«Ռուսաստանում
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը չափազանց տարածված էր: Կամ վարակվում
էին չպաշտպանված սեռական հարաբերություններից, կամ
էլ թմրանյութից ու ոչ միանվագ ներարկիչներից, -
ասում է 31-ամյա Արամ Հակոբյանը, - Թմրանյութի ընդհանուր
գդալից օգտվում էին շատերը, շատ հաճախ նույնիսկ
թմրանյութն արդեն վարակված էր լինում:
«Թմրանյութից հրաժարվելը գերմարդկային ճիգեր էր
պահանջում, գրեթե անհնար էր, իսկ այդ մթնոլորտում
ես արդեն շատ խորը կասկածներ ունեի, որ իմ կենսակերպով
ես նույնպես վարակված կլինեմ: Իրականում հենց այդպես
էլ կար»:
Արամ Հակոբյանը ՄԻԱՎ-ով վարակվել է մոտ 7 տարի
առաջ Ռուսաստանի քաղաքներից մեկում, ուր արտագնա
աշխատանքի էր մեկնել հազարավոր հայ երիտասարդների
նման: Եվ շատերի նման էլ՝ հետաքրքրությունից դրդված,
սկսել էր թմրանյութ օգտագործել:
Այն օրվանից, երբ Հակոբյանն իմացավ, որ վարակվել
է ՄԻԱՎ-ով, տարիներ են անցել, և նրա կյանքում շատ
բան է փոխվել:
«Շատ եմ փորձել ազատվել թմրամոլությունից, քանի
որ նման ապրելակերպը քայքայում է օրգանիզմը: Սակայն
այդ ամենը հաղթահարելու համար ինձնից անասելի կամքի
ուժ էր պահանջվում: Ոչ մի կերպ չէր ստացվում: Տարիների
անհաջող փորձերից հետո, մի տարի առաջ որոշեցի վերադառնալ
Հայաստան՝ ծնողներիս մոտ:
«Ծնողներս շատ վշտացան, երբ իմացան, որ ՄԻԱՎ ունեմ,
սակայն թաքցնելով իրենց վիշտն ու անհանգստությունը՝
քաջալերեցին ինձ, և ես կարողացա կարգավորել իմ կյանքը:
Հետզհետե ամեն ինչ ընկավ իր բնականոն ընթացքի մեջ:
Ինձ օգնեցին ծնողներս»:
Յոթ ամիս առաջ Արամը թողեց թմրամոլությունը: Այսօր
նա ապահովված է աշխատանքով, ունի ընկերներ, ընկերուհիներ
և մտածում է վաղվա մասին միայն հույսով:
«Ես գիտեմ մարդկանց, որոնք ՄԻԱՎ-ով վարկվելուց
հետո ապրում են արդեն 15 տարի: Պետք է ուղղակի զգույշ
լինել: Եթե չչարաշահես ալկոհոլը, ծխախոտը և թմրանյութերը
և առողջ կյանքով ապրես, ամեն ինչ կարող է երկարել»:
Եվ Հակոբյանն ու Հայաստանի մի քանի հազար վարակակիրները
(պաշտոնական թիվը 2200 է, սակայն մասնագետների հավաստմամբ,
իրական թիվը շատ ավելի մեծ է) սպասում են, ինչպես
ինքն է ասում, «մինչև այն պահը, երբ կհայտնվի ապագա
դեղամիջոցը և կօգնի մարդկանց լիովին ազատվել այդ
վարակից»:
Իսկ մինչ այդ, քանի որ Հայաստան մուտք չեն գործում
ՄԻԱՎ-ի դեմ կիրառվող հակավիրուսային դեղամիջոցները,
Հակոբյանը փորձում է ուժերը վերականգնել վիտամիններով
հարուստ սննդով՝ բանջարեղենով ու մրգերով, և այն
ամենով, ինչ օգնում է:
«Ես ապրում եմ լիարժեք կյանքով ու գոհ եմ, - ասում
է նա, - Ունեմ ընկերներ, որոնք գիտեն իմ մասին և
մնում են իմ ընկերները: Ունեմ մի քանի ընկերուհի,
և չի բացառվում, որ մոտ ժամանակներս ամուսնանամ,
դեռ չեմ որոշել: Սակայն միայն իմ նեղ շրջապատը,
իմ մոտիկ մարդիկ գիտեն իմ հիվանդության մասին»:
Արամն ամեն կերպ խուսափում է ասել իր հիվանդության
մասին պատահական ծանոթներին, այդ թվում՝ բուժքույրերին
և բժիշկներին հիվանդանոցներում և ատամնաբուժարաններում:
«Երբ գնում եմ ատամնաբուժարան, նախ հետաքրքրվում
եմ, նորմալ ախտահանվում են բժշկական գործիքները,
թե ոչ, բժիշկներր ստերիլ գործիքներով են աշխատում,
թե ոչ: Հետո ասում եմ, որ հիվանդ եմ հեպատիտ C-ով,
որովհետև ոչ մի դեպքում չեմ կարող ասել, որ ՄԻԱՎ-վարակակիր
եմ: Նույն բժիշկը, միգուցե, իմ ներկայությամբ ոչինչ
չասի, բայց հետո չի բացառվում, որ ինֆորմացիան շատ
արագ տարածի, ասի ուրիշներին»:
Հակոբյանը տխրությամբ է հիշում այն դեպքի մասին,
երբ գնացել էր բժշկի մոտ բոլորովին այլ գործով:
«Նրան նախօրոք տեղյակ էի պահել իմ խնդրի մասին:
Ես նրա հետ բոլորովին այլ բանի շուրջ պետք է խոսեի:
Մեկնեցի ձեռքս, որ ողջունեմ, սակայն նա ձեռքը հետ
տարավ ու հրաժարվեց ձեռքով ինձ բարևելուց:
«Մարդու համար, կարծում եմ, շատ կարևոր է, որ
իրեն գոնե ձեռքով ողջունեն: Շատ դեպքերում նաև այդ
է, որ ինձ մղում է զգույշ լինել իմ մասին տեղեկություններ
տալուց: Որովհետև ուզում ես գոնե հարգանքի այդ տարրական
նշաններին արժանանալ»:
Արամն իրեն մեղավոր չի համարում ոչնչի համար և
հավատացած է, որ այս կյանքում ոչ մեկը ոչնչից ապահովագրված
չէ:
«Կարող ես գնալ ատամնաբույժի մոտ և վարակվել,
քանի որ այնտեղ կարող են չպահպանել ախտահանության
տարրական կանոնները: Ուղղակի մարդիկ ինֆորմացիայի
խիստ պակաս ունեն:
«Իսկ Հայաստանում հիմնականում մտածում են, որ
վարակակիրները սարսափելի կյանքով ապրող սարսափելի
մարդիկ են: Ու այսօր, եթե շատ մարդիկ իմանան իմ
մասին, չի բացառվում, որ ես մյուսն օրը ևեթ կորցնեմ
իմ աշխատանքը ու շատ այլ ուրախություններ, որոնցով
լիարժեք եմ զգում ինձ:
«Ես պայքարում եմ կյանքի համար ու գոհ եմ իմ կյանքից,
սակայն ամեն մի պահն ինձ համար կարող է ճակատագրական
լինել, և իմ ամբողջ կյանքը կարող է տակնուվրա լինել:
Չեմ ուզում, որ այստեղ մարդիկ իմանան, որ վիրուսակիր
եմ: Եթե ես վստահեմ մեկին իմ գաղտնիքը, ու նա չպահի
այն, այլ սկսի բոլորին պատմել իմ մասին, ես ամենայն
հավանականությամբ, կկորցնեմ այն ամենը, ինչի հասել
եմ տարիների ընթացքում: Ես չեմ ուզում, որ ինձ փողոցում
մատով ցույց տան ու խուսափեն ինձնից: Չէի ուզենա,
որ հարևաններն իմանային, դա իմ ճակատագիրը լրիվ
կփոխեր: Ուղղակի մարդիկ դեռ պատրաստ չեն դրան»:
|