ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 17, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Հավատով կապված. փոփոխական այս աշխարհում մոլոկաններն ապավինում են հավատին և ավանդույթներին


Հենց որ Հայաստանում տեղում է առաջին ձյունը, Ֆիոլետովո տանող ճանապարհը դառնում է գրեթե անանցանելի: Սարերին ծվարած այս բնակավայր հատուկենտ մեքենաներ են հասնում այս ձմռանը, որը կարող է տանելի թվալ Երևանում, սակայն Ֆիոլետովոյում Սիբիր է հիշեցնում:

Գյուղն ամբողջությամբ պատվում է ձյունով, և վերևից միայն տների տանիքներն են երևում: Լոկ ծխացող ծխնելույզներն են կյանքի նշաններ ցույց տալիս:

Տպավորությունը փոխվում է, երբ մտնում ես գյուղ, որտեղ ամբողջ օրը լսվում է շների հաչոցն ու խաղացող երեխաների ձայնը: Ամենադյութիչ տեսարանը գյուղացիների արտաքին տեսքն է: Նրանք մոլոկաններ են՝ այս գյուղում մոտ 1000 հոգի, ովքեր ապրում են այնպես, ինչպես իրենց նախնիները դարեր առաջ:

Երկար մորուքը, կարմրավուն մազերը և յուրահատուկ ռուսական վերնաշապիկները, որ գոտկատեղում կապվում են պարանե գոտիով, բնորոշում են մոլոկան տղամարդուն: Կարմիր այտերը, խարտյաշ մազերը և ժպտերես դեմքը բնորոշ են մոլոկան կանանց, որոնց անհնար է մոռանալ:

Ռուսական այս աղանդը, որը ծագել է քրիստոնյա գյուղացիներից, ովքեր 17-րդ դարում հրաժարվել են ենթարկվել ռուս ուղղափառ եկեղեցուն, այսօր գոյություն ունի շնորհիվ իր չափազանց նվիրված անդամների, ովքեր մերժում են եկեղեցիների, սրբապատկերների կամ Սուրբ ծննդի աստվածայնությունը, և առաջնորդվում են Աստվածաշնչով:

«Մոլոկաններ» ռուսերեն նշանակում է «կաթ խմողներ»: Ասում են, որ նրանց սկսել են այդպես կոչել, քանի որ նրանք հրաժարվել են պաս պահել և կաթ են խմել:

Նրանք արժանացել են քամահրանքի և աքսորվել են ցարական իշխանության ժամանակ, սակայն մոլոկանները փրկվել են, և ասում են, որ նույնիսկ խորհրդային տարիներին այնքան դժվար չի եղել, որքան այսօր:

Ֆիոլետովոյի բնակիչ 33-ամյա Վիկտոր Զադորկինն ասում է, որ շրջանում աշխատանք չկա: «Բոլորը մոռացել են մեզ», - ասում է նա: Նրա ընկերը՝ նախկին լեռնագործ Սաշա Զադորկինը, դժգոհում է նույնից. «Մենք բոլորս դեռ ի վիճակի ենք աշխատել, սակայն աշխատանք չունենք: Մենք չենք հարմարվել շուկայական տնտեսության նոր կանոններին»:

Գործազրկության պատճառով Երևանից մոտ 140 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ֆիոլետովոն լքել են շատ ամրակազմ տղամարդիկ և կանայք: Նրանք այժմ իրենց ապրուստը վաստակում են Ռուսաստանում:

«Մեր օրենքների համաձայն, մենք չենք կարող թույլ տալ մեր երեխաներին հեռանալ, սակայն աղքատությունը ստիպեց», - արտասվելով ասում է 54-ամյա Աննա Զադորկինան, ում հինգ երեխաները մեկնել են Ռուսաաստան:

Չնայած իր երեխաներից բաժանված լինելու թախծին՝ Աննայի անվրդով հայացքն ու ուրախ ձայնն առողջ ուժ են ճառագում: Նա աշխուժանում է և, քանի որ դրանից հետո իրեն ավելի լավ է զգում, արդարանում է, թե Աստծո կամքն է: «Երբ մենք աղոթում ենք մեր եղբայրների և քույրերի առողջության համար, մենք նաև աղոթում ենք, որ մեր երեխաները չկտրվեն մեր համայնքից»:

Հավատն է, որ պահում է Աննային: Շաբաթ օրը նա մաքրում է տունը, հաց է թխում և պատրաստվում է կիրակնօրյա կրոնական հավաքին:

Չնայած նրա կյանքն ավելի հեշտ չէ, քան մյուսներինը, նա տեղի չի տալիս կյանքի դժվարությունների առաջ: Ուրախ-զվարթ մի գործ է գտնում տանը, իսկ տարիքը գրեթե հետքեր չի թողել նրա դեմքի վրա: «Ցանկացած հավատքի մեջ կա փրկություն», - միշտ ասում է նա:

Թխելուց մեկ օր առաջ Աննան պատրաստում է խմորը: Օգտագործում է ալյուր, խմորիչ, աղ և ջուր՝ մթերք, որ նրա կարծիքով, կարող է փրկել ցանկացած անհաջողությունից: Թխելուց առաջ կինն աղոթք է ասում. «Աստվա՛ծ, ուժ տու՛ր ձեռքերիս»:

«Եթե չեմ աղոթում, հացս լավ չի ստացվում», - բացատրում է նա:

Հացը սուրբ է մոլոկանների համար: Ամեն յոթերորդ կիրակի, եռօրյա պասից հետո, Ֆիոլետովոյի մոլոկանները կատարում են հացի զոհաբերության ծեսը: Աննան ասում է, որ կարևոր է, որ հացը թխված լինի «մաքուր» կնոջ կողմից, այսինքն՝ այրի կամ ծեր կնոջ կողմից, որը երկար ժամանակ ինտիմ հարաբերություններ չի ունեցել:

Հացը բերվում է հավաքների տուն և մատուցվում կրոնական ժողովից հետո: Հավատացյալներն այն համտեսելուց առաջ աղոթում են, հիշում մահացածներին և խնդրում առողջություն տալ իրենց հարազատներին:

Կիրակնօրյա հավաքները կարևոր տեղ են գրավում մոլոկանների կյանքում: Որպես տոն և Աստծո հետ շփման մեջ մտնելու միջոց՝ այդ ժողովները հատուկ պատրաստություն են պահանջում: Մաքրությունը, որը դիտվում է գրեթե որպես արարողություն, դրա կարևոր մասն է կազմում: Կանայք ասում են, որ Աստծո հետ խոսելու օրից առաջ յուրաքանչյուր տուն պետք է անթերի մաքրվի: Մաքուր պետք է լինի նաև յուրաքանչյուր անձ:

Պատրաստությունների մասին խոսելիս Աննան հանկարծակ հիշում է, որ մոռացել է տաքացնել լողասենյակը: Նա իսկույն կանչում է ավագ թոռանը և պատվիրում զբաղվել դրանով: «Չեմ պառկի քնելու, մինչև ես և ընտանիքս չմաքրվենք», - հավաստիացնում է նա:

Մոլոկանները հավատում են, որ լվացվելն օգնում է նրանց ազատվել բոլոր անմաքուր մտքերից ու արարքներից: Ամուսնական զույգերը կարող են հարաբերություններ ունենալ շաբաթվա բոլոր գիշերները, բացի շաբաթ լույս կիրակի գիշերվանից: Լոգանք ընդունելուց հետո նրանք անգամ մտածել չեն կարող այդ մասին, քանի որ պետք է մաքուր լինեն Աստծո հետ հաղորդակցվելուց առաջ:

Ֆիոլետովոյում ավանդական ռուսական բաղնիքներ գրեթե չեն պահպանվել: Մարդիկ հարմարվել են ժամանակակից ապրելակերպին և այժմ լողարանները տաքացնում են ջեռուցիչներով: Մի գյուղացի նույնիսկ սաունա է կառուցել:

Հավաքի օրը համայնքի բոլոր անդամները տոնական են հագնվում: Կանայք հագնում են սպիտակ գոգնոցներ և կապում են գլխաշորեր, և գյուղը ձնից էլ սպիտակ տեսք է ստանում: Առավոտյան բոլորը շտապում են եկեղեցի: Ժամը 10-ից հետո փողոցում ոչ ոք չի լինում: Բոլոր մոլոկանները գտնվում են այն չորս տներում, որտեղ անց են կացվում կրոնական ժողովները:

Եկեղեցիների փոխարեն մոլոկանները աղոթում են ժողովասենյակներում, որոնց միակ զարդարանքն անկյունների սպիտակ սրբիչներն են:

Միայն Զատկի արարողության ժամանակ է պահանջվում, որ բոլորը սպիտակ զգեստներ հագնեն: Մնացած դեպքերում մոլոկանները հագնում են բավականին խայտաբղետ զգեստներ: Կանայք երբեք տաբատ չեն հագնում: Նրանց սովորական հագուստը երկար ու պարզ զգեստներն են: Բոլորի մազերը երկար են: Կանայք ասում են, որ իրենք պետք է բնական վիճակում պահեն այն, ինչ իրենց տվել է Աստված: Այդ պատճառով էլ երբեք մազերը չեն կտրում:

Համայնքը բաժանվում է կարգերի: Գորգերով ծածկված երկար փայտե նստարաններին, բոլորից առաջ, նստում են տարեց անդամները: Համայնքի ավագը՝ քահանան, նստում է ձախից և հետևում է արարողության բոլոր մասնակիցներին: Տարեցներին դարձած շարքերը զբաղեցվում են ըստ տարիքի: Սկզբից՝ մեծերը, հետո՝ ավելի երիտասարդները: Նույն սկզբունքը վերաբերում է նաև կանանց, սակայն նրանք նստում են սենյակի հակառակ կողմում:

Յոթ շաբաթը մեկ մոլոկանները կատարում են «սեդմինա» կոչվող կիրակնօրյա արարողությունը: Մի քանի կանայք, սովորաբար հավաքների տանտիրուհիները, ամբողջ համայնքի համար ուտելիք են պատրաստում, և երբ արարողությունն ավարտվում է, ժողովասենյակում սեղան են գցում, որպեսզի համայնքի անդամները ճաշեն: Սկզբում մատուցում են թարմ հաց, պանիր և ինքնաեռներով թեյ: Նախքան սկսելը տարեցներից մեկն աղոթք է ասում:

Մոլոկանները թեյը խմում են բաժակներից և պանրի համար դանակ կամ պատառաքաղ չեն օգտագործում, ուտում են ձեռքով:

Սկզբում քար լռություն է տիրում: Միայն լսվում է թեյի բաժակներում շաքարը խառնող գդալների ձայնը: Սակայն հետո մարդիկ աշխուժանում են և սկսում խոսել միմյանց հետ: Քահանայի օգնականը երգելու ազդանշան է տալիս երիտասարդ աղջիկներին:

Բոլորը ոտքի են կանգնում: Մոլոկանների բազմաձայնությունն ու երգի ինքնամոռաց կատարումը շատ տպավորիչ է: Ոչ բոլորն են երգում առաջին տողերը: Սակայն հետո մթնոլորտը շիկանում է, և բոլոր ներկաները միանում են երգողներին, ոչ պարտադիր՝ բառերով: Ոմանք երգում են միայն մեղեդին:

Երբ երգն ավարտվում է, մատուցում են երկրորդ ճաշատեսակը՝ բորշը: Մարդկանց տալիս են փայտե գդալներ, և նրանք սկսում են ուտել մեծ թասերից: Չորս-հինգ հոգի ուտում են մեկ ափսեից:

Այժմ բոլորն աշխույժ են: Սկսում են ուրիշ երգեր երգել և բոլորն էլ երջանիկ են: «Դուք ասացիք, որ ես չափազանց երիտասարդ եմ» երգից բոլորն ընկնում են հավատքի ընդարմացման մեջ:

Մեներգում է մի երիտասարդ աղջիկ՝ Մարինան: Նրա վառ կապույտ աչքերը, կարծես, խոսում են ինչ-որ մեկի հետ, թեև նա ոչ մեկին չի նայում: Նրա դեմքից բացակայում է արտահայտությունը, նա այլևս սենյակում չէ: Երգելու ընթացքում նա սրբում է արցունքը: Հետո նրա ուսերը սկսում են շարժվել: Նրա շարժումները չեն հետևում երգի ռիթմին: Նրա մարմինն ավելի շուտ դողում է, քան պարում: Աստիճանաբար նա բարձրացնում է ձայնը: Այժմ, երբ նա բարձրացրել է ձեռքերը, նրա շարժումներն ավելի կտրուկ են դառնում:

Նման շարժումներ են անում նաև համայնքի մյուս անդամները: Նրանցից մեկը՝ Վիկտոր Իվանովիչը, նույնիսկ սկսում է ցատկել: Այս վիճակը շարունակվում է մինչև երգի ավարտը: Ավելի ուշ Մարինան ասաց, որ ոչ բոլորն են ի վիճակի զգալ այն, ինչ ինքը զգաց երգելիս: «Պետք է ուժեղ հավատ ունենալ: Սա դրա ամենավեհ պահն է»:


 

Voting Climate: Report say "extraordinary efforts required" to assure clean elections

Full story

 
 
 
 

Bound by Belief: Molokans hold on to faith and tradition in changed world

Full story

 
 
 
 

Politics: Ruling against Hovanissian renews debate about Kocharyan's citizenship

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.