Ցուրտ,
սակայն տոնական դահլիճում սառնամանիքից կարմրած
դեմքերն, այդուհանդերձ, ուրախություն են արտահայտում:
Հետաքրքիր, սակայն անսովոր արտաքինով և անսովոր
հագնված կանայք տեղավորվել են հնաոճ սառը նստարաններին:
Նրանց հետևում, Ամանորի համար զարդարված դահլիճում,
անչափահասներ են խմբված՝ խուզած գլուխներով և մուգ
կապույտ հագուստով:
Աբովյանի կանանց և անչափահասների գաղութում տոն
է, և նրանք, ովքեր սխալ են գործել և հայտնվել են
այստեղ, անում են ամեն ինչ, որպեսզի մոռանան այդ
հանգամանքը:
«Երբ մայրիկը գնում է գործի, ես մնում եմ «զոնում»»,
- ասում է հնգամյա Գայանե Սահակյանը:
Նրա մայրը՝ 28-ամյա Արևհատ Սահակյանը, գաղութում
է 1996 թվականից: Դատապարտվել է սպանության համար:
«2004-ին ժամկետս լրանում է: Անհամբերությամբ
եմ սպասում, որպեսզի աղջկաս հասցնեմ ազատության»,
- ասում է մայրը:
Արևհատն ասում է, որ չի ուզում վերհիշել անցյալը:
Տոնական փայլերով զարդարել է մազերն ու դեմքը, սակայն
աչքերը տխուր են:
«Հղիության առաջին ամսում էի, երբ դատապարտվեցի:
Եթե նա չլիներ, չգիտեմ, թե այս տարիներն ինչպես
էի անցկացնելու: Գայանեն չի գիտակցում, թե որտեղ
ենք: Պարզապես գիտի, որ տանը չենք, սակայն չգիտի,
թե ինչու»:
Արցունքները հոսում են երիտասարդ կնոջ աչքերից:
Նա ամուր կրծքին է սեղմում դստեր գլուխը:
Սովորաբար երեխաներին մայրերի մոտ են թողնում
մինչև երկու տարեկան հասակը, սակայն Արևհատին թույլ
են տվել սովորականից երկար պահել աղջկան:
«Աղջկաս
համար ամեն ինչ անում եմ, որպեսզի չզգա որտեղ ենք:
Մեր սենյակը զարդարել եմ, նվերներ պատրաստել: Նվերներ
է տալիս նաև մեր ղեկավարությունը, - ասում է նա,
- Ուզում եմ անցածը մոռանալ: Զղջում եմ, որ հայտնվել
եմ այս պատերի մեջ ու ինձ հետ այստեղ բերել Գայանեին»:
Երկու տարեկան Ելիզավետա Համբարձումյանը բոլորի
ուրախությունն է այստեղ: Նրան գրկից գիրկ են փոխանցում:
Նա ասում է, - «Ձմեռ պապը ինչ էլ բերի, կվերցնեմ»:
Նրա համար միևնույն է, ինչ կբերի, միայն թե բերի:
Աղջկա մայրը՝ 28-ամյա Աստղիկ Համբարձումյանը,
ասում է, որ աղջիկը ծնվել է կալանավայրում: Նա ծանր
է տանում, որ մինչ ինքը լրացնում է ժամկետը, Ելիզավետան
մեծանում է մանկությունից ու հասարակությունից կտրված:
Աստղիկի նման կանայք, որոնք երեխաների հետ են
կրում պատիժը, բնակվում են առանձին սենյակներում:
Երեխաների համար ամեն օր ստանում են կաթ և հում
սննդամթերք և իրենք են պատրաստում փոքրիկների կերակուրը:
«Երեխաները
ստանում են պարտադիր բժշկական օգնություն, նրանց
տանում են զբոսայգիներ, կրկես: Պայմաններից դժգոհ
չենք: Բայց մեկ է, ճաղերի հետևում ենք», - ասում
է Աստղիկը:
Կալանավայրում իրենց պատիժն են կրում 170 կալանավորներ,
որոնցից շուրջ 110-ը կանայք են, իսկ 60-ը՝ անչափահաս:
Դատապարտյալ կանանց միջին տարիքը 40 է: Ըստ հիմնարկի
պետ արդարադատության գնդապետ Յուրա Ջամալյանի, կանանց
կեսից ավելին դատապարտված են սպանության համար:
Ամենատարեց դատապարտյալը 78-ամյա Ոսկի Ներսիսյանն
է: Այլ տարեց կանանց հետ նա բնակվում է առանձին
սենյակում:
«Չորս տարի 4 ամիս է նստած եմ, մնացել է 1 տարի
6 ամիս: Ունեմ երեք աղջիկ ու թոռներ: Սպանել եմ
ամուսնուս: Նա ամբողջ կյանքում խմում ու ծեծում
էր ինձ: Ուժ չունեի այլևս դիմանալու: Հիմա զղջում
եմ և միայն ազատություն եմ ուզում», - ասում է նա:
Տարեցների սենյակից քիչ այն կողմ, մի ընդհանուր
սենյակում բնակվում են մնացած կանայք: Տարբեր բնավորության
ու խառնվածքի մարդիկ ապրում են միասին: Նրանց մեջ
կան տնօրեններ, հաշվապահներ, կիրթ կանայք և անգամ
տարրական կրթություն չստացածներ:
Քառասնամյա Անահիտ Հարությունյանն ազատազրկման
5 տարիներից անց է կացրել 3 տարի 6 ամիսը: Տանը
նրան են սպասում երկու դուստրն ու մի որդին: Նա
կալանավոր կանանց վարսավիրն է և սուրճի բաժակ նայողը:
«Մեզ այցի եկած հյուրերի հագ ու կապից, սանրվածքից
ենք իմանում, թե դրսում ինչն է նորաձև: Ապրում ենք
իրար հույս տալով, բայց սա կնոջ տեղ չէ, - ասում
է նա, - Կանանցով մտերմացել ենք, մի ընտանիք ենք
դարձել»:
Կանայք
ասում են, որ գոհ են պայմաններից: Շաբաթը մեկ անգամ
լողանում են: Կարևորում են օճառ և լվացքի փոշի ստանալը:
Ամեն օր այցելում է բժիշկը: Հանցավոր աշխարհի «օրենքները»
զարմանալիորեն այստեղ չեն գործում:
Կալանավոր կանանց քանակը տարեցտարի նվազում է:
Ըստ Ջամալյանի, չորս տարի առաջ նրանց թիվը հասնում
էր 450-ի:
Յուրաքանչյուր կալանավորի մեկ օրվա ծախսը կազմում
է 400 դրամ (մոտ 75 սենթ): Ամեն օր ճաշի մեջ միս
են ունենում, որը ստանում են կալանավայրի ճագարների,
խոզերի ու կովերի տնտեսություններից: Անասուններին
խնամող և այլ օժանդակ աշխատանքներ կատարող կալանավորները
կարող են ամսական մինչև 5000 դրամ վաստակել (մոտ
10 դոլար), որը փոխանցվում է նրանց անձնական հաշվին:
Կալանավայրն ունի նաև կենդանաբանական և բուսաբանական
այգիներ, որտեղ աշխատանքները կատարում են անչափահասները:
Աշխատակազմի ղեկավար արդարադատության փոխգնդապետ
Ռոստոմ Մարտիրոսյանն ասում է. - «Անչափահասը, որ
մարդ է սպանել, խնամում է բույսերը, կենդանիներին,
և դա մեղմացնում է նրա հոգին»:
Գործում է նաև դպրոց, պրոֆտեխուսումնարան, մարզադահլիճ
և համակարգչային խմբակ: Սակայն ոչինչ չի փարատում
նրանց թախիծը, հատկապես տոն օրերին:
35-ամյա Աննա Ներսիսյանն ասում է. - «Մեկ տարի
ինն ամիսն այնպիսի դժվարությամբ չանցկացրի, ինչպես
այս մի քանի օրը: Այստեղ սկսում ես գնահատել ազատության
արժեքը»:
|