Մի
քանի ամիս կարդում էր «Աննա Կարենինան», իսկ հիմա
ձեռքին Տոլստոյի «Զբոսանք ցերեկով և քսաներեք հեքիաթներն»
են: Մարդիկ կանգնեցնում են նրան փողոցում և հեշտությամբ
զրույց են սկսում: «Ինձ ամերիկացի ամուսին գտիր»,
- բղավում է նրան խոշորամարմին մի կին, մինչ նա
կարտոֆիլ է գնում Կոմիտասի շուկայից:
Ընկերների մի մասը նրան Զի է կոչում, մյուսները
գերադասում են ազգանունը՝ Նասեր: Նա 32 տարի ապրել
է Միացյալ Նահանգներում և երբեք չէր կարծում, որ
կյանքն իրեն կբերի Հայաստան: Ոչ էլ կարծում էր,
որ ջազը կդառնա իր միակ զբաղմունքը:
Նյույորքցի սաքսաֆոնահար Զաիդ Նասերն, որն այժմ
34 տարեկան է, իր տաղանդը նվիրաբերած կլիներ ամերիկացի
հանդիսատեսին, եթե չհայտնաբերեր իր համար Երևանի
ընկերական շրջապատը:
Նյու Յորքում ծնված Զաիդը դպրոցն ավարտելիս մտադիր
էր շարունակել ուսումը հաղորդակցությունների գծով,
սակայն նրա առաջին սերը միշտ էլ երաժշտությունն
էր: Դա անցել էր նրան հորից՝ Ջամիլ Նասերից, որը
տարիներ շարունակ նվագել էր Բի.Բի. Քինգի նվագախմբում:
Տարիներ անց Զաիդը նվագում էր Նյու Յորքի «Սմոլզ»
ջազ ակումբում, որտեղ նրան հանդիպեց Վահագն Հայրապետյանը
և հրավիրեց նվագելու Հայաստան:
Նա ժամանեց Հայաստան 2000 թվականի սեպտեմբերին՝
իր ծննդյան օրը և արժանացավ այնպիսի ընդունելության,
որ պատկերացնել անգամ չէր կարող:
«Նյու Յորքը բոլորովին ուրիշ է, այնտեղ երկու-երեք
ընկեր կարող ես ունենալ, - ասում է նա, - Այնտեղ
չես ճանաչում անգամ հարևանիդ, իսկ այստեղ մարդիկ
հրաշալի են և շատ ջերմ են»:
Ի տարբերություն շատ օտարերկրացիների, որոնց աշխատավարձերը
համապատասխանում են իրենց երկրների ստանդարտներին,
ջազմենն ապրում է իր երաժշտությամբ՝ ամսական վաստակելով
200 դոլարից քիչ ավելի, որի կեսը գնում է երկու-սենյականոց
բնակարանի վարձին:
Նասերն ասում է, որ սկսել է սիրել տոլման, սակայն
իր համար ապուրներ է եփում, որոնք, իր երաժշտության
նման, թույլ են տալիս իրեն «իմպրովիզացիաներ» անել:
Վերաբնակ երաժիշտը գրեթե ամեն ինչում նման է իր
հայ գործընկերներին՝ մի պարզ բացառությամբ, որ սևամորթ
է այս լիովին սպիտակ միջավայրում: Իսկ դրա հետ նա
այստեղ պետք է համակերպվեր:
Ակումբում
ջազ նվագելը մի կատարյալ հաճույք է Զաիդի համար,
մինչդեռ փողոցով քայլելը, ինչպես ինքն է խոստովանում,
միշտ չէ, որ հաճելի է լինում: Մարդիկ սևեռուն հայացքով
իրեն են նայում, երբեմն նույնիսկ ծիծաղում են:
«Դա ինձ այլևս չի անհանգստացնում, որովհետև ես
հասկանում եմ, որ միայն տգետ մարդիկ են այդպես անում,
- ասում է նա, - Բայց միևնույն է, երբեմն դա ինձ
վշտացնում է, քանի որ ես չեմ կարող պատասխանել:
Կուզենայի հայերեն իմանալ, որպեսզի հարցնեի նրանց,
թե ինչն է նրանց իմ մեջ ծիծաղելի թվում»:
Սակայն Զաիդին մխիթարում է այն, որ ինքը միշտ
շրջապատված է ընկերներով, և իր գույնը նրանց համար
ոչ մի նշանակություն չունի:
Մեկ այլ բան, որով Զաիդը տարբերվում է մյուսներից,
նրա ապակյա աչքն է: Ծնված օրվանից նա տեսնում է
մեկ աչքով և ստիպված է եղել շատ ժամանակ անցկացնել
հիվանդանոցներում: Սակայն դա լուրջ պակասություն
չի համարում, քանի որ «կարողանում է անել այն ամենը,
ինչ անում են նորմալ մարդիկ»:
«Նա շատ լավ ընկեր է, - ասում է Զաիդի հետ նվագող
մեկ այլ երաժիշտ Գևորգ Հովհաննիսյանը, - և երբ նվագում
է, նրա դրական էներգիան ազդում է մեզ վրա»:
Նվագախումբը, որում նա նվագում է, միշտ նույն
կազմը չի ունենում: Չորս-հինգ երաժիշտ են, որոնք
մշտապես փոխվում են: Սակայն բեմին սովորաբար լինում
է դաշնամուր, հարվածային, վիբրաֆոն, կոնտրաբաս և
Զաիդի սաքսոֆոնը:
«Կարևորն այն ունիսոնն է, որ կարողանում ենք ստեղծել»,
- ասում է վիբրաֆոնահար Տիգրան Փեշտալմաջյանը:
Ներդաշնակությունը, որին հայ երաժիշտները հասնում
են նյույորքցի երաժիշտի հետ միասին, Տիգրանի խոսքերով
ոչ միայն պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է, այլ հատկապես
այն ընկերական և անկաշկանդ միջավայրի, որ կարողանում
է ստեղծել Զաիդը:
Նրա
ներկայությունը Հայաստանում, հատկապես խորհրդային
տոտալիտարիզմի և արտասահմանյան երաժշտության անմատչելիության
տասնամյակներից հետո, նաև ջազի իրենց փորձի և կատարողական
արվեստի փոխանակման հնարավորություն է ընձեռում
տեղի երաժիշտներին:
«Մենք միշը ինչ-որ բան ենք սովորում նրանից, նա
էլ սովորում է մեզնից», - ասում է կոնտրաբասահար
Սիմոն Դոլմազյանը:
Երբ նրան հարցնում են, արդյոք մտադիր է վերադառնալ
Նահանգներ, Զաիդը ժպտում է և ասում է, որ աշխատանքի
իր թույլտվությունը դեռ մեկ տարի ուժի մեջ է:
Չնայած համեստ աշխատավարձին, բնակարանի ցածր ջերմաստիճանին,
ամերիկացի ամուսին պահանջող կանանց մշտական հետապնդումներին
փողոցներում, նա ասում է, որ երջանիկ է, որ այսքան
ընկերներ ունի Հայաստանում.
«Ինձ համար այստեղ լինելը շատ հետաքրքիր և էկզոտիկ
է»:
|