Երկնքից
հանդարտորեն թափվող նուրբ և փոքրիկ փաթիլները մի
հսկա ճերմակ սավան են հյուսում Ծաղկաձոր քաղաքի
և շրջակա լեռների վրա: Թվում է, թե ձյունն անշունչ
է թողնում մերկացած ծառերը՝ միաժամանակ վերածելով
ամեն ինչ ձմեռային դրախտավայրի:
Այստեղ՝ Երևանից դեպի հյուսիս երկու ժամվա հեռավորության
վրա գտնվող Ծաղկաձորում են հավաքվում բնության և
ձմեռային մարզաձևերի ու հանգստի սիրահարները: Ժամանում
են վաղ առավոտից՝ զինված դահուկներով և սահնակներով,
և շտապում են Թեղենիս լեռան ստորոտները, որպեսզի
ճոպանուղով սլանան դեպի լեռան բարձունքները:
Ճոպանուղու բացօթյա նստարանին մենակ նստած, կոշիկներով
դիպչելով ծառերի վերին ճյուղերի կատարներին, թռչնի
թռիչքի բարձունքից նայելով լեռներին ու հովիտներին՝
այցելուները սկսում են գիտակցել աշխարհի շշմեցուցիչ
գեղեցկությունը:
«Սա մի հրաշք բնություն է, - ասում է 20-ամյա
Գուրպրիտ Սինգհը Հնդկաստանից, որը սովորում է Հայաստանի
բժշկական համալսարանում և ձմռան ընթացքում մի քանի
անգամ իր համակուրսեցիների հետ այցելում է Ծաղկաձոր,
- Ես շատ սիրեցի այս վայրը, այն շատ դյութիչ է ինձ
համար»:
Խորհրդային տարիներին Ծաղկաձորը ԽՍՀՄ օլիմիպիական
հավաքականի գլխավոր մարզաբազան էր, որտեղ կլոր տարին
մարզվում էին տարբեր հավաքականներ: Քաղաքում կային
շուրջ երեք տասնյակ դպրոցական ճամբարներ, որտեղ
իրենց արձակուրդներն էին անցկացնում Հայաստանի հազարավոր
դպրոցականներ:
Խորհրդային Միության փլուզումից հետո ճամբարներն
ու մարզադահլիճները լքվեցին և թալանվեցին: Սակայն
վերջին մի քանի տարիներին Ծաղկաձորը քայլ առ քայլ
վերագտնում է հանգստի կենտրոնի իր համբավը:
«Հայաստանը ձմեռային մարզաձևերի զարգացման մեծ
ներուժ ունի, - ասում է Առևտրի և տնտեսական զարգացման
նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արթուր
Զաքարյանը, - Բնությունն իր կողմից ստեղծել է բոլոր
պայմանները»:
Զաքարյանի հավաստմամբ, այստեղ հնարավոր է զարգացնել
աշխարհում տարածված բոլոր ավանդական ձմեռային մարզաձևերը:
«Սակայն
իր ենթակառուցվածքով Ծաղկաձորն առայժմ պատրաստ չէ
ձմեռային մարզաձևերի կենտրոն դառնալու: Այն դեռևս
չունի համապատասխան փաթեթավորում, որը թույլ կտա
համաշխարհային շուկա դուրս գալ: Այժմ այն գործում
է միայն ներքին սպառողի համար»:
Բնական պայմանները Ծաղկաձորում ապահովված են,
սակայն բացակայում է բարձրակարգ հյուրանոցների ցանցը,
բարձրակարգ սպասարկումը, սննդի և վարձույթի կազմակերպման
կենտրոնները, որոնք կապահովեն զբոսաշրջիկներին դահուկներով,
սահնակներով և սնոուբորդերով:
«Այսօր այս համակարգերը պրիմիտիվ մակարդակի վրա
են», - ասում է Զաքարյանը:
Ներկայումս մշակվում է Ծաղկաձորի կառուցապատման
գլխավոր հատակագիծը, որի նպատակն է վերածել քաղաքը
զբոսաշրջության և սպորտի կենտրոնի:
«Մինչև ամառ՝ հատակագծի պատրաստ լինելուն պես,
ներդրողներին պիտի առաջարկենք այն հողատարածքները,
որոնք նախատեսված են հանգստյան գոտիներ և պանսիոնատներ
կառուցելու համար, - ասում է Ծաղկաձորի քաղաքապետ
Գարուն Միրզոյանը, - Համաձայն գործող օրենսդրության,
անցկացվելու է մրցույթ, որի արդյունքներով վորոշվելու
են հաղթողները»:
Ծաղկաձորն ունի ընդամենը 1700 բնակիչ, որոնք հիմնականում
զբաղված են սպասարկման ոլորտում: Որպես լրացուցիչ
վաստակի միջոց, նրանք նաև զբոսաշրջիկներին են տրամադրում
իրենց սենյակները, դահուկները, սահնակները և ձնագնացները:
Կարելի է վճարել 500 դրամ (մոտ 80 սենթ) և ձիով
բարձրանալ մինչև լեռան ստորոտը: Ժամը 3-5 դոլարով
կարելի է վարձել սովորական «ղեկով» սահնակ: Բայց
մի քիչ սակարկելուց հետո կարելի է նույն գումարով
վարձել այն ամբողջ օրվա համար: Դահուկների վարձը
սկսվում է 5000 դրամից (մոտ 8,5 դոլար): Ամենաթանկ
հաճույքն այստեղ ձնագնաց վարձելն է, որն արժե առնվազն
20 դոլար:
Չորս
հարյուր դրամով (մոտ 75 սենթ) ճոպանուղին կբարձրացնի
ձեզ լեռան վրա: Այն կառուցվել է 1970 թվականին,
ընդհանուր երկարությունը 4595 մետր է և ունի երեք
կայան: Թեղենիս լեռան բարձրությունը ծովի մակարդակից
3000 մետր է, իսկ սահուղու երկարությունը հինգ կիլոմետր
է:
Լեռան լանջերին կամավոր հերթապահություն են անում
«Սպիտակ» ջոկատի փրկարարները, որոնց հավաստմամբ,
պատահարի դեպքում մոտ 40 րոպե է պահանջվում տուժածին
ներքև իջեցնելու համար: Այս տարի երեք նման դեպք
է գրանցվել:
Քաղաքում ներկայումս գործում են երկու տասնյակից
ավելի հյուրանոցներ, որտեղ տաք ջրով, հեռուստացույցով
և հեռախոսով սենյակի միջին գինը 25 դոլար է: Ավելի
հարմարավետ պայմաններ նախընտրողները կարող են հանգստանալ
թանկ հյուրանոցներում, որտեղ սենյակների գինը հասնում
է 200 դոլարի:
Ավելի համեստ հնարավորություն ունեցողները կարող
են գտնել խորհրդային ժամանակներից քիչ փոխված սենյակներ՝
օրական 6 դոլարով: Սակայն գինը խոսում է հարմարությունների
որակի մասին:
«Ակնկալվում է, որ մոտակա հինգ տարիներին այստեղ
շատ հզոր ենթակառուցվածք կլինի, - ասում է զբոսաշրջության
վարչության պետը, - Դա արդեն մեր խնդիրն է, ինչպես
փաթեթավորել մեր ապրանքը՝ այն արտաքին շուկայում
ներկայացնելու և վաճառելու համար:
«Զբոսաշրջիկի համար առաջնահերթ պայմանները երկրի
կայունությունն ու ներքին անվտանգությունն են, իսկ
այս խնդիրները մեզ մոտ համեմատաբար բարձր հիմքերի
վրա են դրված»:
|