ասում է, որ Քոչարյանի դեպքում խախտումներն
ակնհայտ են՝ պնդելով, որ նախագահը երբեք չի եղել
Խորհրդային Հայաստանի քաղաքացի (քանի որ Ղարաբաղը
Ադրբեջանի կազմում էր) և երբեք դիմում չի ներկայացրել
քաղաքացիություն ստանալու համար:
Հովհաննիսյանը պնդում է, որ Քոչարյանը «գիտի,
որ ազատ և արդար ընտրությունների դեպքում արդյունքները
կլինեն 80% և 20%, և ոչ իր օգտին»:
Թեև չի ակնկալվում, որ վերաքննիչ դատարանը կբեկանի
առաջին ատյանի դատարանի վճիռը, նման որոշումը դժվար
թե Հովհաննիսյանի քաղաքական կյանքի վերջը հանդիսանա
(թեև նա իրավունք չի ունենա առաջադրել իր թեկնածությունը
նախագահության համար մինչև 2013 թվականը):
Ակնկալվում է, որը Հովհաննիսյանը կսատարի ընդդիմադիր
թեկնածուներից մեկին, սակայն առայժմ նա չի հայտնել,
թե ում:
|