Եթե
Երևանում տաքսու վարորդին խնդրում եք ձեզ տանել
Հանրապետության փողոց, պատրաստ եղեք տալ նաև Ալավերդյանի
անունը: Եվ հույս չունենաք, որ կգտնեք Փարպեցին,
եթե չգիտեք, որ ոչ վաղ անցյալում այն Ղուկասյանն
էր:
Երբ ձյան տակ կանգնած տաքսու վարորդից փորձեցինք
ճշտել, արդյոք արագ է կողմնորոշվում, երբ հաճախորդները
տալիս են փողոցների նորացված անվանումները, նա ցրտին
իր երկար կանգնելու հիմնական պատճառը, հավանաբար,
մեր հարցը համարելով՝ բղավեց. - «Զզվացրիք, էլի:
Էսօր մի անուն եք կպցնում, վաղը՝ մի ուրիշ: Մի անուն
դրեք՝ պրծեք: Ինչքան կոմունիստ կար, բոլորի անունները
փոխեցիք: Էս հիմիկվա գող-ավազակներից ինչո՞վ են
պակաս»:
Ավելի քան մեկ տասնամյակ Երևանում փոխում են փողոցների
ծանոթ անվանումները. ոմանք՝ հերոսներին մեծարելու
նպատակով, ոմանք՝ մյուսներին մոռանալու ձգտումով:
Եթե ինչ-որ օտար մեկը փորձի Հայաստանի պատմության
մասին պատկերացում կազմել մայրաքաղաքի փողոցների
անվանումներով, նրան պարզ կդառնա, որ 5-րդ դարում
գրերի գյուտից անմիջապես հետո Հայաստանը թևակոխել
է ղարաբաղյան պատերազմի փուլը:
1988 թվականից հետո, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը,
փողոցները սկսեցին կայծակնային արագությամբ վերանվանել:
Եվ ոչ միայն փողոցները, այլև դպրոցներն ու այլ հաստատություններ:
Լենին կնոջ՝ Կրուպսկայայի անունը կրող դպրոցը
վերանվանվեց Հայաստանի առաջին հանրապետության լուսավորության
նախարար Նիկոլ Աղբալյանի անունով:
Անկախացումից հետո Հայաստանի առաջին նախագահ Լևոն
Տեր-Պետրոսյանը բանասեր էր և բարձր էր գնահատում
հայոց պատմությունն ու մշակույթը: Նրա վարչակազմը
առանց ժամանակ վատնելու սկսեց փոխարինել փողոցների
խորհրդային անվանումները հայկական անվանումներով,
և փողոցները սկսեցին կրել հայ պատմիչների և արքաների
անունները՝ Տիգրան Մեծ, Վռամշապուհ արքա, Խորենացի,
Կողբացի, Կորյուն և այլոք:
Իսկ երբ հայտնվեցին ղարաբաղյան պատերազմի առաջին
զոհերը, նրանց անուններով վերանվանեցին փողոցներ
ու դպրոցներ, հատկապես մարզերում:
Հետո կատարվեց «հոկտեմբերի 27-ը», և խորհրդարանում
իրականացված ահաբեկչությունը հանգեցրեց անկախացումից
հետո անվանափոխումների ամենաակտիվ փուլին:
Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը,
համար 139 դպրոցը և Գլխավոր պողոտան՝ Սարյան փողոցից
մինչև Կողբացի, կրում են Կարեն Դեմիրճյանի անունը:
Վազգեն Սարգսյանի անունով կոչեցին Հանրապետական
մարզադաշտը, Սպայի տունը, մի փողոց և ռազմական ինստիտուտը:
Թեև Ղարաբաղում այժմ հարաբերականորեն խաղաղ է,
սակայն զոհված ազատամարտիկների և թաղապետերի անուններով
անվանակոչումները դեռևս շարունակվում են:
Ի մխիթարություն տաքսու վարորդների և զբոսաշրջիկների՝
անցյալ տարի անվանափոխումների գործընթացը դանդաղել
է. 2002 թվականին Երևանում վերանվանվել է ընդամենը
6 փողոց:
Սակայն դա բավական է հասարակայնությանը շփոթության
մատնելու համար, որը դեռևս սովորում է Ալավերդյանը
Հանրապետության անվանել և այլն:
Ժողովուրդը սովորում է մի անվան, օրինակ՝ Ամիրյան
փողոցին, և որքան ուզում ես ժողովրդին ասա, որ դա
Վռամշապուհ արքայի փողոցն է, միևնույն է, ասում
է Ամիրյան փողոց:
Երևանում գոյություն ունի հատուկ՝ Անվանակոչության
հանձնաժողով:
Հանձնաժողովի քարտուղար Իրինա Գրիգորյանի հավաստմամբ,
հանձնաժողովն այժմ նոր կարգ է մշակում, համաձայն
որի երկարաձգվելու են փողոցների անվանակոչության
և հուշատախտակների տեղադրման ժամկետները:
Փողոցների անվանակոչման կարգը որոշում է հանձնաժողովը,
որը դիմումներ է ստանում և որոշում է, թե որքանով
է տվյալ թեկնածուն արժանի, որպեսզի նրա անունով,
ասենք, փողոց անվանակոչվի:
Հանձնաժողովը կայացնում է որոշումներ, սակայն
այսօրվա հանրահայտությունը կարող է ապագայում խառնաշփոթ
առաջացնել, երբ մարդիկ փորձեն գտնել տարբեր անուններ
ունեցող նույն փողոցը:
|