Կառավարությունը հինգշաբթի օրը «Անհատական ծածկագրերի
մասին» օրենքը վերանվանելով «Սոցիալական ապահովության
քարտերի մասին» օրենքի, դրա նախագիծն ուղարկեց Ազգային
ժողովի հաստատմանը։
Նիստից հետո սոցիալական ապահովության նախարար
Աղվան Վարդանյանը լրագրողներին հավաստիացրեց, թե
հարթվել են եկեղեցու և պետության միջև անհատական
համարանիշերի ներդրման հետ կապված բոլոր տարակարծությունները:
«Սա թերևս վերջին շրջանում պետության և եկեղեցու
միջև համագործակցությամբ, փոխըմբռնմամբ հարցերը
լուծելու եզակի օրինակներից մեկն է», - ասաց Աղվան
Վարդանյանը՝ տեղեկացնելով նաև, որ եկեղեցու ներկայացուցիչների
հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել
այդ համագործակցությունը:
Հայ առաքելական եկեղեցին կրոնադավանաբանական նկատառումներով
առարկում էր ծնված օրից անձին անհատական համար շնորհելու,
անհատական ծածկագրերի ներդրումն իրականացնող «Նեմրութ»
տեղեկատվական կենտրոնի անվանման ու մի շարք այլ
խնդիրների առնչությամբ։ Բանակցությունների արդյունքում
պետությունն ընդառաջ է գնացել եկեղեցու գրեթե բոլոր
պահանջներին. անհատական ծածկագրերի փոխարեն լինելու
են սոցիալական քարտեր, «Նեմրութ» կենտրոնը վերանվանվել
է և այսուհետ կոչվելու է «Նորք»։
«Համարը, նիշը կունենա ոչ թե մարդը, անհատը, քաղաքացին,
այլ քարտը, - ասաց Վարդանյանը: - Քարտի համարը կլինի
եզակի և անփոփոխելի»:
Նախարարը ավելացրեց, որ պետությունը ընդառաջ է
գնացել եկեղեցու այն պահանջին, որպեսզի նույնիսկ
անհատական քարտեր ներդնելու դեպքում դրանցում չլինի
«666» համարը, որը, ըստ կրոնական մեկնաբանման, սատանայական
խորհուրդ ունի։
|