Երբ
ապրիլի 8-ին 60-ամյա Լյուդմիլա Միրզոյանը առավոտ
կանուխ սովորականի նման դուրս եկավ այգում աշխատելու՝
շվարեց մնաց և չհավատաց աչքերին:
Ծիրանի, տանձի, բալի և սալորի ծաղկած ծառերը,
առագաստների նման, հայտնվել էին անեզր ջրի մեջ:
Մի գիշերվա ընթացքում Արարատի մարզի Սիս գյուղը,
հանրապետության ավելի քան 50 բնակավայրերի նման,
իր վրա զգաց հեղեղների կործանարար ուժը:
«Արտակարգ իրավիճակը, որը ստեղծվել է հանրապետության
ողջ տարածքում վերջին օրերի ընթացքում, լիովին կանխատեսելի
էր, - ասում է Արտակարգ իրավիճակների վարչության
լրատվության կենտրոնի պետ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը,
- սակայն ոչ այս չափերով: Տուժել են Սյունիքի, Արարատի,
Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու
և այլ մարզերի մի քանի տասնյակ բնակավայրեր»:
Մասնագետների հավաստմամբ, հեղեղումների պատճառն
անսովոր բարձր ջերմաստիճանն է, որն արագացրել է
հալոցքը, և հալած ձյան անսպասելի մեծ զանգվածները
հեղեղել են Հայաստանի գետերն ու առուները:
«Ժամերի ընթացքում ես կորցրեցի իմ հույսը, իմ
տարիների աշխատանքը՝ այգին ու բանջարանոցը, - ասում
է Ադրբեջանից գաղթած Լյուդմիլան: - Նկուղը, որտեղ
պահում էինք ալյուրը, շորերը, ցորենն ու այլ մթերքները,
բերնեբերան ջրի մեջ էր, տան պատերն էլ են ճաքել
ջրից, իսկ հողը, որ մենք տարիներ շարունակ մշակել
էինք՝ հավասարվեց զրոյի»:
Ջրի մակարդակը նրա բանջարանոց-այգում բարձրացել
է 1,5 մետրով և 9 օր մնացել է այդ կետի վրա: Լյուդմիլան
ասում է, որ իրենք «կորցրել են ամեն ինչ»:
Լյուդմիլան հավաստում է, որ վնասը շատ մեծ է,
քանի որ ինքն ամսական 6000 դրամ թոշակ է ստանում,
և միայն այգին ու բանջարանոցն էին, որ օգնում էին
մի կերպ գոյատևել:
67-ամյա Անիչկա Զախարյանը գաղթել է Բաքվից և ասում
է, որ ինչպես ինքը, այնպես էլ իր հարևան գյուղացիներն
ավելի դառն օրեր են ապրել, սակայն ավելացնում է.
- «Թե ոնց ենք ապրելու այս ամենից հետո՝ աստված
գիտի»:
Եվա
Միրզոյանը ցույց է տալիս սենյակը, որտեղ ամեն ինչ
կապած է հեռանալու համար:
«Մեր դիմացի տան բնակիչներին մի կերպ էվակուացրեցին,
քանի որ տունն ամբողջությամբ ջրի մեջ էր հայտնվել,
մի կերպ՝ աղյուսներ լցնելով, տախտակներ դնելով,
- ասում է նա: - Ես էլ իրերը հավաքել դրել եմ, որ
հենց ջուրը հասնի իմ սենյակ` հեշտ փախչեմ: Մնացել
ենք անօգնական: Ոչ մեկը մինչ այսօր դեռ ոչ մի բանով
մեզ օգնած չկա, մինչ այսօր նույնիսկ չեն եկել վնասի
չափը գնահատելու»:
Սիսի գյուղապետ Եղիշե Լազգյանի հավաստմամբ կորուստները
շատ մեծ են, հալոցքից Հրազդան գետը վարարել և հեղեղել
է առնվազն 110 հա ցորենի և կարտոֆիլի դաշտերը:
«Գյուղացին այսօր մեծ կորուստներ է կրել, քանի
որ յուրաքանչյուր հեկտարի վրա ծախսել է ամենաքիչը
300 դոլար գումար: Սիսը մի գիշերում կորցրել է իր
բոլոր վարելահողերը, բերքն ու հույսը», - ասում
է Լազգյանը:
Գյուղապետը հավաստում է, որ իրենք շտապ գրություն
են ուղարկել կառավարություն՝ գյուղացիներին օգնելու
խնդրանքով, սակայն առ այսօր մնացել են անարձագանք:
Գյուղացիներն ու գյուղապետը հավաստում են, որ
ներկայումս մի հատուկ խումբ ամբողջ հանրապետությունով
մեկ ճշտում է վնասի չափսերը:
«Մենք կարծում ենք, որ ինչ-որ օգնություն կլինի
կառավարությունից, - ասում է գյուղապետը, - թեև
չեմ հիշում նման մի դեպք, որ գյուղացին փոխհատուցում
ստացած լինի»:
|