Հայաստանի
Սահմանադրական դատարանը մերժեց նախագահի թեկնածու
Ստեփան Դեմիրճյանի դիմումը մարտի 5-ի ընտրությունների
արդյունքներն անվավեր համարելու մասին:
Սակայն դատարանի որոշումը վիճահարույց ընտրությունների
հաստատում էլ չէր, քանի որ դատարանը ոչ հավաստի
համարեց ընտրությունների արդյունքները շուրջ 40
ընտրատեղամասերում և հանձնարարեց գլխավոր դատախազությանը
հետաքննել այդ դեպքերը և պատասխանատվության ենթարկել
մեղավորներին:
Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրապարակած
որոշման մեջ ասվում է, որ այն «հաշվի է առնում»
ստացված քվեների տաբերությունը, ինչպես նաև ընտրությունների
երկրորդ փուլում գրանցված «անճշտությունների չափը»,
ինչն, ըստ երևույթին, ենթադրում է, որ Քոչարյանը
հաղթանակ կտաներ անգամ առանց դատարանի կողմից ոչ
հավաստի համարված քվեների:
Թեև դատարանի որոշումը նախագահի օգտին է, այդ
որոշման մի հատվածն առաջ է բերել Քոչարյանի և նրա
կողմնակիցների զայրացած արձագանքը: Դատարանի որոշումը,
մասնավորապես, առաջարկում էր «հասարակական դիմակայությունը
հաղթահարելու» նպատակով մեկ տարվա ընթացքում կազմակերպել
«վստահության հանրաքվե»:
Երեկ երեկոյան նախագահի մամլո ծառայությունը հրապարակեց
մի հայտարարություն, որտեղ ասվում է, որ առաջարկելով
հանրաքվե կազմակերպել՝ դատարանը գերազանցել է իր
լիազորությունները:
«Սահմանադրական դատարանի որոշման այդ մասը պարզապես
առաջարկություն է, որը ճիշտ կլիներ ամրագրել ոչ
թե դատական ակտի մեջ, այլ ներկայացնել որպես առանձին
անհատների առաջարկություն, - նշվում է հայտարարության
մեջ: - Վստահության հանրաքվեի առաջարկությունն առնվազն
զարմանք է հարուցում և, բնականաբար, չի կարող իրավական
որևէ ազդեցություն կամ հետևանք ունենալ: Նախագահ
Ռոբերտ Քոչարյանը վստահության քվե ստացել է ընտրությունների
արդյունքում հաղթելով ձայների 67,5 տոկոս համոզիչ
առավելությամբ և չի պատրաստվում հետևել որևէ առաջարկության»:
Ի պատասխան մամլո ծառայության հայտարարության
և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի քննադատության՝
Հարությունյանն այսօր մամլո ասուլիս էր հրավիրել:
«Սահմանադրության
մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին,
և ժողովուրդն այդ իշխանությունն իրականացնում է
ոչ միայն ներկայացուցչական ժողովրդավարության միջոցով,
այլև անմիջական ժողովրդավարության միջոցով, - ասաց
Հարությունյանը: - Ահա այս շրջանակներում մենք գտանք,
որ որպես հասարակական դիմակայության հաղթահարման
ճանապարհ կարելի է ընտրել վստահության հանրաքվեների
ուղին: Դրանից պետք չէ անմիջապես եզրակացնել, որ
Սահմանադրական դատարանը նախագահի նկատմամբ անվստահության
հարց է բարձրացնում»:
Սահմանադրական դատարանի որոշման մեջ ասվում է,
որ վերջին ընտրություններին ուղեկցած իրադարձություններն
անհամատեղելի են միջազգային կոնվենցիաներով Հայաստանի
ստանձնած պարտավորությունների հետ և արգելակում
են ժողովրդավարության զարգացումը:
Որոշման մեջ նաև քննադատվում են ընդդիմության
բազմաթիվ կողմնակիցների կալանքները, որոնք հաջորդել
են ընտրությունների երկու փուլերին՝ նշելով, որ
դատարանը կալանքները համարում է «միջամտություն
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
մասին եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված
խաղաղ հավաքների ազատության իրավունքին»:
Բացի այդ, չորեքշաբթի օրվա որոշումը կոչ է անում
Կառավարությանը և Ազգային ժողովի հաջորդ ամիս ընտրվելիք
պատգամավորներին կազմակերպել «վստահության հանրաքվե»
որպես «հասարարական դիմակայությունը հաղթահարելու
արդյունավետ միջոց»:
Դեմիրճյանին ներկայացնող փաստաբաններից մեկը,
դատարանի որոշման առթիվ իր ունեցած բազմաթիվ առարկությունների
թվում նաև նշեց, որ հանրաքվե անցկացնելու դատարանի
կոչն անհամատեղելի է ընտրությունների վավերացման
հետ:
«Այն ընտրությունները, որոնք տեղի են ունեցել,
վստահություն չեն ներշնչում, - ասաց փաստաբան Վիկտոր
Դալլաքյանը, որը նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի
նախագահն է: - Եթե ընտրություններն անօրինական չեն
անցել, ի՞նչ վստահության հանրաքվեի մասին է խոսքը»:
Դալլաքյանը նշել է որոշման այն հատվածը, որը վերաբերում
է «նախագահական ընտրությունների արդյունքում ստեղծված
անվստահության և անհանդուրժողականության մթնոլորտին...»,
որպես այն հայտարարությունների հաստատում, որոնցով
հանդես են եկել իր կողմնակիցները դեռևս փետրվարի
19-ին կայացած ընտրությունների առաջին փուլից հետո:
|