Տարվա առաջին ձյունը միշտ էլ հաճելի է լինում:
Ճերմակ վերմակն անդորր է սփռում քաղաքի վրա ու ժպիտ
է պարգևում մարդկանց դեմքերին: Խորդանոցներից դուրս
են հանում վզկապներն ու սվիտերները, գլխարկներն
ու ձեռնոցները, և մարդիկ սկսում են նմանվել մայթերով
օրորվելով քայլող հագուստակապոցների: Վերջապես եկավ
արձակուրդների շրջանը: Այս տարվա մեղմ աշնան պատճառով
թվում էր, թե այն երբեք չի գա:
Արձակուրդների շրջանը երջանիկ ժամանակ է, քանի
որ այն անց ենք կացնում մեր ընտանիքի և ընկերների
հետ: Գրասենյակները փակվում են: Մեծ մասի համար
աշխատանքը դադարում է: Հայաստանում ապրող և աշխատող
օտարերկրացիների մեծ մասի նման, ես վերադառնալու
եմ իմ երկիր՝ այցելելու իմ ընտանիքն ու ընկերներին,
ինչի կարիքը շատ ուժեղ եմ զգում:
Անելիք շատ ունեմ, իսկ ժամանակը քիչ է: Քույրս
նոր է երեխա ունեցել, ինչին ձգտում էր երկար ժամանակ:
Եղբորս երեխաները վերադառնալու են տուն համալսարաններից:
Պետք է օգնեմ աղջկաս տեղափոխվել նոր տուն, իսկ որդուս՝
տեղափոխվել ուրիշ քաղաք, որտեղ Նոր Տարուց հետո
պետք է սկսի աշխատել:
Այդ ընթացքում պետք է զանգահարեմ և հանդիպեմ հին
ընկերներիս, պետք է պատմեմ, թե որտեղ եմ ապրել վերջին
մի քանի տարին: «Հայաստա՞ն», - կասեն նրանք, և երբ
բացատրեմ, թե դա որտեղ է, կժպտան, գլխով կանեն և
կասեն, - «Հրաշալի է»՝ առանց պատկերացում ունենալու,
թե ինչի մասին եմ խոսում: Ես սովոր եմ դրան:
Իհարկե, Հայաստանից մեկնելուց առաջ անպայման կգնամ
Վերնիսաժ և կփորձեմ նվերներ գնել բոլորի համար:
Սա իմ երրորդ տարին է Հայաստանում, և ես արդեն գնել
եմ այն ամենն, ինչ հնարավոր է գտնել այստեղ. նարդի,
երջանկություն բերող տիկնիկներ, ավանդական հայկական
գլխարկներ, մատրյոշկաներ, ձեռագործ ներկված ու փորագրված
տուփեր, կավե աղամաններ, պղպեղաղացներ, արծաթե զարդեր
և, վերջերս, նաև մի քանի գորգ: Եվ, իհարկե, հայկական
կոնյակ:
Ուախության ժամանակ լինելով՝ արձակուրդների շրջանը
նաև տխրության ժամանակ է: Ինչ-որ բան անցել է, ինչ-որ
բան գնացել է: Երբ ինչ-որ բան ենք տոնում, նշում
ենք ևս մեկ տարվա անցնելը: Մտածում ենք բոլոր լավ
ու վատ բաների մասին, որ տեղի են ունեցել: Մտածում
ենք այն ամենի մասին, որ կարող էր փոխվել, բայց
չփոխվեց, այն ամենի մասին, որ կարելի էր անել, բայց
չարվեց: Մտածում ենք բոլոր չիրականացած հույսերի
ու երազանքների մասին:
Սա նաև առաջ՝ գալիք տարվան նայելու ժամանակն է,
և դա մի բան է, որ բոլորին համակում է ապագայի հանդեպ
հույսերով: Հայաստանը հույսերի հիմքեր ունի: Վերջին
մի քանի տարվա ընթացքում ես ականատես եմ եղել նկատելի
առաջընթացի և չեմ տեսնում որևէ պատճառ, որ այդ առաջընթացը
չարագանա:
Մի քանի մեծահարուստ սփյուռքահայերի օգնությամբ,
ովքեր իսկապես ցավում են Հայաստանի համար, կյանքն
այստեղ բարելավվում է: Քըրք Քըրքորյանն արել ամեն
ինչ, որ մայթերն ու փողոցները բարեկարգվեն: Միայն
սա արդեն բավական է բոլոր երևանցիների տրամադրությունը
բարձրացնելու համար:
Սակայն սա ամբողջը չէ: Ամբողջ քաղաքում նոր շինարարություն
է գնում: Փողոցները ծանրաբեռնված են նորանոր մեքենաներով:
Քաղաքի բոլոր մասերում նոր խանութներ են բացվում:
Կյանքի ընթացքն արագացել է, որովհետև ավելի շատ
անելիքներ կան: Ամանորից շատ չանցած Հայաստանում
նախագահական ընտրություններ են լինելու, և թվում
է, որ Ռոբերտ Քոչարյանը հեշտությամբ կվերընտրվի:
Թեև բոլորը չէ, որ հավանում են նրան կամ համաձայն
են նրա վարած քաղաքականության հետ, քաղաքական կայունությունը
տնտեսական աճի նախադրյալ է:
Դեռևս չափազանց շատ հայեր են գոյության պայքար
մղում, չափազանց շատերն են պուրակներից ճյուղեր
հավաքում՝ իրենց տները գոնե մի քիչ տաքացնելու համար,
չափազանց շատերն են շշեր հավաքում՝ վաճառելու և
հացի փող վաստակեու համար: Սակայն հույսերի հիմքեր
կան, և սա հույսերի ժամանակն է: Դեռ շատ վաղ է ասել,
որ Հայաստանը շրջադարձ է կատարել, սակայն այդ ժամանակն
արագորեն մոտենում է:
|