Երբ
Ազգային Ժողովը դեկտեմբերի 26-ին հաստատեց 2003
թվականի պետական բյուջեն, ծախսերին այն հատկացրեց
334 միլիարդ դրամ (մոտ 570 միլիոն դոլար): Այդ գումարի
մոտ 30 տոկոսն ակնկալվում է այլ երկրներից ստացվելիք
վարկերի և փոխանցումների (տրանսֆերների) տեսքով:
Այդ վարկերը կծախսվեն առաջնային համարված այնպիսի
ծրագրերի վրա, ինչպես տրանսպորտը, բնակարանային
տնտեսությունը, էլեկտրաէներգիայի և ջրային ռեսուրսները,
գյուղատնտեսությունն ու մշակույթը:
«90-ականների կեսերից Հայաստանը սկսել է վճարել
իր արտաքին պարտքը», - ասում է Ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության բյուջետային գործընթացի կառավարման
վարչության պետ Դավիթ Համբարձումյանը:
Գլխավոր վարկատուն Համաշխարհային բանկն է, որը
տրամադրում է վարկեր 0,75 տոկոս տարեկան տոկոսադրույքով
20-25 տարի վճարման ժամկետով:
Այսօրվա դրությամբ Հայաստանն ունի 781 միլիոն
դոլար արտաքին պարտք, որն ուղղվել է բյուջեի ճեղքվածքը
փակելուն: Այս տարի արտաքին վարկերի տոկոսները վճարելու
համար հատկացվել է 6 միլիարդ դրամ (10 միլիոն դոլար):
Ազգային պաշտպանությունն ու անվտանգությունը ստանում
են բյուջեի մեծ մասը՝ 19 տոկոսը, որը կազմում է
65 միլիարդ դրամ (111 միլիոն դոլար):
Սոցիալական ծրագրերը՝ կրթությունը, առողջապահությունը
և սոցիալական ապահովությունը, միասին կստանան 26
տոկոս: Կրթության և գիտության վրա կծախսվի մոտ 35
միլիարդ դրամ (59 միլիոն դոլար): Սոցիալական ապահովությունը
կստանա 31 միլիարդ դրամ (52 միլիոն դոլար), իսկ
առողջապահության վրա կծախսվի 21 միլիարդ դրամից
(36 միլիոն դոլար) քիչ ավելի:
Ըստ Համբարձումյանի, այս տարի Հայաստանն ավելի
շատ գումար կծախսի առողջապահության և կրթության
վրա, քան նախորդ տարիներին:
Մասնավորապես 2003 թվականին առողջապահության բյուջեն
ավելացել է 4,8 միլիարդ դրամով (8,2 միլիոն դոլար),
որն ուղղվելու է բժշկական սպասարկման որակի բարելավմանը:
Շուրջ
34 միլիարդ դրամ (58 միլիոն դոլար) կտրամադրվի բնակարանային
տնտեսությանն ու կոմունալ ծառայություններին, իսկ
տրանսպորտն ու հաղորդակցության միջոցները կստանան
37 միլիարդ դրամ (63 միլիոն դոլար):
Կառավարությունը նաև 9 միլիարդ դրամ (15 միլիոն
դոլար) կհատկացնի տեղական ինքնակառավարման մարմինների
բյուջեներին՝ միջկառավարական փոխանցումների (տրանսֆերների)
տեսքով:
Հարյուր հիսուն միլիոն դրամ է հատկացվում (256000
դոլար) կառավարական պաշտոնյաների ճամփորթական ծախսերին:
Կառավարությունը բյուջեում նաև հատկացրել է 4 միլիարդ
դրամ (6,8 միլիոն դոլար) չնախատեսված ծախսերի համար:
Բոլոր նախատեսված ծախսերով բյուջեի դեֆիցիտը կազմում
է 47 միլիարդ դրամ (80 միլիոն դոլար):
Այս տարի ազգային բյուջեի եկամուտները զգալիորեն
մեծացել են, որովհետև դրանում պաշտոնապես ընդգրկվել
են հաղորդակցության, մշակույթի և բնակարանային շինարարության
ոլորտների համար նախատեսված «Լինսի» հիմնադրամի
նվիրատվությունները (87 միլիոն դոլար):
Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են ծանոթանալ
իրենց վճարած հարկերը ծախսելու մանրամասն ծրագրերին,
կարող են 10000 դրամով (մոտ 18 դոլար) ձեռք բերել
«Պետական բյուջե» տեղեկագիրքը:
|