Այսօր աշխարհն ինձ համար նորովի է բացվել Հայաստանում:
Ոչ, ես չեմ խոսում հարևան տարածաշրջանի մասին,
որտեղ կազմավորվել է Իրաքի Միացյալ Նահանգները («դիզելային
վառելիքի առանցքը»):
Սակայն իմ աշխարհում կատարված փոփոխությունները,
այնուհանդերձ, առնչվում են գլոբալիզացիայի հետ:
Եվ թեև այդ բառը ես սովորաբար ընդունում եմ նույն
խանդավառությամբ, որը կհամակեր ինձ, եթե կիսատաբատիս
մեջ կենդանի աքիսներ բաց թողնեին, այս պահին ես
հետ եմ կանգնում էնդեմիկ մշակույթների պահպանության
քաղաքականությունից, որպեսզի կոֆեինացված հաճույքով
հայտարարեմ հետևյալը.
Այսօր ես Երևանում գնել եմ Սթարբաքս սուրճ:
Մեծ, նարնջագույն երանգի տոպրակ` իսկական կնիքով
(թեև, ճիշտն ասած, վախեցա նայել ժամկետին` որպեսզի
համոզվեմ դրա «թարմության» մեջ), ամենուր հանդիպող
կանաչ-սպիտակ ապրանքանիշով, որը (մեկ այլ հայտնի
ապրանքանիշ) «ԳԱՓ»-ի հետ միասին հանդիսանում է հակագլոբալիզականների
ատելության թիրախը: Ճիշտ այնտեղ` Փարպեցու և Թումանյանի
անկյունում, փոքրիկ այն խանութում, որտեղ միայն
սուրճ են վաճառում, չեն եփում ու չեն մատուցում,
ոչ էլ առաջարկում են չժանգոտվող պողպատից գավաթներ,
խառնելու պիտույքներ կամ թեկուզ շա~տ հեռավոր կերպով
«ֆրափփեյ» (սառցով խմիչք) հիշեցնող խմիչքներ: Այնտեղ`
այդ անանուն խանութում, ես ինչ-որ դրամներ տվեցի
վաճառողուհուն և` չկարողանալով իմ միալեզու արատի
պատճառով բացատրել իմ անզուսպ ցնծության առիթը,
գնեցի ու տուն տարա մի տոպրակ լիքը, Աստված վկա,
իսկական Սթարբաքս սուրճի հատիկներ:
Պետք է ասեմ ձեզ, որ ես` ինչպես ամեն մի գրինգո,
սիրում եմ մի գավաթ ավանդական հայկական սուրճ խմել:
Սակայն երբ առավոտը դեռ նոր-նոր է բաժանվում նախորդ
գիշերվանից, մի փոքրիկ բաժակ տեղական դարչնագույն
հեղուկ կոնծելուց դու պարզապես քեզ այնքան սփոփված
չես զգում, որքան երբ ձեռքերիդ մեջ ես առնում մի
գավաթ այդ գերթանկ և քաղաքականապես ոչ-կոռեկտ ամերիկյան
աչք-բացող կորպորատիվ ագահության խորհրդանիշից:
Այժմ, երբ ես հանգիստ կարող եմ եռաշերտ զուգարանի
թուղթ գնել քաղաքի գրեթե ցանկացած խանութից, կենսականորեն
անհրաժեշտ ապրանքներից ինձ պակասում էին միայն Սթարբաքս
սուրճը և գետնանուշի կարագը: Տանս կողքի խանութներից
մեկում ես մի անգամ գտա գետնանուշի կարագ, սակայն
200 գրամը 6000 դրամով, և սանձեցի բաղձանքս:
Հիմա, և թերևս միայն մինչև Սթարբաքս ընկերության
իրավաբանական բաժնում կարդան այս տողերը, ես կարող
եմ մեր խմբագրությունից 100 մետրի վրա գտնվող խանութից
գնել մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված
առաջնակարգ սուրճ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչպես
է այդ սուրճն այստեղ բերվել, բայց չեմ կարծում,
որ դա արվել է գործարքի իրավական կողմի պահպանմամբ:
Ես ունեմ գերմանական «Կրուպս» ֆիրմայի սրճաղաց,
որ գնել եմ Մեծ Բրիտանիայում, ֆրանսիական սրճեփ
(անունը փոխել եմ` սրճեփ «Ազատություն»), որ ինձ
նվիրել է մի շվեյցարացի: Միացնում եմ Գերմանիայից
բերված թեյնիկը և տաքացնում են Արարատից հոսող ջուրը
(ցավում եմ, բայց այն Թուքիայում է, որքան էլ ցանկանանք,
որ այդպես չլինի) և հրավիրում եմ իմ հայ ընկերներին
համտեսի: Բայց շատ չեմ տալիս: Անկյունային այն խանութում
մեկ կիլոգրամանոց տոպրակն արժեր 18000 դրամ: Այսինքն,
մոտ 16 դոլար մեկ ֆունտի համար: Ես գնեցի սովորականից
շատ ավելի քիչ:
Հայաստանն այսօր սարսափելի մոտ է կատարյալ աշխարհ
լինելուն: Ես կարող եմ գնալ մի բոլորովին անհայտ
խանութ և գնել արևմտյան սպառողական հասարակության
բոլոր թերությունները ներկայացնող ապրանք` առանց
վախենալու, որ այնտեղից դուրս գալիս ինձ կնկատեն
իսկական նեո-հիպպիները, որոնց հայացքները ես կիսում
եմ: Իհարկե, երբ խոսքը սուրճին չի վերաբերում:
Թույլ տվեք հաստատել իմ մաղթանքը, որ Հայաստանը
երբեք լիովին չարևմտականացվի: Ես հույս ունեմ, որ
երբեք այստեղ «Մաքդոնալդզ» չեմ տեսնի: Սակայն եթե
մոտակա մի խանութի ցուցափեղկում հանկարծ Բիգ Մաք
հայտնվի, ես, ճիշտն ասած, ...
|