Երևանի
Հյուսիսային պողոտայի հյուսիսային «դարպասի» մոտ
իր դռները բացեց առաջին առևտրական հաստատությունը:
Մի քանի շաբաթ առաջ կառուցապատման նախագծի խարիսխը
հանդիսացող հինգ հարկանի շինությունում տեղի ունեցավ
«Հին Էրիվան» ռեստորանի բացման շնորհանդեսը:
Հյուսիսային պողոտան, ի վերջո, վերածվելու է Հանրապետության
հրապարակը Օպերայի հրապարակին միացնող հետիոտնային
զբոսուղի՝ իրականացնելով մոտ 80 տարի առաջ քաղաքի
նախագծի հեղինակ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի
տեսլականը:
Ռեստորանային համալիրը ներկայումս բացվել է Թումանյան
փողոցին նայող երեք մակարդակների վրա: Տարբեր ճաշասրահները
կոչված են Երևանի պատմության տարբեր շրջանների անուններով՝
«Էրեբունի-Երևան», «Հին Էրիվան» և «Նոր Երևան»,
և միասին կարող են ընդունել շուրջ 300 այցելուների:
Վերջին հարկում մոտ մեկ ամիսից կբացվի «Երևանի լույսեր»
սրահը:
Համալիրի տնօրեն Մանվել Տեր-Առաքելյանը լավատեսորեն
է տրամադրված և կարծում է, որ նոր համալիրը (որը
գտնվում է նոր պողոտայի կառուցման նպատակով քանդված
տների տեղում) կդառնա տեղաբնակների և զբոսաշրջիկների
սիրած վայրը:
«Մեր առաջին այցելուներից մեկը նախագահ Քոչարյանն
էր, - ասում է Տեր-Առաքելյանը, - Եվ իմ կարծիքով,
դա ռեստորանի որակի և սպասարկման լավագույն ցուցանիշն
է»:
Տեր-Առաքելյանը հրաժարվեց նշել, թե որքան միջոցներ
է ներդրել համալիրի շինարարության մեջ:
Հյուսիսային պողոտան քաղաքապետարանի նախաձեռնությունն
է, սակայն ֆինանսավորվում է մասնավոր ներդրումների
հաշվին: Հայտնի է, որ հիմնական ներդրողներից մեկը
ռոսաստանցի մի հայ է, որը գնել է լավագույն տարածքը,
որտեղ և բացվել է ռեստորանը:
Գործարարները յուրաքանչյուր քառակուսի մետրի համար
վճարել են 350-ից 600 դոլար: Տարածքի կեսից ավելին՝
Արամի փողոցից մինչև Թումանյան փողոց, արդեն վաճառվել
է:
Հյուսիսային պողոտայի շինարարությունը՝ որն իրականացվում
է քաղաքապետարանի նախաձեռնությամբ և քաղաքի գլխավոր
ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ղեկավարությամբ, սկսվել
է 2001 թվականի վերջին: Պողոտայի ընդհանուր տարածքը
50 հազար քառակուսի մետր է, և ակնկալվում է, որ
կառուցապատումը կավարտվի ոչ շուտ, քան 2010 թվականին:
Ծրագրի
գլխավոր ինժեներ և ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն
ասում է, որ աշխատանքները, ընդհանուր առմամբ, լավ
են ընթանում, և որ խնդիրների մեծ մասը կապված են
ներդրողների հետ:
«Կառավարությունն ի վիճակի չէր նման մեծ ներդրում
անել, կառուցապատել պողոտան և հետո վաճառել, - ասում
է Ալեքսանյանը, - Մենք տարբեր խնդիրներ ենք ունենում,
միգուցե, որովհետև սովոր չենք գործ ունենալ ներդրողների
հետ: Նրանց մի մասն ուզում է մի տեսակի նախագիծ
անել, մյուսները կարող են ուզենալ 10-հարկանի շենք
կառուցել: Բայց մենք միշտ ձգտում ենք փոխզիջման
հասնել»:
Խնդիրներից մեկը ջրմուղ-կոյուղու, օդափոխության
և ջեռուցման միասնական ստորգետնյա համակարգի կառուցումն
է: Ալեքսանյանի հավաստմամբ, ներդրողներն ակնկալում
են, որ կառավարությունը կֆինանսավորի այդ աշխատանքները,
ինչպես նաև կապահովի հաղորդակցման համակարգերը:
Սակայն նման ծառայությունները կբարձրացնեն մեկ
քառակուսի մետրի վաճառքի գինը մինչև 1000 դոլար:
Ալեքսանյանի հավաստմամբ, շենքերի ներքին ձևավորումը
թողնվում է ներդրողների հայեցողությանը, սակայն
շենքի նախագիծը պետք է համապատասխանի գլխավոր հատակագծին,
որը մասնավորապես նախատեսում է, որ Հյուսիսային
պողոտայի շենքերը պետք է վեց հարկից բարձր չլինեն:
Արտաքին ձևավորումը պետք է բավարարի նաև գունային
պահանջներին՝ սպիտակ, վարդագույն և ծիրանագույն
տուֆ և բաց երանգների գրանիտ:
Ավարտված վիճակում Հյուսիսային պողոտան կունենա
27 մետր լայնություն և 450 մետր երկարություն՝ երկու
մայթերին տեղադրված ռեստորաններով, խանութներով,
բնակելի շենքերով և գրասենյակներով:
Հյուսիսային պողոտան հատելու են ութ փողոցներ,
սակայն երթևեկություն իրականցվելու է միայն Աբովյանը
հատող Պուշկինի փողոցով:
Կառուցվելու է 800 մեքենաների համար նախատեսված
երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղ:
«Հյուսիսային պողոտան ներդաշնակորեն կմիաձուլվի
Երևանի ճարտարապետությանը, - ասում է Ալեքսանյանը,
- Այն կհամադրի ճարտարապետության ժամանակակից և
ավանդական տարրերը և թարմ տեսք կտա Երևանի կենտրոնին»:
|