«Ներեցեք,
դուք այստե՞ղ եք աշխատում»՝ այս հարցը հաճախ էր
հնչում երևանյան հանրախանութներում մոլորված հաճախորդի
շուրթերից: Հաճախ դժվար էր լինում տարբերել աշխատակիցներին
հաճախորդներից:
Սակայն այսուհետ այդպես չի լինի: Ապրիլի 1-ից
այդ հարցը հնչելու է ավելի շուտ այսպես. «Կարինե
ջան, ինձ կօգնե՞ք»:
Տարբերության պատճառը անվանաքարտերն են: Անցյալ
տարվա դեկտեմբերի 26-ին Ազգային Ժողովի՝ որոշ փոփոխություններով
և լրացումներով ընդունած Վարչական օրենսդրությունը
ստիպել է սպասարկման և առևտրի ոլորտի վախեցած աշխատակիցներին
կրել այդ անվանաքարտերը:
Նոր օրենքները զարմանալիորեն ազդեցիկ դուրս եկան:
Այս օրերին դժվար կգտնվի մի ռեստորան կամ խանութ,
որի հաճախորդների հետ շփվող աշխատակիցներն իրենց
ինքնությունը հաստատող անվանաքարտեր չկրեն:
Սա հաճախորդների սպասարկման քաղաքակիրթ ձև է,
սակայն իրականում այս ոլորտի գործարարներին ավելի
շատ հուզում է այն պատիժը, որին իրենք կարող են
ենթարկվել օրենքը խախտելու դեպքում:
Պարզվում է, որ ինքը՝ օրենքը, գոյություն ունի
1997 թվականից, սակայն այն անտեսողների համար պատիժ
նախատեսված չի եղել:
Իսկ ապրիլի 1-ից ցանկացած գործատու կարող է տուգանվել
20000 դրամի չափով, եթե նրա աշխատակիցն աշխատանքի
դուրս գա առանց ինքնությունը հաստատող անվանաքարտի:
Երկրորդ խախտման դեպքում տուգանքը դառնում է 50000
դրամ:
Օրենքը խախտած աշխատակիցը կտուգանվի 500 դրամի
չափով առաջին անգամ, և կրկնակի ավելի՝ երկրորդ խախտման
դեպքում:
Սակայն ինչու՞ են իշխանություններն այդքան ուզում,
որ մատուցողները կամ բարմենները, որոնց անունները
նրանք այդպես էլ կիմանան՝ մի գավաթ գարեջրի շուրջ
զրույց սկսելով, այդուհանդերձ կրեն այդ կրծքանշանները:
Որովհետև այն, ինչին նրանք հետամուտ են, շատ ավելի
լուրջ է:
Այս
նախաձեռնության հեղինակ, Սոցիալական ապահովության
հիմնադրամի նախագահի խորհրդական Ստեփան Հայրապետյանն
ասում է, որ իր նպատակը Հայաստանում անօրինական
զբաղվածության դեմ պայքար սկսելն էր:
«Վարչական օրենսդրության այս փոփոխությունների
նպատակն աշխատուժի անօրինական օգտագործման դեպքերի
բացահայտումն ու չարաշահումներից աշխատակիցների
պաշտպանությունն է», - ասում է Հայրապետյանը:
Սա է հիմնական պատճառը, որ աշխատակիցների համար
ավելի փոքր պատիժ է նախատեսված, քան նրանց գործատուների
համար: «Գործատուները պատասխանատու են աշխատուժի
օգտագործման օրինականությունն ապահովելու համար,
- ասում է Հայրապետյանը, - և նրանք էլ պետք է պատիժ
կրեն օրենքը խախտելու դեպքում»:
Ըստ Սոցիալական ապահովության հիմնադրամի տրամադրած
վիճակագրության, այսօր սպասարկման, առևտրի և շինարարության
ոլորտում կան շուրջ 150000 անօրինական աշխատողներ,
իսկ չգրանցված աշխատավարձերի ընդհանուր գումարը
սույն իրավական ակտի նախագծի ներկայացման պահին
հասել էր 50 միլիարդ դրամի (մոտ 85 միլիոն դոլար):
Սակայն Հայրապետյանի հավաստմամբ, բացի ստվերային
տնտեսության դեմ պայքարելուց և աշխատավորների սահմանադրական
իրավունքները պաշտպանելուց, իր առաջարկած վարչական
փոփոխությունների նպատակը, մասնավորապես, հարկերի
հավաքումն էր բնակչությունից:
Բոլոր այդ հարյուր հազարավոր անօրինական աշխատողները
նշանակում են չվճարված հարկեր, և Սոցիալական ապահովության
հիմնադրամի կորուստները միայն անցյալ տարի կազմել
են 28 միլիարդ դրամ (մոտ 48 միլիոն դոլար):
Իսկ ինչպե՞ս են իշխանությունները մտադիր բացահայտել
օրինախախտողներին: Մայիսի 1-ից Սոցիալական ապահովության
հիմնադրամը կանոնավոր ստուգայցեր է կազմակերպելու
ռեստորաններ, բարեր, խանութներ և այլ առևտրական
օբյեկտներ, որպեսզի ստուգի, արդյոք անվանաքարտ կրող
աշխատակիցները պաշտոնապես գրանցված են այդտեղ:
Բացի այդ, նման այցերի ընթացքում, հսկիչները կստուգեն,
արդյոք գործատուները վարում են «հրամանագիրք» կոչվող
հատուկ գրանցումների մատյանը, որտեղ գրանցվում են
մարդկանց աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման
մասին բոլոր տեղեկությունները: Եթե գործատուն չկարողանա
ներկայացնել այդպիսի մատյան, ապա նախատեսված է տուգանք՝
100000 դրամ և ավելի:
Նոր
կանոններն ուժի մեջ են մտել, և աշխատակիցները սկսել
են անվանաքարտեր կրել, սակայն, թերևս, նրանցից քչերն
են գիտակցում, թե իրականում ինչի էին հետամուտ իշխանությունները:
Մեր այն հարցին, թե իրենք ինչու են կրծքանշաններ
կրում, «Յուպիտեր ֆոտո էքսպրես» ծառայության աշխատակիցներն
ասացին, որ «դա ավելի քաղաքակիրթ ձև է և հաճախորդներին
դուր է գալիս»:
Սակայն միշտ չէ, որ աշխատակիցներին դուր է գալիս
իրենց գրասենյակի ավելի հաճելի և ներկայանալի տեսքը:
Նույն լուսանկարչական ծառայության աշխատակցուհի
Հերմինե Առաքելյանը, օրինակ, ասաց, որ իրեն դուր
չի գալիս անվանաքարտ կրելը, որովհետև դա թույլ է
տալիս ուրիշներին ներխուժել իր անձնական կյանքը:
«Մարդիկ տեսնում են իմ անունը և երբեմն ձևացնում
են, թե ճանաչում են ինձ», - բողոքում է նա:
Վարսավիր Գառնիկ Տիգրանյանը նույնպես բողոքում
է. - «Բոլորովին հարմար չէ անվանաքարտ կրել և կտրել
հաճախորդների մազերը»:
Սակայն հավանեն, թե չհավանեն, միշտ իրավացի են
հաճախորդները: Ինչպես ասաց «Յուպիտեր ֆոտո էքսպրես»-ի
ծառայություններից կանոնավոր կերպով օգտվող լուսանկարիչ
Նիկոլայ Կարախանյանը, - «Անվանաքարտ երը ոչ կրողների
անհատականությունն են փոխում, ոչ էլ ընդհանուր առմամբ
համակարգը»:
|