Անցյալ
ամիս, երբ ամբողջ հանրապետության առևտրի կենտրոններում
հայտնվեցին 20-դրամանոց մետաղադրամները, շատերի
ոգևորությունն այնքան մեծ էր, որ սկսեցին նոր մետաղադրամները
նվիրել իրենց մտերիմներին:
Տասը-դրամանոց մետաղադրամներն արդեն մի քանի տարի
շրջանառության մեջ են, սակայն պղնձագույն 20-դրամանոցները
(մոտ 4 սենթ) նորություն են:
«Դեռևս տարիներ առաջ թողարկվեցին մետաղադրամ «լումաները»,
սակայն սղաճի պատճառով դրանք այնքան արժեզրկվեցին,
որ ամբողջովին դուրս մնացին շրջանառությունից, -
ասում է ՀՀ Կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների
և դրամական պահուստների վարչության պետ Գևորգ Թումանյանը,
- Այսօր, հաշվի առնելով մետաղադրամի որոշ առավելություններ,
նորից սկսվել է տարբեր արժեքի և արտաքինի մետաղադրամների
թողարկումը»:
Կենտրոնական բանկի աշխատակիցների հավաստմամբ,
մետաղադրամների թողարկման ամենակարևոր նախապայմանը
դրանց պրակտիկությունն է:
Թումանյանն ասում է, որ ներկայումս շրջանառության
մեջ գտնվող 10, 25, 50 և այլ թղթադրամները հիմնականում
մաշված և վնասված են, ձեռքից ձեռք են անցնում, բանկային
համակարգ չեն մտնում և ամբողջովին շարքից դուրս
են գալիս:
«Ի տարբերություն թղթադրամների, մետաղադրամները
կարող են օգտագործվել 15 տարուց ավելի, - ասում
է Թումանյանը, - Ուստի ավելի նպատակահարմար է մեկ
անգամ գումար ծախսել և թողարկել մետաղադրամ, և այս
դեպքում խնայողությունը կլինի երկար տարիների համար:
Իսկ ամենակարևորն այն է, որ կլուծվի մաշված մանր
թղթադրամների խնդիրը»:
Շրջանառության մեջ են մտցվել 30 միլիոն դրամ արժողությամբ
(մոտ 51700 դոլար) 20-դրամանոցներ:
Նոր
մետաղադրամները թողարկվել են Լեհաստանի դրամահատարանում:
Մետաղադրամի չափսը և բաղադրությունը (պղինձ) ընտրվել
է՝ հաշվի առնելով որոշ նրբություններ և միջազգային
փորձը:
«Մետաղադրամ թողարկելով՝ մենք պարտավոր ենք հաշվի
առնել նաև մեր հարևան երկրներում կիրառվող մետաղադրամների
պարամետրերը», - ասում է Թումանյանը՝ ավելացնելով,
որ ընտրություն կատարելուց առաջ ուսումնասիրվել
են 80-100 երկրների մետաղադրամները:
Քսան-դրամանոց մետաղադրամներն առաջինն են այն
մետաղադրամների շարքում, որոնք շրջանառության մեջ
կդրվեն այս տարի: Դրանց թվում են 50, 100, 200 և
500-դրամանոց մետաղադրամները՝ բոլորն էլ տարբեր
մետաղական բաղադրությամբ: 500-դրամանոց մետաղադրամը
(մոտ 80 սենթ) կլինի եվրոյի նման՝ մեջտեղը սպիտակ
մետաղից, իսկ արտաքինից՝ արույրե դեղին շրջանակ:
|