Անցյալ
ամիս թանգարան է բացվել Ծիծեռնավանք գյուղում, որը
Հայաստանը և Ղարաբաղն իրար կապող միջանցքի մի մասն
է կազմում և որտեղ 1990-1994 թվականներին դաժան
մարտեր էին գնում: Նախկինում Լաչինի շրջան կոչվող
այս տարածքն այժմ կոչվում է Քաշաթաղ:
Այս տարածքը նոր են սկսել վերաբնակեցնել, և այդ
ծրագրի մի մասն են կազմում հայկական պատմական հուշարձանների
ուսումնասիրությունները:
Ներկայումս թանգարանում ցուցադրված են 5-րդ դարի
մի մոմակալ, գառը գրկին կնոջ մի արձանիկ, կենցաղային
իրեր և գերեզմանային կղմինդրներ, որոնք թաղումների
ժամանակ դագաղի դեր են կատարել:
Սակայն կարևորագույն գտածոներից մեկն ամբողջությամբ
ցուցադրված չէ, քանի որ, ինչպես վարչակազմի ղեկավարն
է ասում, չափազանց դաժան պատկեր է:
Ամբողջական գտածոյի մասին, որն իրենից ներկայացնում
է մարդկային գանգ՝ մեջը խրված գամերով, պատկերացում
են տալիս միայն մարմարե գերեզմանաքարի մի կտոր՝
«Ծատուր» մակագրությամբ, և գամերը:
Գանգը և կմախքի մի քանի հատվածները հայտնաբերվել
են պեղումների ժամանակ՝ վանքի պատի տակ: Մասնագետներից
առնվազն մեկի կարծիքով, դա 6-րդ դարի քրիստոնյա
մի նահատակի աճյունն է: (Գամերը մնացել են թանգարանում,
իսկ գանգը տարել են Երևան՝ հետագա ուսումնասիրության
համար:)
«Ժայռը փորել են տակից, և գերեզմանը բացվել է,
- ասում է Ծիծեռնավանքը վերակառուցող վարպետ Մենուշը,
որը մի շարք եկեղեցիներ է վերակառուցել և արժանացել
է Անանիա Շիրակացու շքանշանին, - Գանգն էր՝ մեխերը
մեջը, մեկ էլ թևերը: Մի կնիկ գանգն առել գիրկը՝
շոյում էր»:
Գիտնականները ենթադրում են, որ աճյունը թաղվել
է վանքի պատի տակ, որովհետև այն պատկանել է սուրբ
համարված մարդու:
Քաշաթաղի
վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանը, որը նաև
պատմական գիտությունների թեկնածու է, «Հանդես ամսօրյա»
գիտական ամսագրում ուսումնասիրություն է հրապարակել
հայտնաբերված աճյունի վերաբերյալ: Նա գրում է, որ
տապանաքարի մակագրությունից կարելի է ենթադրել,
որ նահատակի անունն Աստվածատուր է եղել (ամբողջ
տապանաքարը չի հայտնաբերվել):
Հայոց վարքագրության մեջ այդ անունով միայն մեկ
նահատակ է եղել՝ ազգությամբ պարսիկ, որը 553 թվին
խաչվել է Դվինում: Դվինի երկրաշարժից հետո բնակչությունը
տեղափոխվել է Սյունիք, որտեղ գտնվում է Ծիծեռնավանքը:
Հակոբյանը ենթադրում է, որ նահատակի աճյունը տեղափոխել
են այնտեղ:
«Սա մի բացառիկ վարկած է: Եթե այլ տեսակետներ
լինեն, հետաքրքիր կլինի, - ասում է Հակոբյանը, -
Մենք գանգը չդրեցինք ցուցադրման՝ համարելով, որ
դա դաժան պատկեր է»:
Ծիծեռնավանքը 4-5-րդ դարերի եկեղեցին (ձգված ուղղանկյուն
հատակագծով կառույց՝ վաղ քրիստոնեական տաճարների
հիմնական տիպերից մեկը) և հացատունն է, որ վերանորոգվել
է 2001-2002 թվերին սփյուռքահայ բարերարների օգնությամբ:
Վանքի կողքին պահպանվել է 19-րդ դարի հայկական գերեզմանոցը:
Թանգարանը գտնվում է հացատան շենքում և հանդիսանում
է Քաշաթաղի երկրագիտական թանգարանի մասնաճյուղը:
Բերձորում
(նախկին Լաչին) 1996 թվականի գարնանը բացված թանգարանում
ցուցադրված են մ.թ.ա. երրորդ հազարամյակի բրոնզե
գուրզը և քարե տոտեմները, որոնք հայտնաբերվել են
վեց տարի առաջ Կայծքարսար տեղանքի պեղումների ժամանակ:
Թանգարանում ներկայացված մոտ 300 ցուցանմուշների
մեծ մասը հավաքել է թանգարանի տնօրեն Լիվերա Հովհաննիսյանը,
որը մինչև Լաչին տեղափոխվելը 18 տարի աշխատել է
Երևանի պատմության թանգարանում որպես ավագ գիտաշխատող:
«Ապրիլին՝ մեկ ամսվա ընթացքում, 47 գյուղ եմ շրջել
և հավաքել այս բոլոր ցուցանմուշները, որ հասցնեմ
թանգարանի բացմանը, - ասում է Հովհաննիսյանը, -
Այն ժամանակ շատ գյուղեր դեռ բնակեցված չէին, երկու
տղամարդու ուղեկցությամբ բեռնատարով գյուղից-գյուղ
էինք գնում և տնետուն մտնելով՝ փնտրում-գտնում մեր
ուզածը: Մի գյուղում մեզ վրա կրակ բացեցին: Բնակիչներն
էնքան մարդու էրես չէին տեսել, որ մեզ տեսել՝ վախեցել
էին, ադրբեջանցու տեղ էին դրել»:
Թանգարանում ցուցադրված են հայկական կենցաղային
իրեր, սկսած մ.թ.ա. երրորդ-երկրորդ հազարամյակներից:
Օրինակ՝ Արաքսի ափին հայտնաբերված երրորդ հազարամյակի
ձիթաճրագ, առաջին հազարամյակի կավե կարաս Աղավնու
գյուղից (նախկին Զաբուղ), 17-18 դարերի լուսամփոփ
և պղնձե ջրաման՝ «Հայրապետի որդի Մարգարա» մակագրությամբ:
|