Արդեն
ութ ամիս է անցել, ինչ սափրագլուխների (սքինհեդներ)
դեմ մեղադրանք է հարուցվել Ռուսաստանի Կրասնոդար
քաղաքում հայկական գերեզմանները պղծելու մեջ, իսկ
դատավարությունը շարունակվում է ձգձգվել:
Ռուսաստանի ավելի քան 20 քաղաքացիների մեղադրանք
է ներկայացվել անցյալ տարվա ապրիլի 17-ին Սլավյանսկոյե
գերեզմանոցում հայկական 31 գերեզմաններ ավերելու
մեջ: Առ այսօր մեղադրյալներից ինը ներկայացել են
Կուբանի դատարան՝ օգոստոս ամսին սկսված դատական
նիստերին:
«Երկրամաս» հայկական թերթը նշում է, որ տարածքից
չբացակայելու մասին ստորագրություն տալուց հետո
մեղադրյալներից յոթն ազատ են արձակվել: Մյուս երկուսը
գտնվում են կալանքի տակ:
Թերթը նաև նշում է, որ սկզբում ամբաստանյալները
խոստովանել են իրենց մեղքը, իսկ հետո հրաժարվել
են՝ ասելով, որ ոստիկանությունն է ստիպել իրենց
մեղսակցությունը հաստատող ցուցմունքներ տալ:
Դատական լսումներն առաջին անգամ հետաձգվել են,
որպեսզի ամբաստանյալներից մեկը ենթարկվի բժշկական
հետազոտության: Երկրորդ անգամ նիստը հետաձգվել է
ամբաստանյալներից մեկի դատարան չներկայանալու պատճառով:
Ռուսաստանի հայերի միության կրասնոդարյան մասնաճյուղի
անդամ Արմեն Հովսեփյանն ասում է, որ հետաձգումները
հարուցում են Կրասնոդարի հայերի կասկածը՝ դատավարության
օրինական ավարտի վերաբերյալ:
«Դատավարությունը շարունակվում է ավելի քան ութ
ամիս, թեև բոլոր հանցանշաններն ակնհայտ են, - ասում
է Հովսեփյանը, - Ժամանակն է կայացնել դատավճիռը:
Վախենամ, որ անպատժելիությունը տարածաշրջանում կովկասցիների
դեմ ուղղված նոր կրքեր կբորբոքի»:
Կրասնոդարի շուրջ 500000-անոց հայկական համայնքում
այն կարծիքին են, որ խուլիգաններին հրահրել է ապրիլի
սկզբին նահանգապետի տեղական հեռուստատեսությամբ
արված այն հայտարարությունը, որ Կրասնոդարը պետք
է մաքրվի կովկասցիներից:
Հայերը մեղադրում են Ալեքսանդր Տկաչովին հակահայկական
քաղաքականություն վարելու մեջ, որը, ըստ նրանց,
վերջինս ժառանգել է նախկին նահանգապետ Նիկոլայ Կոնդրատենկոյից:
Նոյեմբերի
16-ին Կրասնոդարի նախկին նահանգապետ Կոնդրատենկոն
իր ելույթում նշել է, որ Ադլերում (Կրասնոդարի երկրամասի
ծովափնյա քաղաքներից մեկը) դպրոցականների ավելի
քան 50 տոկոսը հայեր են: «Մենք՝ ռուսներս, կորցնում
ենք Ռուսաստանը», - ասել է նա:
Հովսեփյանն ասում է, որ ներգաղթի նկատմամբ վերահսկողությունը
խստացել է այն բանից հետո, երբ նոյեմբերին չեչեն
ահաբեկիչները պատանդներ էին վերցրել Մոսկվայի թատրոններից
մեկում, որի արդյունքում զոհվեցին մոտ 200 հոգի:
«Ստուգումներն ամենուր են, - ասում է Հովսեփյանը,
- Ոստիկանությունը մարդկանց կանգնեցնում է փողոցում
միայն այն բանի համար, որ նրանք ռուս չեն»:
Բնիկ կրասնոդարցի Հովսեփյանն ասում է, որ բոլոր
հայերն անձնագրերը միշտ իրենց հետ են կրում: Միաժամանակ
նա նշում է, որ Կրասնոդարում իրոք առկա է անօրինական
ներգաղթի մեծ հոսք: «Իրավիճակը կայուն է, այնուհանդերձ
հայերը՝ և՛ քաղաքացիները, և՛ անօրինական ներգաղթածները,
զգում են լարվածությունը տրանսպորտում, հաստատություններում
և փողոցում»:
Հակահայկական գործողությունների հետ առնչվող մեկ
այլ դատական գործի լսումները կայացան Ռուսաստանի
Կրասնոարմեյսկ քաղաքում, որի 35000 բնակիչներից
150-ը հայեր են:
Այնտեղ (Մոսկվայից 50 կիլոմետր դեպի հյուսիս)
հուլիսի 7-ին ձերբակալվել էին 20 ռուսներ՝ 25 հայերի
ծեծելու և վնասվածքներ հասցնելու համար: Միջադեպի
պատճառ էր հանդիսացել մի ռուսի և մի հայի միջև բռնկված
կռիվը, որի ժամանակ հայը դանակահարել էր ռուսին,
և վերջինս մի քանի շաբաթ անց էր կացրել հիվանդանոցում:
Մոսկվայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար
Մարիաննա Բաբայանը տեղեկացրեց «ԱրմենիաՆաուին»,
որ հայ համայնքը հետևել է դատավարությանը, և ասում
է, որ այն արդար է եղել:
«Դատարանը վճիռ է կայացրել, որ դա ներքին կոնֆլիկտ
է եղել հայերի և ռուսների միջև: Մեղադրյալներին
ազատ են արձակել՝ քաղաքից չբացակայելու պայմանով»:
«Մենք պետք է ընդունենք, որ բախումը հրահրել է
(դանակահարության մեջ մեղադրվող) Հայկ Սայանը: Ներկայումս
նա գտնվում է բանտում:
«Վերջերս դեսպանության պատվիրակությունը մեկնել
էր Կրասնոարմեյսկ: Իրավիճակն այնտեղ կայուն և խաղաղ
է: Կրասնոարմեյսկի հայերը կարող են զանգահարել մեզ
ցանկացած ժամանակ, եթե որևէ պատահար լինի: Սեպտեմբերին
մենք հրավիրել էինք Կրասնոարմեյսկի քաղաքապետին՝
տոնելու Հայաստանի անկախությունը: Կարող եմ ասել,
որ Մոսկվայում հայերը ճնշված չեն: Համենայն դեպս,
նրանք, ովքեր քաղաքացիություն կամ ժամանակավոր գրանցում
ունեն»:
|