Հազարավոր
այլ երիտասարդների նման, Անուշ Նաջարյանը մեկնեց
Ամերիկա իր կյանքը բարելավելու հույսով: Սակայն,
ի տարբերություն շատերի, նա վերադարձավ, որպեսզի
փորձի օգնել նրանց, ում կյանքն իր ստացած հնարավորությունները
չի ընձեռել:
Միսսուրիի և Իլինոյսի համալսարաններում (ԱՄՆ)
սովորելուց հետո Անուշը Սպիտակում հիմնադրել է «SpiTux»
դպրոցը, որտեղ երեխաները համակարգչային հմտություններ
են ձեռք բերում:
Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո Անուշը
շահել է Մասքիի դրամաշնորհը և մեկ տարի տնտեսագիտություն
է ուսումնասիրել ԱՄՆ-ում: Նա վերադարձել է Հայաստան
1995 թվականին, նաև որպեսզի աշխատի ամեն տարի Սպիտակում
Հայկական ուսանողական ջոկատների կազմակերպած ամառային
ճամբարում: Նախորդ երկու տարիներին Անուշը օժանդակել
էր ճամբարի կազմակերպմանը:
Նույն տարում Անուշն ընդունվել է Իլինոյսի համալսարան,
որը համակարգչային գիտությունների ասպարեզում ԱՄՆ
առաջատար հաստատություններից է:
Անուշը ստացել է համակարգչային գիտությունների
մագիստրոսի կոչում, իսկ հետո ավարտել է դոկտորանտուրան
մաթեմատիկայի գծով: Դոկտորանտուրայի համար վճարելու
համար նա մաթեմատիկա է դասավանդել նույն համալսարանում:
Այդտեղ էլ ծանոթացել և ամուսնացել է Սթիվ Շեփերդի
հետ:
Դոկտորի
կոչում ստանալուց հետո Անուշն աշխատել է Բոստոնի
«Stratus Technologies» համակարգչային ընկերությունում:
Աշխատանքն ապահովել է բարեկեցիկ կյանք և հնարավորություն
է տվել իրականացնել Սպիտակի երեխաներին օգնելու
նրա ցանկությունը:
Անցյալ ամառ նա թողել է իր աշխատանքը, գնել է
յոթ համակարգիչ, ցանցային սարքավորում, լազերային
տպիչ, թվային ֆոտոխցիկ և այլ սարքավորումներ և վերադարձել
է Հայաստան, որպեսզի ուսումնական կենտրոն հիմնադրի
երկրաշարժի գոտում:
«Շողեր» մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Շողեր
Ամիրխանյանը Անուշին տարածք է տրամադրել կենտրոնում
և հյուրընկալել է նրան իր տանը, և այժմ երկու-սենյականոց
դպրոցը համակարգչային հմտություններ է սովորեցնում
երեխաներին (և մի քանի մեծահասակների), այդ թվում՝
ինտերնետային էջերի ձևավորում, ծրագրավորում, անիմացիա
և համակարգչային գրաֆիկա: Կենտրոնը նաև մանկական
թերթ է հրատարակում:
Երեսնամյա մասնագետը համեստ է արտահայտվում իր
ծրագրերի և համարձակ քայլի մասին:
«Ես որոշեցի ինձ համար ստեղծել մազալու աշխատատեղ՝
չխլելով ուրիշից նրա աշխատատեղը, - ասում է նա,
- Այդպիսի մարդ չկար, որ ցանկանար զբաղվել հենց
այս գործով»:
Անուշը նաև անվճար դասախոսություններ է կարդում
ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում:
«Համալսարանում արդեն դասախոսներ կան և լավ էլ
դաս են տալիս, - ասում է նա, - Սակայն մարդ կա,
որ կարիք ունի տուն պահելու: Իսկ ես այս պահին կարող
էի ինձ թույլ տալ չաշխատել այնտեղ, որտեղ աշխատավարձ
են տալիս»:
Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ից
գործող «SpiTux» դպրոցի պաշտոնական բացումը (http://SpiTux.home.att.net):
Անուշին իրենց շնորհակալական խոսքն ասացին աշակերտները,
նրանց ծնողները, երևանյան բուհերի դասախոսներ, ՀԿ-ների
ղեկավարներ և Լոռիի մարզպետ Հենրիկ Քոչինյանը:
ԵՊՀ ամբիոնի վարիչ Սեմյոն Նիգիյանն ասաց. - «Մեզ
թվում էր, թե բարեգործները պետք է լինեն մեծահարուստ:
Պարզվում է, սակայն, որ դրա համար բավական է ունենալ
հարուստ հոգի»:
|