Չորս-հինգ
մարդուց կազմված մի խումբ՝ զինված փոքր բահերով
և վրձիններով, անդադար փորում է խառնարան հիշեցնող
մի վայրում, և նրանց գտած ամեն մի կտորը ժպիտ է
առաջ բերում նրանց դեմքերին և առիթ է դառնում հետագա
բանավեճերի համար: Գոհարներից էլ թանկ նրանց գտածոները
պատմության պատառիկներ են:
Հայաստանում առաջին ձյունը դնելուց մի քանի օր
առաջ, որը ստիպեց դադարեցնել պեղումները, այս մարդիկ
դեռ փորում էին մեղմ ու արևոտ աշնանային օրերին,
ինչպես և անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում,
Ագարակում հայտնաբերված և, ինչպես ենթադրում են,
վաղ բրոնզե դարին պատկանող վեց քարե համալիրներում:
Պեղումների վայրը, որ գտնվում է Երևանից մոտ 30
կմ հեռավորության վրա, առայժմ բացել է իր նախապատմական
գաղտնիքների ընդամենը հինգ տոկոսը: Սակայն հնագետները
խոստանում են, որ երբ իրենք ավարտեն իրենց գործը,
մարդկանց աչքերի առաջ կբացվի մշակույթների ու քաղաքակրթությունների
մի արտասովոր կոթող:
Անցյալ տարի հուշարձան այցելեց նույնիսկ նախագահը
և հավաստեց, որ այն գտնվում է պետության պաշտպանության
տակ: Հնագետների համար նախագահի այդ որոշումը լավ
լուր էր, քանի որ այն ազատություն տվեց իրենց դիմել
դրամաշնորհների և թույլ տվեց հուշարձանից հեռու
պահել գյուղացիներին, որոնք իրենց գյուղատնտեսական
աշխատանքների ընթացքում ավերում էին 6000-ամյա գերեզմանոցները:
Քարե համալիրների միջև ընկած դաշտերի հարթ հողակտորները
մոտակա Ոսկեհատ գյուղի բնակիչները դեռ շարունակում
են մշակել: Թեև գյուղում շատ առասպելներ են պատմում
այդ տեղանքի մասին, մինչև պեղումների սկսվելը գյուղացիները
պատկերացում չունեին, որ իրենց ոտքերի տակ մի հսկայական
հուշարձան է թաղված: Իսկ հիմա նրանք հաճախ հարցնում
են հնագետներին, թե երբ են տեսնելու խոստացված հուշարձանը:
«Դե, ամենաքիչը մի 150 տարի հետո», - ասում է
Հայաստանում Գֆոլերի հիմնադրամի տնօրեն Բորիս Գասպարյանը:
Եվ նա չի կատակում: Ամբերդ գետի ձախ ափին գտնվող
հուշարձանը շուրջ 200 հեկտար տարածք է զբաղեցնում:
Այստեղ աշխատում են 70 հոգի, և 140000 դոլար տարեկան
բյուջեն չի բավականացնում ինտենսիվ պեղումներ անցկացնելու
համար:
Հնագետների ասելով, իրենք աշխատում են ապագա սերունդների
և պատմության համար:
Տեղանքն իրենից ներկայացնում է մի հարթ մակերևույթ,
որը ծածկված է տուֆի կառույցներով, ժայռաբլուրներով
և քարաբեկորներով: Հնագետները հավաստիացնում են,
որ բոլոր այդ քարերը, որ ժամանակը թաքցրել է մարդկանցից,
իրենց վրա կրում են և՛ բնության, և՛ մարդկանց ինտենսիվ
աշխատանքի հետքերը:
Բացի քարե կառույցներից, ժայռերի մեջ փորված են
խորշեր և այնտեղ տանող աստիճանակերպ հարթակներ:
Բոլոր այդ համալիրները՝ ներառյալ մի շարք պայտաձև
շինություններ և դրանք իրար միացնող կապուղիները,
ինչպես նաև սեղանաձև զոհասեղանները, միասին կազմում
են մի բազմաշերտ հուշարձանային համալիր:
Շերտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ
տեղանքը հաջորդականորեն բնակեցված է եղել տարբեր
հնագիտական ժամանակաշրջաններում: Առաջին կառույցները
վերաբերում են վաղ բրոնզե դարին, իսկ վերջինները՝
մեր թվարկության 17-րդ դարին:
«Ներկայումս
պեղումներն իրականացվում են միայն Ագարակի հյուսիսային
համալիրի առաջին ժայռահարթակի վրա, - ասում է Գասպարյանը,
- Տարածքի հյուսիս-արևելյան մասում հայտնաբերված
փողոցը, ինչպես նաև կլոր հատակագծերով և քառակուսի
արտաքին անկյուններով տների առկայությունը փողոցի
երկու կողմերում, վկայում են, որ վաղ բրոնզե դարում
այստեղ քաղաք է եղել»:
Հայտնաբերված փողոցն անվանել են Գֆոլերի պողոտա՝
ի պատիվ Գֆոլեր եղբայրների ԱՄՆ-ից, որոնք հատուկ
հիմնադրամ են ստեղծել Հայաստանում հնագիտական պեղումներ
կատարելու համար:
Տարածքում կան շատ մեծ ու փոքր ժայռափոր խորշեր,
որոնք վաղ բրոնզե դարում ծառայել են որպես հեթանոսական
արարողությունների՝ զոհաբերությունների ու թաղումների
անցկացման վայրեր, իսկ հետագայում վերածվել են գինու
հնձանների և մառանների:
Պեղումների ժամանակ հնագետները նաև գտել են մեծ
քանակությամբ խեցեղենի կտորներ, տեռակոտե արձանիկներ,
կլոր և պայտաձև կանթեղներ, զարդեր և մետաղադրամներ:
Ենթադրվում է, որ Ագարակում տնտեսությունն ու
առևտուրը ծաղկում են ապրել, հատկապես մ.թ.ա. 4-րդ
և 3-րդ դարերում, ինչպես նաև մեր թվարկության 2-րդ
և 4-րդ դարերում: Այդ մասին են վկայում ուշ անտիկ
շրջանի թաղումներում գտնված ներկված կավից իրերը,
Ալեքսանդր Մեծի դիմապատկերով դրախման, Օկտավիանոս
Օգոստոսի դիմապատկերով արծաթե մետաղադրամը և մի
քանի մատանիներ:
Երբ խոսք է գնում Ագարակի հայտնաբերման մասին,
Պավել Ավետիսյանը՝ արշավախմբի ղեկավարներից մեկը,
ասում է, որ դա «երկնային պարգև է»:
«Սա մի մշակութային երևույթ է, որը մեզ հնարավորություն
կտա պատկերացում կազմել, թե այստեղ ինչ է եղել հազարամյակներ
առաջ»:
Գտածոների մեջ առանձնանում է կենդանիների կերպարանքներով
կավե մի անոթ, որը լավագույնս է պատկերացում տալիս
բրուտների վարպետության մասին մ.թ.ա. 8-6-րդ դարերում:
Այն ջնարակված է և ծածկված է բազմաթիվ նախշերով:
Հնագետներն ասում են, որ անոթի վրայի խոյի պատկերը,
գլուխը՝ պռունկին, իսկ սեռական օրգանները՝ ստորին
մասում, խորհրդանշում է պտղաբերությունը և հայրիշխանական
համակարգն Ուրարտուի դարաշրջանում:
Սակայն անոթն այսօրվա տեսքին բերելը հսկայական
աշխատանք է պահանջել: Բավական չէ պեղումների ժամանակ
գտնել կավե կտորտանքները և շարել թանգարանի ապակե
ցուցասեղանին:
Հնագետներն
առաջին հերթին ֆիքսում են գտածոների հայտնաբերման
վայրը: Հետո մեծ զգուշությամբ, ինչպես վիրաբույժները
վիրահատության ժամանակ, հանում են դրանք հողից:
Այնուհետև գտնված կտորները տարվում են լաբորատորիա
և խնամքով մաքրվում են:
Հաջորդ փուլում գործի են անցնում վերականգնողները,
որոնք կտորները միացնում են իրար և ամբողջական տեսք
են տալիս գտածոյին:
«Ինձ դուր է գալիս վերականգնման հետ կապված ամեն
ինչ, - ասում է Լիլիթ Մանուկյանը, որը զբաղվում
է այս գործով արդեն ութ տարի, - որովհետև սկզբում
կարծես առեղծված լինի, իսկ վերջում դառնում է ամբողջ
աշխատանքի հանգուցալուծումը: Այս ամենը նման է գլուխկոտրուկի»:
Ագարակի համալիրը, որտեղ հարյուր հազարավոր նման
առարկաներ կան, հայերին համակում է հպարտությամբ
իրենց երկրի համար: Սակայն որքան շատ են հայտնագործում,
այնքան ավելի շատ է մնում հայտնագործելու:
Միգուցե մարդկային կյանքի համար 150 տարին երկար
ժամանակ է, սակայն Ագարակում իրար բախված քաղաքակրթությունների
համար դա մի աննշան ակնթարթ է: Ինչպես հնագետներն
են ասում՝ «Միգուցե 150 տարուց մեր հետնորդները
կքայլեն Գֆոլերի պողոտայով և կասեն՝ սա վաղ բրոնզե
դարի փողոց է»:
(Ագարակում կատարված աշխատանքների լուսանկարները
տեսնելու համար այցելեք www.patkerphoto.com)
|