|
Հաջորդ
հնարավոր
ծնողի
սպասումով...
|
Երբ բացվում է նրանց սենյակի դուռը, Քանաքեռ-Զեյթունի
մանկատան երեխաները նայում են սպասումով լի հայացքներով,
կարծես ամեն ներս մտնող մեծահասակ կարող է այստեղ
եկած լինի իրենց տուն տանելու համար:
Երկու տարեկան Վահանը վազում ու ջերմորեն փարվում
է անծանոթ կնոջը՝ համբուրելով նրան ու ձեռքերով
շոյելով նրա դեմքը: Երեխաներից մեկը հարցնում է.
«Դուք նրան տու՞ն եք տանելու»:
Այդ հարցին հազվադեպ են հաստատական պատասխան տալիս:
1967-1999 թվականներին այս շենքը մանկապարտեզ
էր, որտեղ մանուկները հանգստանում ու խաղում էին,
իսկ երեկոյան մայրիկների ու հայրիկների ձեռքն ապահով
բռնած գնում տուն: Սակայն հինգ տարի առաջ ժամանակի
պահանջով այն վերածվեց մանկատան, որպեսզի հոգա այն
հայ մանուկների կարիքները, որոնց ծնողները կամ չեն
ցանկացել կամ էլ ի վիճակի չեն եղել պահել նրանց:
Մանկատունը հարազատ տուն է դարձել 113 նման երեխաների
համար, որոնք բաժանված են տարիքային խմբերի՝ 1-ից
8 տարեկան: Այստեղ նրանց կերակրում ու կրթում են`
շրջապատած խաղալիքներով ու ջերմ ժպիտներով:
Նույն տարիքային խմբի երեխաները տեղավորված են
նույն սենյակում, որը միաժամանակ ննջասենյակ, ճաշասենյակ
ու խաղասենյակ է: Մանկատան լողասենյակները վերջերս
նորոգվել են ֆրանսիական բարեգործական մի կազմակերպության
միջոցներով: Ութ տարին լրացած երեխաներին տեղափոխում
են «Զատիկ» մանկատուն, որը նախատեսված է ավելի մեծ
տարիքի երեխաների համար:
«Չափազանց դժվար է հարազատ դարձած երեխաներին
տալ ուրիշի ձեռքը, սակայն այստեղ նրանց պարզապես
հնարավոր չէ պահել», ասում է ավագ մանկավարժ Քնարիկ
Զաքարյանը: Այս մեծ ընտանիքի «ծնողները» հաճախ են
այցելում իրենցից հեռացած երեխաներին և երբեք չեն
մոռանում նրանց ծննդյան օրերը:
|
Մանուկներով լի սենյակը կարելի էր այլ կերպ ջեռուցել...
|
Մանկատան ամենափոքրիկը բնակիչը 1 տարին չբոլորած
Թագուհին է, որն ընդամենը մեկ շաբաթ առաջ է բերվել
մանկատուն: Այսօր նա ցրտից կծկվել է իր խնամակալի
գրկում ու գլուխը դրել նրա կրծքին:
Իսկ 4-ամյա Ջուլիան նկարում է: Նա ասում է, որ
նկարում իր մայրիկն է: «Ես գիտեմ, որ իմ մայրիկը
չի գալու, որ ինձ տուն տանի, - ասում է փոքրիկ աղջիկը:
- Ես այստեղ եմ մնալու, սա է իմ տունը»:
34 տարվա շենքը կառուցման օրվանից չի նորոգվել,
սակայն մանկավարժների հմուտ ձեռքերով հնամաշ պատերը
զարդարվել են նկարներով, երեխաների պատրաստած տիկնիկներով
ու այլ աշխատանքներով:
Քանաքեռ-Զեյթունի մանկատունը կատարյալ տուն չէ
երեխաների համար, սակայն ո՞ր վայրը այդպիսին կլիներ
նման ճակատագրի արժանացած մանուկների համար: Բայց
երբ գալիս են աշունն ու ձմեռը, այն ավելի անհրապույր
է դառնում:
Սենյակները ջերմամեկուսացրել են պոլիէթիլենով,
էլեկտրական ջեռուցիչներ են միացնում, սակայն 60-70
քմ սենյակի ջերմությունը 13 աստիճանից չի բարձրանում:
Մանկատանը պետք է սեփական կաթսայատուն, սակայն
նման թանկ ծախս՝ մոտ 22000 դոլար, պետբյուջեում
նախատեսված չէ: Ամեն տարի պետությունը 80000 դոլար
է հատկացնում մանկատանը, թեև նորմալ գործելու համար
նրան անհրաժեշտ է ավելի քան 140000 դոլար:
«Ամեն տարի հսկայական գումարներ ենք ծախսում էլեկտրաէներգիայով
տաքացնելու համար և, միևնույն է, տառապում ենք ցրտից»,
ասում է մանկատան տնօրեն Գրետա Հարությունյանը:
Ըստ նախնական հաշվարկների կաթսայատունն արագ կհատուցի
ծախսերը, քանի որ կփոխարինի թանկ էլեկտրական ձեռուցիչներին՝
միաժամանակ ապահովելով մանուկներին անհրաժեշտ 18-20
աստիճանը:
Հարությունյանի հավաստմամբ էլեկտրաէներգիայից
խնայված գումարներով հնարավոր կլիներ բարելավել
երեխաների սնունդը և հագուստը, ավելացնել էքսկուրսիաների
թիվը:
«Ծնողների ջերմությունից զրկված այս փոքրիկներն
առավել, քան մեկ ուրիշը կարիք ունեն տաքանալու ու
հարմարավետ պայմաններում ապրելու, որպեսզի մոռանան
իրենց լքված լինելու հիշողությունը, հարազատ տուն
ունենալու երազանքը», ասում է Զաքարյանը:
Քանաքեռ-Զեյթունի մանկատան մասին լրացուցիչ
տեղեկությունների համար կարող եք զանգահարել (374-1)
25-15-86 կամ (374-1) 25-65-92: «ԱրմենիաՆաուի»
«Հայ Ձմեռ պապ»
ծրագրին ներդրում անելու համար սեղմեք այստեղ:
|