ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 7, 2003 




Սիբիրյան զոհաբերություն. «Դա ավելին էր, քան սերը...»


«Ես մեղադրում եմ ծնողներիս, որ ինձ բերել են այս սարսափելի աշխարհը։ Ես համարում եմ, որ առաջին հերթին նրանք են մեղավոր, հետո չեկիստները», - ասում է վերարկուների մեջ փաթաթված 80-ամյա Անտոնինա Մահարին, որի երևանյան բնակարանում Սիբիրը վերջին տարիներին հայտնվում է ցրտի տեսքով. այնտեղ այս պահին ջերմաստիճանը 0 է, երբեմն լինում է -1 կամ +1։

«Այստեղ ցուրտ է, բայց լավ է, որ այնպես սոված չեմ, հետո շատ շորեր եմ հագնում, որ չմրսեմ։ Բայց այստեղ էլ չեմ կարողանում լողանալ, այնտեղ տասը օրը մեկ բաղնիք էին տանում»։

«Այնտեղ»-ը վերաբերում է Սիբիրին և Անտոնինայի աքսորական հիշողություններին:

Աքսորից վերադառնալուց հետո էլ Սիբիրը չլքեց նրան. մի դեպքում հայտնվում է ցրտի ու քաղցի տեսքով, ինչպես այսօր, մի դեպքում՝ որպես հավատաքննիչ, ինչպես յոթանասունականներին, երբ ամուսնու՝ Գուրգեն Մահարու, «Այրվող այգեստաններ» վեպը վառում էին իրենց պատուհանի տակ։ Մի դեպքում այցելում է դստեր մահվան, մի դեպքում՝ որդու խելագարության տեսքով։

Սիբիրը դարձավ է դժբախտության խորհրդանիշ, որը մինչև օրս ուղեկցում է նրան։

Սիբիրն Անտոնինայի կյանք սկսեց սողոսկել 45 թվին, երբ գերմանացիներին հաջորդած խորհրդային իշխանությունները սկսեցին մաքրել Լիտվան իր զավակներից։

Վիլնյուսում չեկիստները փողոցում ձերբակալում են իրավաբանական ֆակուլտետի 22-ամյա ուսանողուհի Անտոնինա Պովիլայտիտիին, որն ընկերների հետ Լիտվայի անկախությունը պաշտպանելու համար հայրենասիրական խմբակ էր ստեղծել:

«Երբ ձերբակալում էին, ես միայն հպարտության զգացում ունեի, որ ես էլ եմ հերոս: Երբ բոլորին բռնում են, ինձ ինչու՞ պիտի չբռնեն։ Ի՜նչ է նշանակում երիտասարդություն»։

ԳՊՈւ-ի (ԿԳԲ-ի նախկին անվանումը) շենքի նկուղում 45 կանայք էին, որոնց ամեն օր տանում էին հարցաքննության ու ծեծում էին։ Իսկ ներքևի խցում մահվան դատապարտված տղամարդիկ էին, որոնք «խոստովանել էին իրենց մեղքերը» և սպասում էին դատավճռի իրականացմանը:

«Այնպե՜ս էին ծեծում հարցաքննություններին, որ անհնար էր դիմանալ։ Մի աղջիկ խելագարվեց։ Լեհ կոմսուհին, որին բռնել էին ազնվական լինելու համար, չդիմացավ տանջանքներին ու մահացավ։ Իմ դեմքը սևացել էր ծեծից, բայց ես շատ հանգիստ էի, ինչքան էլ ծեծում, հայհոյում էին, ես չէի վախենում»։

Երբ 1940 թվին Խորհրդային Միությունն առաջին անգամ գրավել էր Լիտվան, Անտոնինան տեսել էր, թե ինչպես են մարդկանց ընտանիքներով վագոնները բարձած տանում աքսոր։ Այժմ հազարավոր հայրենակիցների հետ իր հերթն էր հասել:

«Երբ մեզ տանում էին, փողոցներում մարդ չկար, կարծես բոլորին հավաքել էին։ Վագոնների մեջ մեզ լցրին ինչպես ապրանք, դռները ամուր փակեցին, և գնացքը շարժվեց»։

Նա դատապարտվում է 5 տարվա ազատազրկման և Էտապով այլ կալանավորների հետ տարվում սկզբում Կոմիի ինքնավար մարզ, հետագայում ավելի հեռու՝ Սիբիր՝ Օմսկ։ Նրանց տեղավորում են բարաքներում ու ամեն օր ոտքով 10 կիլոմետր ուղարկում աշխատանքի և երեկոյան կրկին ոտքով հետ բերում, բալանդա տալիս (հեղուկի մեջ լողացող մի երկու կտոր կաղամբով կերակուր) ու քնեցնում, որ առավոտյան կրկին տանեն աշխատանքի:

«Ձյունը սկսում էր հալչել մայիսին։ Սարսափելի ցրտեր էին այնտեղ։ Ես փայտե բահով ծառերի բներն էի ձյունից մաքրում, որ տղամարդիկ սղոցեն։ Հիմա ձյունը տանել չեմ կարող։

Հյուծված կալանավորներից շատերը չէին դիմանում աշխատանքին և ընկնում էին: Վերակացուները նրանց տեղում գնդակահարում էին»։

Վաթսուն տարի հետո նա հիշում է լիտվացի ուսուցչին, որ վերադարձի ճանապարհին քայլում-քայլում է ու ընկնում, գնդակ է ստանում ճակատին և այլևս երբեք ոտքի չի կանգնում։

«Ես նայում էի հայելու մեջ ու հիանում ինձնով՝ վառ կապույտ աչքեր ու սև երկար մազեր, որ հազվագյուտ էր լիտվացիների մեջ, ու չէի կարող պատկերացնել, որ կմեռնեմ այդտեղ»։

Լիտվայի հանրապետության նախարարներից մեկի կինը՝ չդիմանալով կալանավայրի պայմաններին, կախվում է:

«Նա ամբողջ աշխարհը շրջել էր, ասում էր, ինչ պետք է անել, որ դիվանագիտական հանդիպումներում՝ երկու ժամ անընդմեջ, հետաքրքիր կին մնաս, որ միշտ պետք է «ֆորմայի» մեջ լինել։ Չէր պատկերացնում ուտելն առանց անձեռոցիկի։ Նա սովոր էր բարձրաշխարհիկ կյանքի։ Սիբիրը նրա համար չէր, ու նա չդիմացավ։ Իսկ ինձ ամբողջ ժամանակ չէր լքում հույսը, որ կրկին կվերադառնամ Լիտվա, իսկ հետո կփախչեմ արտասահման և ընդմիշտ կազատվեմ բոլշևիկյան իշխանությունից։ Այդ հույսն էր ինձ ուժ տալիս»։

Անտոնինան փախուստի փորձ է կատարում, սակայն նրան բռնում են և տեղափոխում են ուրիշ ճամբար, որտեղ կյանքում միակ անգամ կորցնում է գիտակցությունը:

«Երբ աչքերս բացեցի, դիմացս բուժքրոջ դաժան դեմքն էր, ու ես ափսոսացի, որ այն աշխարհից վերադարձել եմ։ Սիբիրում ասում էին՝ երջանիկ է նա, ով չի ծնվել»։

Ազատազրկման հինգ տարիներն անցնում են և Անտոնինան օրերն է հաշվում, թե երբ պիտի հայրենիք վերադառնա։ Սակայն Չեկան նրա համար այլ ճակատագիր էր նախատեսել։ Ազատազրկման ժամկետը լրանալուց հետո նրան տեղափոխում են Ձերժինսկ քաղաք, որտեղ վարչական շենքի բակում ԳՊՈՒ-ի աշխատակիցը հայտարարում է. - «Այստեղ կլինի ձեր կյանքն ու գերեզմանը»։ Նա դատապարտվում է ցմահ աքսորի։

«Նույնիսկ այդ ժամանակ ինձ չէր լքում հույսը, որ մի օր կազատվեմ։ Զգում էի, որ աշխարհում հավերժ ոչինչ չկա»։

1952 թվին աքսորյալ ընկերուհու հետ Ձերժինսկից ուղարկում են հարևան կոլտնտեսություն՝ բերքահավաքի։ Այդ պարտադրված աշխատանքը կանանց շատ է տխրեցնում։ Ձիապանը մխիթարում է. - «Շատ մի տխրեք, այնտեղ մի բանաստեղծ կա, որ խոզ է պահում»։

Այդ խոզարածը Գուրգեն Մահարին էր, որի հետ մեկ տարի անց ամուսնանում է Անտոնինան։

Գուրգեն Մահարին այն հայ գրողների շարքում էր, որոնց ձերբակալել էին 1937 թվականին: Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, Զապել Եսայանը զոհվեցին. նրանց գնդակահարել կամ ծեծելով սպանել էին: Մահարին դատապարտվել էր տասը տարվա ազատազրկման, 47-ին վերադարձել էր և մեկ տարի անց կրկին աքսորվել։

Նա պառկած էր հիվանդանոցում՝ ստամոքսի խոցով ու թոքախտով: Կյանքը նրա մեջ մարում էր, և բժիշկները օր-օրի սպասում էին նրա վախճանին։ Սակայն Անտոնինան նրան հետ է բերում մահվան եզրից:

«Եթե այնտեղ մարդ մենակ մնա ու ձեռք մեկնող չլինի՝ կմեռնի։ Մեր լիտվացիները նրան կաթ էին բերում, նույնիսկ՝ օդեկոլոն։ Մյուս հիվանդները նախանձում էին Գուրգենին։ Նա մեր մարդն էր, այնպես դժբախտ, ինչպես մենք։ Դա այն սերը չէր, ինչպես մարդիկ այժմ պատկերացնում են, ավելին էր, քան սերը։ Մենք մարտական ընկերներ էինք, որոնց սերը ձևավորել էր միմյանց փրկելու ձգտումը»։

Մահարին Անտոնինային նվիրած բանաստեղծության մեջ գրում է.

Ինչու՞ ուշացար, գարուն աղջիկ,
Ինչու՞ ուշացար, վերջին կարոտ։

Ազատության ամենաիրական հույսն արթնանում է, երբ 1953-ին մեռնում է Ստալինը, որից տարուկես անց ամուսիններն ազատվում են աքսորից։ Ստալինի մահվան լուրը Մահարու համար բուժիչ նշանակություն է ունենում. «Ուրեմն ես կապրեմ», - ասում է նա։

«Մենք շնորհավորում էինք միմյանց։ Սակայն արտաքուստ տխուր դեմք էինք ընդունում։ Ինչ լավ է, որ աշխարհում կա մահը, որը չի խնայում ոչ մի բռնակալի»։

1954 թվի ամռանն իրենց չորս ամսական դստեր՝ Նազիկ-Ռութայի հետ վերադառնում են Երևան։ Երկու ամիս անց Ռութան մահանում է:

«Իմ խեղճ սիբիրյան գեղեցկուհի: Նրա մահն իմ ու Գուրգենի մեծ ողբերգությունն էր»։

Տասներեք տարի անց Անտոնինան այցելում է Լիտվա, սակայն հարազատներից ոչ մեկին չի կարողանում գտնել։ Գիտեր, որ եղբայրը պատերազմի ժամանակ փախել է Ամերիկա, սակայն չգիտեր, թե որտեղ է նա։ Չկար մի ծանոթ, որից կարողանար տեղեկություններ ստանալ ազգականների մասին։ Խորհրդային և գերմանական զորքերն այնպես էին տրորել Լիտվան, որ շատ հարազատներ իրար կորցրել էին առհավետ:

«Ես շատ էի սիրում ծնողներիս, աղոթում էի Աստծուն, որ նրանք իմ ներկայությամբ չմեռնեն։ Մի քանի ժամով բացակայում էին՝ խելքս գնում էր, չէի դիմանում։ Եվ Աստված այնպես արեց, որ նրանց մահը չիմանամ»։

Երկրորդ անգամ Անտոնինան վերապրում է Սիբիրը 1966 թվին, երբ հրատարակվում է Մահարու «Այրվող այգեստաններ» վեպը, որը նկարագրում է գրողի հայրենի Վան քաղաքի կյանքն ու 15 թվի գաղթը։

Վեպը դարձավ հայ մտավորականության ու իրենց հայրենասեր համարողների հարձակումների թիրախը։ Նրանք անհանդուրժելի էին համարում, որ ցեղասպանության պատճառներից մեկը վեպում համարվում էր հայ հեղափոխականների գործունեությունը, որոնք գրգռեցին թուրքական իշխանություններին և դրա հետևանքով ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։

Նաև համարում էին անբարոյական քարոզ, որ հերոսը՝ Օհաննես աղան, սեռական կապի մեջ է մտնում իր մահացած եղբոր կնոջ հետ:

Անտոնինան հիշում է, թե ինչ արձագանքի էր արժանացել իր ամուսնու վեպը:

«Մեր պատշգամբն էին նետում քարեր, աղբ։ Փոստարկղը լցված էր անանուն նամակներով՝ «Անիծյալ թուրք», «Մեկ է, սպանելու ենք քեզ»։ Գրքերը խարույկի մեջ էին գցում։ ուրգենը գիշերը քնից արթնանում էր ու գոռում՝ չեմ դիմանում։

«Ուզեց իրեն պատշգամբից նետել։ Նա աշխարհից գնաց ահավոր վիրավորված։ Որ մեռնում էր, ասեց՝ գնամ, վերջապես հանգստանամ»։

Մահարին մահանում է 1969 թվականին՝ 66 տարեկանում: Նրա մահվանից մեկ տարի անց հոգեկան հիվանդություն է ստանում նրանց 15 տարեկան որդին՝ Գուրգենը:

«Որ հորը մեռած տեսավ, ասաց՝ ես հիմա հասկանում եմ, ինչ է մահը՝ մարդ ոչինչ չի լսում, ոչինչ չի զգում, ոչինչ չի հասկանում։ Հետո կամաց-կամաց անկումը սկսվեց։ Մեր ընտանիքի վրա հաստատ անեծք կար»։

Մահարու ճակատագիրն Անտոնինային անքակտելիորեն կապում է նրա համար օտար Հայաստանին՝ վերածելով նրա կյանքը զոհաբերության հայ գրողին։

Սկզբում, աքսորից հետո, հիվանդ ամուսինը մշտապես ասում էր կնոջը, որ եթե նա իր հետ Հայաստան չգա, ինքը կմահանա։ Հետագայում մահվանից առաջ խնդրում էր, որ նա Հայաստանից չհեռանա, որ պատմի իր տառապանքների մասին:

Մահարու մահից հետո սկսվում են Անտոնինայի հալածանքները, այն բանի համար, որ օտար լինելով՝ այդ կինը համարձակվում էր մնալ Հայաստանում և փորձում էր վառ պահել գրողի հիշատակը.

«Թքում էին դռան վրայի «Գուրգեն Մահարի» մակագրության վրա: Ծեծում էին դուռը ու ասում՝ էդ թուրքի շանը տուն-թանգարա՞ն ես ստեղծում: Գնա մեր երկրից, սա քո տեղը չի:

«Մեկը ձեռը բարձրացրեց, որ խփի, լավ է՝ չխփեց: Եթե Գուրգենը մեռներ բարեկամներով շրջապատված, իր փառքի գագաթին, չէի մնա Հայաստանում։ Դարձա նրա տառապանքների կենդանի վկան։ Հիմա այս տունը թանգարանի եմ վերածել, որը մեկ-մեկ հեռուստատեսությամբ ցույց են տալիս, ու ես այդ ժամանակ ուրախանում եմ, քանի որ Գուրգենն այդ պահին կենդանանում է»։

Բնակարանում նույնությամբ պահպանված են Գուրգեն Մահարու կահույքը, իրերը և հին փայտե ճամպրուկը՝ աքսորականի նրա հագուստով։ Հյուրասենյակի խունացած պատերը ծածկում են Մահարու լուսանկարները։ Անտոնինայի երազանքն է հրատարակել «Իմ ոդիսականը» հուշերը (գրքի հակիրճ տարբերակը 10 տարի առաջ հրատարակվել է Բեյրութում), որով կկատարվի ամուսնու վերջին ցանկությունը։

Երազում է վերադառնալ Լիտվա, որտեղ նախկին քաղբանտարկյալներն առանձնահատուկ ուշադրության են արժանանում, արտոնություններ ու բարձր թոշակներ են ստանում:

«Մենք Լիտվայում ոսկու գին ունենք, մեզ գուրգուրում են, մեր հիշողությունները հրատարակում։ Այստեղ ոչ մեկին պետք չեմ, ում է հետարքրում իմ գիրքը, երևի նախկին չեկիստները ազդեցություն ունեն և չեն ցանկանում, որ այն տարիների մասին ճշմարտությունը տպվի»։

Իսկ ինչպե՞ս վերադառնա հայրենիք: Վիզա ստանալու համար պետք է Մոսկվա մեկնի, ի՞նչ միջոցներով, հիվանդ որդուն ու՞ր թողնի։ Ամերիկա գնալը հիմա ավելի հեշտ է, քան Լիտվա։

Սակայն դեռևս Անտոնինային Հայաստանում է պահում ևս մի պատճառ՝ Մահարու ծննդյան հարյուրամյակը, որ նշվելու է այս տարվա աշնանը։

«Ես ուրախ եմ, որ ամբողջ կյանքս պարտվածների հետ եմ եղել։ Հաղթողներն առանց ինձ էլ կապրեն»։

Պարտված Լիտվա, պարտված աքսորականներ, պարտված Մահարի: Եվ այսօր, երբ նրա հայրենիքն անկախություն է ստացել ու նախկին քաղբանտարկյալներն այնտեղ հաղթողներ են, նա Հայաստանում կրկին պարտված աղքատների մեջ է: Բնակչության 51 տոկոսը, պաշտոնական տվյալներով, աղքատ է, որի 16 տոկոսը՝ շատ աղքատ: Այդ շատ աղքատների մեջ են մտնում Անտոնինան և նրա որդին:

Անտոնինայի թոշակն ամսական 4500 դրամ է (մոտ 8 դոլար), որդու հաշմանդամության թոշակը՝ 3000 դրամ (6 դոլար): Ստանում է նաև 4000 դրամ աղքատության նպաստ: Այդ ամբողջ գումարն ընդամենը կազմում է մոտ 20 դոլար: «Աղքատներից ամենաաղքատները» օրական ծախսում են մոտ 1 դոլար: Նրա և նրա որդու յուրաքանչյուրի օրական ծախսը մոտ 33 սենթ է։ Սնվում են միայն վարսակով, իսկ բնակարանը տաքացնելու մասին չի էլ մտածում:

Հալածվել է քաղաքական հայացքների համար, հալածվել է սիրո համար: Այժմ հալածանքների է ենթարկվում անտարբերության և հանկարծ ծագած սոցիալական խնդիրների դանդաղ լուծումների պատճառով:

«Իշխանությունները մեզ համարում են, երևի, գնացողներ ու մեր մասին չեն մտածում։ Հայերը երևի դաժան են, քանի որ այս երկրում միայն թալանն ու սպանությունն են իշխում»։


  Inside
 

Decision 2003: Meet the candidates

Full story

 
 
 
 

Decision 2003: Guns, knives, fighting in Artashat. Politics as usual?

Full story

 
 
 
 

Change of Change: New dram coins being circulated into currency current

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge

Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Ups and Downs of Campaign 2003

In the second week of campaigning, crowds turned out to cheer President Robert Kocharyan. And a crowd turned riotous at a rally for Aram Karapetyan, leaving MP Hayk Babukhanyan recovering from a stabbing.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.