Վտիտ, կծկված, վախեցած թռչունի աչքերով երիտասարդ
կինը գրեթե մանկական անկապ խոսքով, որը շարունակ
ընդատվում է հեկեկոցով, փորձում է համապատասխան
բառեր գտնել իր պատմության համար...
«Ես սարսափում էի տուն վերադառնալ, վախենում էի,
որ կսպանի ինձ», վերջապես ասում է նա ու անմիջապես
լռում՝ հասկացնելով, որ դա իր պատմության վերջն
է:
23-ամյա Մարիամ Փանոսյանը հայտնվել է Հայաստանի
մայրության հիմնադրամի «Հույս» ճգնաժամային կենտրոնում
այն բանից հետո, երբ ամուսինը բառացիորեն դուրս
է նետել նրան երկրորդ հարկի պատուհանից: Մարիամը
միայն թեթև վնասվածքներ է ստացել: Սակայն վախը կարծես
հիմնավորվել է նրա հոգում:
Նրան ճգնաժամային կենտրոն են բերել մայրը և մորաքույրը:
Նրանք էլ պատմել են կատարվածի մասին ու պնդել են,
որ կենտրոնի իրավաբանները ապահարզան ձևակերպեն:
Սակայն մասնագետները չեն շտապել ամուսնալուծելու
ամուսիններին:
Աշխատակիցների հավաստմամբ կենտրոնի նպատակն է
ամրապնդել ընտանիքները, օգնել նրանց հաղթահարելու
կոնֆլիկտային իրավիճակները, և իրենք խորհուրդ են
տալիս ամուսնալուծվելու միայն ծայրահեղ դեպքերում:
«Հույսը» երկու բաժանմունք ունի՝ ընտանեկան կենտրոն
և ապաստարան բռնության զոհերի համար: Մեկ ամիս ընտանեկան
կենտրոնում խորհրդատվություն ստանալուց հետո Մարիամը
(հոդվածում նրա անունը փոխված է ապահովության նկատառումներով)
և նրա երկու երեխաները մեկ ամիս էլ անց են կացրել
ապաստարանում՝ հոգեբանական վերականգնման համար:
Միաժամանակ «Հույսի» մասնագետները աշխատել են նրա
ամուսնու հետ՝ փորձելով պարզել բռնության պատճառները:
«Շատ կարևոր է, որ այն ընտանիքների ամուսիններն
ու անդամները, որտեղ կանֆլիկտ կա, իմանան մեր գործունեության
մասին: Այլապես անհնար կլինի բռնության զոհի վերադարձը
տուն», ասում է Մայրության հիմնադրամի նախագահ Սուսաննա
Ասլանյանը:
Ճգնաժամային կենտրոնի աշխատակիցները ձգտում են
հնարավորինս հարմարվելու տեղի հայկական պայմաններին:
Ապաստարանը նրանք անվանել են «Մոր և մանկան տուն»՝
հուսալով, որ այդ անվանումն առաջ չի բերի հասարակության
բացասական վերաբերմունքը:
«Մեզ մոտ ընդունված չէ ընտանեկան պրոբլեմները
քննարÏ»լ ուրիշների հետ, իսկ բռնությունը
գրեթե արգելված թեմա է, - ասում է Ասլանյանը: -
Որոշ մարդիկ առ այսօր այն կարծիքին են, որ հայկական
ընտանիքներում բռնություն չկա ու չի կարող լինել»:
2002 թվականին Մայրության հիմնադրամը հետազոտություն
է անցկացրել 1200 ընտանիքներում: Արդյունքները ցույց
են տվել, որ կանանց 35 տոկոսը ենթարկվել է ֆիզիկական
բռնության, 70 տոկոսը՝ հոգեբանական, իսկ 0,3 տոկոսը
գանգատվել է սեռական բռնությունից:
«Շատ կանայք անգամ չեն գիտակցում, որ աշխատելու,
ընկերների հետ շփվելու կամ որոշակի հագուստ կրելու
արգելքը կարող է որակվել որպես բռնություն: Նրանք
նաև չեն գիտակցում, որ իրենք պետք է բողոքեն ոչ
թե այն ժամանակ, երբ ծեծը տանը դարձել է սովորական
երևույթ, այլ անմիջապես առաջին ապտակից հետո», ասում
է Ասլանյանը:
Այն հարցին, թե արդյոք ընտանեկան բռնությունը
Հայաստանում սպառնալի չափեր ունի՝ Սուսաննա Ասլանյանը
պատասխանում է հակափաստարկով.
«Եթե կա պրոբլեմ, և ոչ մի միջոց չի ձեռնարկվում
այն մեղմելու կամ արմատախիլ անելու համար, ապա միանգամայն
հնարավոր է, որ այն ընդլայնվի և սպառնալից բնույթ
ստանա: Իրավիճակը բարդանում է նրանով, որ առկա են
սոցիալական դժվար պայմաների հետ կապված ծանրացուցիչ
գործոններ: Տղամարդկանց և կանանց միջև ավանդական
դերային ֆունկցիաների փոփոխությունները նույնպես
նպաստում են բռնությունների հրահրմանը: Այսօր կանայք
երբեմն դառնում են ընտանիքի կերակրողը, մինչդեռ
ավանդաբար ընտանիքի կերակրողը և հետևաբար գլուխը
պետք է լինի ամուսինը», ասում է Ասլանյանը:
Մարիամ Փանոսյանի ընտանիքում չկային «ծանրացուցիչ»
գործոններ. ամուսինը ընտանիքի կերակրողն ու անվիճելի
հեղինակությունն էր:
«Մարիամի պրոբլեմը գալիս է մանուկ տարիքից, -
ասում է հոգեբան Աննա Բադալյանը: - Նա շատ ագրեսիվ
մայր ունի, որն արգելել է աղջկան ընկերներ ունենալ,
պարզապես տնից դուրս գալ: Մարիամը բոլորովին հարմարված
չի եղել արտաքին աշխարհին, նա մեծացել է ինքնամփոփ
և չշփվող»:
Մարիամի համար ամուսին ընտրել է մայրը, երբ աղջիկը
17 տարեկան է եղել: Կարծես նախանձելի փեսացու էր՝
ունևոր, շփվող, երկար ժամանակ Եվրոպայում ապրած:
Մարիամը նրան իդեալական կին է թվացել՝ գեղեցիկ ու
համեստ: Նրանց համատեղ կյանքի առաջին ամիսն անցել
է շատ հարթ: Կոնֆլիկտները սկսվել են, երբ պարզվել
է, որ Մարիամը, որը պատրաստվում էր մայր դառնալու,
ինքն է դեռևս երեխա:
«Մենք զրուցեցինք նրա ամուսնու հետ: Նրան հավասարակշռությունից
հանել է կնոջ հասունության պակասը. կինը չի կարող
ո՛չ ճաշ եփել, ո՛չ գնումներ անել, - ասում է հոգեբանը:
- Ամուսինն իր վրա է վերցրել ընտանիքի ամբողջ հոգսը,
երեխաներին, բայց միևնույն ժամանակ նա խիստ զայրացել
ու ամաչել է կնոջ իներտությունից, հատկապես ընկերների
և ազգականների շրջապատում, որոնք ծաղրել են իրեն:
Դա էլ հանգեցրել է պոռթկման, և նա Մարիամին դուրս
է նետել պատուհանից»:
Փանոսյանները միակ զույգն էին ամբողջ տարվա ընթացքում,
որին կենտրոնն օգնեց ամուսնալուծվելու: Մարիամը
մնաց երկու երեխաների հետ՝ երկուս ու կես և հինգ
տարեկան:
«Մենք օգնեցինք Մարիամին աշխատանք գտնելու: Նա
դառնում է ավելի անկախ, ինքնավստահ: Սակայն նա դեռ
չի կարողանում հանգիստ, առանց արցունքների խոսել
ամուսնու և իր հետ կատարվածի մասին: Հոգու խորքում
նա թերևս հույս ունի, որ մի օր իրենք կմիանան»,
ասում է հոգեբան Բադալյանը:
«Հույս» ճգնաժամային կենտրոնի ծառայություններից
նրա գոյության մեկ տարվա ընթացքում օգտվել է 566
մարդ (385 կին, 93 տղամարդ և 88 երեխա): 49 կին
մեկ շաբաթից մինչև մեկ ամիս ժամանակ է անցկացրել
ապաստարանում:
Հայաստանի մայրության հիմնադրամի «Ընտանեկան բռնության
զոհերի աջակցության ծրագիրը» նախատեսված է երկու
տարվա համար և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների
միջազգային զարգացման գործակալության կողմից:
«Հաջորդ տարվա աշնանը կենտրոնը կկանգնի փակման
սպառնալիքի առաջ, - ասում է Ասլանյանը: - Բայց ինչպե՞ս
կարելի է դուռը փակել այն մարդկանց երեսին, ովքեր
ունեն մեր օգնության կարիքը: Այդ է պատճառը, որ
արդեն այսօր մենք փնտրում ենք հնարավոր դոնորների,
ովքեր կօգնեն կենտրոնին պահպանելու այս շենքը»:
«Հույսի» մասին տեղեկություններ ստանալու համար
զանգահարեք (374-1) 28-75-49 կամ այցելեք maternity@infocom.am
հասցեն: «ԱրմենիաՆաուի» «Հայ
Ձմեռ պապ» ծրագրում ներդրում անելու
համար սեղմեք այստեղ:
|