 |

Ընտրարշավ 2003. ծանոթացեք թեկնածուների հետ
|
 |
Ջուլիա Հակոբյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից |
Փետրվարի
19-ին նախագահ ընտրող Հայաստանի քաղաքացիների ընտրության
լայնույթը տարածվում է արդեն հինգ տարի պաշտոնավարող
նախագահից մինչև թոշակառու թեկնածուն:
Իրենց թեկնածություն են առաջադրել տասը թեկնածուներ,
որոնցից յուրաքանչյուրը գտնում է, որ երկիրը ղեկավարելու
համար ամենահարմարն ինքն է: Ոմանք խորհրդային և
նորանկախ Հայաստանի քաղաքականության վետերաններն
են, մյուսները քաղաքական ասպարեզ են դուրս եկել
ընտրարշավից մի քանի ամիս առաջ միայն:
Թեկնածուների մեծ մասի ընտրական պլատֆորմի անկյունաքարերն
են սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը, Լեռնային
Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ լուծումը, Սփյուռքի հետ
կապերի ամրապնդումը և երկրի տնտեսական զարգացումը:
Ստորև համառոտ ներկայացվում են թեկնածուները՝
իրենց անձնական, աշխատանքնային և ծրագրային տվյալներով:
|
|
|
 |
 |
Ռուբեն Ավագյան, Հայաստանի միացյալ կուսակցության
նախագահ և «Մանց» համալսարանի տնօրեն: Ծառայել
է Խորհրդային Հայաստանի տարբեր իրավապահ մարմիններում:
1995 թվականին Պաշտպանության նախարարությունում
հիմնել և գլխավորել է Միջազգային իրավունքի
բաժինը: Զորացրվել է 2000 թվականին՝ ազգային
անվտանգության գնդապետի կոչումով: Ամուսնացած
է, ունի երկու երեխա:
Նրա նախընտրական ծրագրում հատուկ ուշադրություն
է հատկացվում սահմանադրական բարեփոխումներին,
որոնք ուղղված են օրենսդրական, գործադիր և
դատական իշխանությունների բոլոր ֆունկցիաների
հստակ տարբերակմանը: Արտաքին քաղաքականության
ոլորտում առաջնայինը Հայ Դատի հարցն է: Նրա
ծրագրի կարևորագույն կետերից են երկքաղաքացիության
ընդունումը և անվճար առողջապահության ու կրթության
վերականգնումը սոցիալապես անապահով խավերի
համար:
|
|
 |
|
Ստեփան Դեմիրճյանը Հայաստանի ժողովրդական
կուսակցության նախագահն է՝ կուսակցություն,
որ հիմնել և գլխավորել է նրա հայրը՝ Կարեն
Դեմիրճյանը: 1988 թվականից մինչև այժմ «Մարս»
բաժնետիրական ընկերության տնօրենն է: Ամուսնացած
է, ունի երեք դուստր:
Նրա ընտրական ծրագրում նշվում է, որ բոլոր
առանցքային պաշտոնները տեղական ինքնակառավարման
մարմիններում պետք է լինեն ընտրովի, և ոչ
թե նշանակովի: Հարաբերությունները Ռուսաստանի
հետ պետք է լինեն գերակայող, համագործակցությունը՝
ավելի սերտ և արդյունավետ: Մամուլը պետք է
դառնա իսկական չորրորդ իշխանություն և պետք
է վայելի լիակատար ազատություն՝ անկախ ֆինանսավորման
աղբյուրներից: Սոցիալական քաղաքականությունում
հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահությանը
և ընտանիքների ամրապնդմանը:
|
|
 |
|
Արտաշես Գեղամյան, «Ազգային միաբանություն»
կուսակցության նախագահ, միացել է կոմունիստական
կուսակցությանը 1972 թվականին և դուրս է եկել
նրա կազմից 1990-ին: 1995 թվականից Ազգային
Ժողովի պատգամավոր է: Ամուսնացած է, ունի
երկու որդի:
Նրա ծրագրի ներքին քաղաքականության ոլորտի
առաջնային խնդիրներն են Հայաստանում տիրող
ընդհանուր ճգնաժամի հաղթահարումը և քաղաքացիական
հասարակության կառուցումը: Սփյուռքի և Հայաստանի
կառավարության միջև հարաբերությունների կարգավորման
նպատակով անհրաժեշտ է համարում ոչ-կառավարական
գործակալության ստեղծումը: «Ազգային միաբանությունը»
վտանգավոր է համարում սոցիալական բարեկեցության
պոպուլիստական խոստումները՝ առանց բացատրելու,
թե ինչպես են դրանք ապահովվելու:
|
|
 |
|
Արամ Հարությունյան, «Ազգային համաձայնություն»
կուսակցության նախագահ, 1998-1999 թթ. եղել
է Սահմանադրական բարեփոխումների նախագահական
հանձնաժողովի կազմում: 2000 թվականին հիմնադրել
և գլխավորել «Ազգային համաձայնություն» կուսակցությունը:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Կողմնակից է քաղաքական երկխոսության և բոլոր
երկրների հետ բարեկամական հարաբերությունների
վրա հիմնված արտաքին քաղաքականության: Սոցիալական
քաղաքականությունը պետք է ուղղված լինի հասարակության
ծայրահեղ բևեռացման նվազեցմանը, այսինքն՝
հարուստների և աղքատների միջև ճեղքվածքի նեղացմանը:
Մշակույթն ազգի գոյատևման վճռորոշ գործոնն
է և այն պետք է լինի ուշադրության կենտրոնում:
|
|
 |
|
Արամ Կարապետյան, 1996-1999 թթ. դոկտորանտուրա
է անցել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի
Սոցիալական և քաղաքական հետազոտությունների
ինստիտուտում: 2002 թ. Երևանում հիմնել է
«Պերսպեկտիվա» ռազմավարական հետազոտությունների
կենտրոնը: Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Գտնում է, որ առողջ քաղաքական դաշտ ստեղծելու
համար բոլոր քաղաքական կուսակցությունները
պետք է վերագրանցվեն: Առաջարկում է տրանզիտային
պայմանագրեր կնքել Վրաստանի հետ և կողմնակից
է հարկել սեփականաշնորհված, սակայն չգործող
գործարանները, որպեսզի ստիպեն սեփականատերերին
կամ վերագործարկել ձեռնարկությունները, կամ
էլ վաճառել դրանք ներդրողներին կամ պետությանը:
Պետք է հիմնել ռազմավարական կենտրոն, որը
պետք է 10-15 տարվա զարգացման ծրագիր մշակի:
|
|
 |
|
Ռոբերտ Քոչարյան, Հայաստանի գործող նախագահ,
զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը
1994-1997 թվականներին: 1997 թ. նշանակվել
է Հայաստանի վարչապետ: Հաղթել է 1998 թ. ընտրությունների
երկրորդ փուլում: Ամուսնացած է, ունի երեք
երեխա:
Նրա ծրագրում հիմնական շեշտը դրված է իրավական
պետության հիմքերի ստեղծման վրա: Արտաքին
հարաբերությունների ոլորտում հիմնվելու է
համագործակցության և կոմպլիմենտար քաղաքականության
վրա: Տնտեսական քաղաքականության ոլորտում
անհրաժեշտ է համարում նոր աշխատատեղերի ստեղծումը
(տարեկան 40000 աշխատատեղ), ներդրումների
համար բարենպաստ պայմանների ստեղծումը և Ազգային
համախառն արտադրանքի աճի բարձր տեմպերի պահպանումը
(տարեկան 8-10 տոկոս):
|
|
 |
|
Վազգեն Մանուկյան, Ազգային ժողովրդավարական
միության նախագահ, եղել է Հայաստանի ազգային
ժողովրդավարական միության հիմնադիրներից մեկը:
1990-1991 թվականներին եղել է Հայաստանի վարչապետը:
Հետո նշանակվել է Պաշտպանության նախարար:
Առաջադրել է իր թեկնածությունը 1996 և 1998
թվականների ընտրություններին: Ամուսնացած
է, ունի երեք դուստր:
Իր ընտրական ծրագրում առաջարկում է անցնել
խորհրդարանական պետության և հատուկ ուշադրություն
է դարձնում ժամանակակից տեխնոլոգիաներին,
ինտեգրացմանը միջազգային առևտրական և տնտեսական
համագործակցության ծրագրերին, բարձր վճարվող
աշխատատեղերի ստեղծմանը, ինչը կկրճատի արտագաղթը
և կնպաստի ներգաղթին:
|
|
 |
|
Գառնիկ Մարգարյան, «Հայրենիք և պատիվ» կուսակցության
նախագահ, 1993 թվականին թողել է Հայաստանի
Ներքին գործերի նախարարության աշխատակազմի
ղեկավարի պաշտոնը ազգային անվտնագության ծառայության
գնդապետի կոչումով: Ամուսնացած է, ունի երկու
երեխա:
Իր ընտրական պլատֆորմում պնդում է, որ Հայաստանի
առջև ծառացած խնդիրների միակ լուծումը ներկա
վարչակազմի տապալումն ու դրա փոխարինումն
է ժողովրդավարական սոցիալիզմով: Տնտեսությունը
պետք է հիմնվի սեփականության բոլոր տեսակների՝
պետական, կոլեկտիվ, թե մասնավոր, հավասարության
վրա:
|
|
 |
|
Արամ Սարգսյան, Հայաստանի ժողովրդավարական
կուսակցության նախագահ, առաջադրվել է 1996
թ. ընտրություններին, սակայն հանել է իր թեկնածությունը
հօգուտ ընդդիմության միասնական թեկնածուի:
1998-1999 թթ. եղել է նախագահի խորհրդականն
արտաքին քաղաքականության գծով: Ամուսնացած
է, ունի երեք երեխա:
Սարգսյանն անհրաժեշտ է համարում դիմակայել
ՆԱՏՕ-ի տարածմանն արևելք, կանխել Հայաստանի
և մյուս կովկասյան պետությունների ինտեգրացումը
ՆԱՏՕ-ի կազմում:
|
|
 |
|
Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության
նախագահ, 1999-2000 թթ. եղել է Հայաստանի
վարչապետը: «Երկրապահ» կամավորական միության
անդամ: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Իր նախընտրական ծրագրում հայտարարում է,
որ երկրի հույսն ընդդիմությունն է, որը պետք
է միավորվի, և երկրում պետք է ստեղծվի հանդուրժողականության
մթնոլորտ: Պետք է վերջ տրվեն միջկուսակցական
բախումներին: Պնդում է, որ Հայաստանը պետք
է տնտեսական ճեղքում իրականացնի, և կապում
է նրա ապագան բարձր տեխնոլոգիաների զարգացման
և միջազգային շուկաներ մուտքի հետ:
|
|
|
|
|
 |

|
 |