Բազմաբնակարան
շենքերի կառավարման մարմինների մոտ 150 ներկայացուցիչներ
էին մասնակցում դեկտեմբերի 11-ին «Արմենիա» հյուրանոցում
հրավիրված կոնֆերանսին, որպեսզի ծանոթանան Բնակելի
շենքերի կառավարման նոր օրենքին և դրան առնչվող
հարցեր քննարկեն:
Արևմուտքում արդյունավետ գործող համատիրությունները,
որոնք ապահովում են այնպիսի ծառայություններ, ինչպես
լողավազանները, մարզադահլիճները և ավտոկայանատեղերը,
Հայաստանում դեռ չեն կայացել (տես հարակից հոդվածը
«Անձրևի
դույլեր և երկնքի լույսեր» )
Բազմաբնակարան շենքերի կառավարման գաղափարը Հայաստանում
ծագել է 1997 թվականին: 2002 թվականի հունիսին փոփոխված
Բազմաբնակարան շենքերի կառավարման օրենքը հնարավորություն
է տալիս բնակելի շենքերի բնակիչներին կազմել կառավարման
մարմին, որը պետք է հոգա շենքի ենթակառուցվածքների,
շրջակա տարածքի և ընդհանուր սեփականության կարիքները
(մուտքեր, լուսավորություն, վերելակներ, տանիք):
Քաղաքաշինության, Արդարադատության նախարարությունների
և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրին
նոր պահանջները և շաղկապեցին դրանք բնակելի շենքերի
կառավարմանը:
«Բնակարանները և ինքը շենքը պատկանում են այդ
շենքի բնակիչներին, և նրանք են այդ սեփականության
միակ պատասխանատուները», - ասաց Քաղաքաշինության
նախարարության ներկայացուցիչ Կամո Խաչատրյանը:
«Կառավարությունը կարող է աջակցել նրանց գործունեությանը,
սակայն որոշումները և նախաձեռնությունը պետք է գան
իրենց՝ բնակիչների կողմից», - ավելացրեց նա:
Նախկին խորհրդային համակարգի «պետական լրիվ հոգածության»
մոդելից համատիրությունների «սեփական գլխացավանքի»
մոդելին անցնելու պահանջը, կարծես, դեռևս հստակորեն
չի գիտակցվում: Կազմակերպչական և իրավական որոշ
հարցեր դեռ պետք է պարզաբանվեն բազմաբնակարան շենքերի
կառավարման մարմիններին և ընդհանրապես բնակիչներին:
Բնակելի շենքերի կառավարման մարմինների ներկայացուցիչներին
խիստ հետաքրքրում էր իրենց գործունեության իրավական
կողմը, հատկապես բնակելի շենքերի տարածքում առանց
բնակիչների հետ քննարկման տնտեսական գործունեություն
թույլատրելու քաղաքապետարանի որոշման բողոքարկման
իրավունքը:
«Որոշ բնակիչներ զգալիորեն ձևափոխել են շենքի
տեսքը՝ տնտեսական գործունեություն ծավալելով առաջին
հարկում կամ նկուղում», - ասաց Արդարադատության
փոխնախարար Գևորգ Մալխասյանը:
Մալխասյանը բացատրեց, որ համատիրությունները կարող
են օրինական կարգով բողոքարկել քաղաքապետարանի որոշումները
և շենքի բնակիչների իրավունքները և շահերը պաշտպանելիս
գործել որպես իրավաբանական անձ:
Շենքի
պատերին գովազդային պաստառներ կամ գրավոր գովազդ
փակցնելու թույլտվությունը տալու են շենքի բնակիչները
և գումար են գանձելու դրա համար: Տնտեսական գործունեություն
սկսելու կամ շենքի արտաքին տեսքը փոխելու համար
գործարարը պետք է ստանա շենքի բնակիչների առնվազն
51 տոկոսի համաձայնությունը՝ կախված ծրագրի բնույթից:
Հակառակ տեպքում, դատարանը կարող է ապօրինի համարել
գործարարի գործողությունները և փոխհատուցում պահանջել:
Ըստ Մալխասյանի, եթե բնակիչն առանց իրավունք ստանալու
նկուղ է փորել անձնական, գործարար կամ այլ նպատակների
համար, բազմաբնակարան շենքի կառավարման մարմինն
օրինական իրավունք ունի բողոքարկել այդ գործողությունը
և փոխհատուցում պահանջել պատճառած վնասը վերականգնելու
համար:
Սեփական միջոցներով շենքի կարիքները հոգալու գաղափարը
կարող է գրավիչ չթվալ շատ բնակիչների: Որոշ համատիրությունների
ղեկավարներ իրենց կասկածը հայտնեցին կառավարման
նոր համակարգի ֆինանսական կենսունակության և արդյունավետության
առնչությամբ՝ հաշվի առնելով շենքերում բնակվող ցածր
եկամուտ ունեցող ընտանիքների մեծ քանակը:
«Օրենքը մշակելու ընթացքում դա մեր ամենամեծ մտահոգությունն
էր, - ասում է Մալխասյանը, - Հենց այդ պատճառով
մենք նվազագույնի հասցրինք կառավարման մարմնի պարտադիր
պարտականությունները, որպեսզի նրա պարտականությունները
համապատասխանեն նրա ֆինանսական հնարավորություններին»:
Օրենքով նախատեսված պարտավորությունները վերաբերում
են սանիտարական, հակահրդեհային և շինարարական նորմերին,
որոնք շենքերի կառավարման մարմինները պետք է ապահովեն:
Համատիրությունների գործունեությունն ապահովող
միջոցները պետք է գանձվեն բնակիչներից՝ որպես ծառայավճար:
Ծառայավճարը հաշվարկվում է ըստ շենքի արժեքի (հանած
մաշվածությունը), քառակուսի մետրի և բնակիչների
քանակի: Սովորաբար մեկ ընտանիքի համար այդ գումարը
կազմում է ամսական մոտ 1000 դրամ ( 2 դոլարից պակաս):
Այն շենքերը, որոնք չեն ձևավորում իրենց սեփական
կառավարման մարմինը, շարունակում են մնալ տեղական
համայնքի (թաղապետարանի) ուղղակի ենթակայության
տակ: Սակայն սա չի նշանակում, որ քաղաքներն ավելի
լավ կհոգան բնակելի շենքերի կարիքները:
Միջոցների հատկացումների ընթացակարգի համաձայն,
բյուջեի նախագծում յուրաքանչյուր շենքի ֆինանսավորման
մասին որոշում է կայացնում համայնքի ավագանին: Սակայն
հաշվի առնելով տեղական բյուջեների սահմանափակ միջոցները,
շենքի ենթակառուցվածքների և ծառայությունների բարեկարգման
համար համայնքից ֆինանսավորում ստանալու հնարավորությունը
խիստ սահմանափակ է:
|