Տխուր
ճակատագրի արժանացած այս շենքը մեկ մուտք ունի:
Առաջին քայլերից պարզ է դառնում, որ վերևում պայմաններն
ավելի տխուր են:
Ճոճվող աստիճաններին ուղեկցում են ճաքած պատերը,
որոնք թույլ են տալիս մտածել նրանց վաղեմի և հարուստ
կենսագրության մասին, և այցելուն սկսում է կասկածել,
արդյոք շենքը բնակեցված է: Սակայն օդում անկարգորեն
կախված հոսանքալարերը որոշակի ուղղվածություն ունեն,
իսկ «Արմենտելի» քաղաքակիրթ հեռախոսալարերը միանգամից
վերջ են տալիս կասկածներին: Այստեղ ապրում են հերոս
մարդիկ:
Զգույշ թակոցին պատասխանում են ջերմ ու սովորական
հյուրասիրությամբ, որը մռայլվում է միայն այն պայմաններով,
որոնցում ստիպված են ապրել բնակիչները:
«Անձևրը ներխուժել է ննջարան, խոհանոց, հյուրասենյակ,
մեր ողջ բնակարանը», - ասում է երեք երեխաների մայր
38-ամյա Օֆելյա Սահակյանը:
Որքան էլ տարօրինակ թվա դրսի մարդկանց, Էջմիածնի
Մարշալ Բաղրամյան 18/բ հասցեով այս շենքը միակը
չէ ո՛չ այս քաղաքում, ո՛չ Երևանում, ո՛չ էլ հանրապետությունում,
որ գտնվում է նման պայմաններում: Նման շենքերում
ապրող մարդիկ ականատես են եղել դրանց շարունակական
քայքայմանը սկսած անկախացումից, երբ վերջացան այն
ժամանակները, երբ դրանք պետական սեփականություն
էին հանդիսանում: Այժմ հույսը կորցրած բնակիչները
չգիտեն, թե ում դիմեն:
Առաջին կարգի հաշմանդամ 38-ամյա Գոհար Իսրայելյանը
(վերին նկար) գործազուկ է և գրեթե կույր է: Ապրում
է այս շենքի հինգերորդ հարկի մեկ սենյականոց բնակարանում
իր 11-ամյա որդու` Նարեկի հետ:
Գիշերային անձրևներին ընտելացած այս ընտանիքը
գիտի, թե ինչ անել այդ արտակարգ իրավիճակում:
«Անձրևի ձայնն ինձ ստիպում է զինվորական արագությամբ
վեր կենալ, հագնվել, վազել դույլերի և մեծ տարողությամբ
այլ տարանների հետևից և սկսել սովորական աշխատանքը»,
- ասում է Նարեկը:
«Մենք
մնացել ենք բախտի քմահաճույքին, - ասում է Գոհարը,
- Այս տարվա չոր աշունը մեզ փրկեց: Գարնանն այստեղ
հեղեղ է լինում: Անձրևներին հետևում է խոնավությունը:
Դուռն օր ու գիշեր բաց ենք թողնում, որպեսզի խոնավության
հոտն անցնի, բայց՝ անօգուտ:
«Խոնավությունից բորբոսնում են պատերը, դռները»:
Համար 18 շենքի խնդիրը տասը տարվա պատմություն
ունի:
«Այն տարիներին, երբ հոսանքազրկված էինք (1992-1993
թվականներին), լսում էինք, ինչպես են տանում տանիքի
փայտերը՝ որպես վառելիք օգտագործելու համար», -
ասում է Օֆելյան:
Գողացված տախտակները առ այսօր չեն փոխարինվել
նորերով: Իսկ շենքի բնակիչներն ասում են, որ շենքի
տանիքն ավելի է վնասվում այդտեղ տեղադրվող հեռուստացույցի
ալեհավաքներից:
«Դրանք տեղադրելիս՝ տանիքը բոլորինն է, բայց վնասված
հատվածները վերանորոգելիս՝ հոգսն ընկնում է միայն
հինգերորդ հարկի բնակիչների ուսերին», - ասում է
Գոհարը:
Այնուամենայնիվ, այսօր գործում է մի համակարգ,
որը կոչված է լուծել նման խնդիրները:
Խորհրդային Միության փլուզումից հետո շենքերի
բնակարանները սեփականաշնորհվեցին: Ստեղծվեցին համատիրություններ,
որոնք էլ բնակիչներից հավաքագրում են ընդհանուր
սեփականության սպասարկման և վերանորոգման վարձը,
ինչպիսիք են համարվում կոմունալ ջրագծերը, շքամուտքերը,
աստիճանավանդակները, ընդհանուր պատերը և տանիքը:
«Համատիրությունը
ստեղծվել է սեփականաշնորհված շենքերի ընդհանուր
կառավարումը, վերանորոգումը, սպասարկումը կազմակերպելու
և ընդհանուր շահերը պաշտպանելու համար», - ասում
է Էջմիածնի «Մարշալ Բաղրամյան» համատիրության նախագահ
Ռոբերտ Մկրտչյանը:
Համատիրության բյուջեն կազմվում է բնակիչներից
հավաքագրված վարձերով: Բնակիչները բնակտարածքի քառակուսի
մետրի համար ամսական վճարում են 6 դրամ (մոտ 1 սենթ):
Ըստ Մկրտչանի, մեկ բնակարանի համար այս գումարը
չի գերազանցում 300-500 դրամը (մոտ 60-90 սենթ):
Վճարը ցածր է, և սովորաբար բնակիչների միայն մեկ
քառորդն է կատարում վճարումները: Նման գումարներով
անհնար է մեծ աշխատանքներ իրականացնել:
Գոհար Իսրայելյանն ասում է. - «Ես թոշակառու եմ,
միայնակ մայր: Ապրելու համար օգնում է եղբայրս:
Անկարող եմ մուծել այդ չնչին գումարը, անգամ 50%-ով»:
Ինքնաֆինանսավորվող համատիրությունների համակարգը
պայքարում է իր աշխատանքը կատարելու համար, քանի
որ համատիրության անդամները մինչ այժմ չեն ցանկանում
իրենց սեփականության խնդիրների համար պատասխանատվությունն
իրենց վրա վերցնել:
«Հաճախ վճարումները չեն կատարում նյութապես ապահով
մարդիկ, - ասում է Մկրտչյանը, - Հասարակությունը
չի ցանկանում ընդունել այս համակարգը, քանի որ տարիներ
շարունակ սովոր է եղել, որ նման խնդիրները պետք
է լուծի պետությունը: Սակայն բնակարանները սեփականաշնորհվեցին,
որպեսզի պետության հոգսը թեթևանա»:
1996 թվականին Էջմիածնում ստեղծվեցին 13 համատիրություններ:
Այսօր մնացել են 7-ը:
Մեկ
ամսում համատիրությունը հավաքում է մոտ 5600 դրամ
(10 դոլար), որը շատ քիչ է որևէ մեծ խնդրի լուծման
համար, օրինակ հոսող տանիքը նորոգելու համար:
Մարշալ Բաղրամյան 18/բ շենքում առաջացած մեծ ճեղքերը
1988 թվականի երկրաշարժի հետևանք են: Հաճախ խցանվում
են կոյուղու ջրագծերը, և ջուրը լցվում առաջին հարկի
բնակարանները, որտեղ ոչ ոք չի ապրում: Առաջին հարկի
կեղտաջրերը հակասանիտարային պայմաններ են ստեղծում,
որոնք հավանական են դարձնում հիվանդությունների
համաճարակները:
«Մեր պատերն ամուր չեն, ուժեղ հարվածից անմիջապես
կփլվեն», - ասում է Գոհարը:
Գոհարի լողասենյակի առաստաղից երևում է երկինքը,
իսկ մկները և այլ վնասատուներ ազատ ելումուտ ունեն
այստեղ: Տասնմեկ տարի է բնակիչները ջուրը դրսից
են բերում:
«Իսկ առհասարակ, այստեղ կարելի է միանգամից անձրևաջրով
լողանալ», - ասում է Նարեկը:
«Այստեղ ապրելով հազար ու մի հիվանդություն ենք
ձեռք բերել, և ու՞մից կարող ես օգնություն խնդրել»,
- ասում է Օֆելյան:
Որոշ իրավիճակներում քաղաքապետարանը կարող է ընդհանուր
բյուջեից գումար հատկացնել նման շենքերի հրատապ
խնդիրները լուծելու համար, սակայն ներկայումս ոչինչ
չի արվում, և մարդիկ շարունակում են ապրել այստեղ,
որովհետև այլընտրանք չունեն:
«Ամեն ինչ մնում է նույնը, - ասում է Գոհարը,
- մենք ենք ու մեր բաց տանիքը, պատերի ճեղքերը,
որոնք օր օրի ավելի են լայնանում:
«Ամենահուսալին ավելի մեծ տարողությամբ կենցաղային
տարաներն են, որոնք ամեն գարուն ավելի մեծերով ենք
փոխարինում»:
|