ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 December 13, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Օպերայի դիսկոտեկները. «Աստրալ» ակումբը 2,5 դոլարով «արևմտյան» ոճի ազատ մթնոլորտ է առաջարկում


Խորը գետնի տակ գտնվող հսկայական մի տարածքից լսվում են աշխույժ երաժշտության ձայներ. մարդկանց մի մեծ խումբ անկաշկանդ պարում է, մինչդեռ մյուսները շարվել են բարի մոտ՝ փորձելով գրավել բարմենների ուշադրությունը, որոնք իրենց հերթին անում են ամեն ինչ՝ բոլոր պատվերները կատարելու համար...

Մի քանի ամիս առաջ միջին երևանցին կկարծեր, որ դա մի տեսարան է իր տեսած ֆիլմերից կամ էլ մի վայր արտասահմանում: Այսօր իրականությունն այլ է:

Օպերայի շենքում բալետ և դասական այլ պարեր դիտելու հնարավորությունից բացի՝ Երևանի երիտասարդներն այդ նույն տարածքում այժմ կարող են այլ ոճի պարեր վայելել:

Անցյալ երկու ամիսների ընթացքում Օպերայի շենքի հարևանությամբ բացվել են երկու դիսկո ակումբներ՝ «Աստրալը» և «Ատլանտիկը»:

Մինչ «Ատլանտիկում» տիրում է Երևանի դիսկոտեկներին բնորոշ մթնոլորտը, «Աստրալը» նորույթ է: Այստեղ կա այն անկաշկանդությունը, որին մշտական հաճախորդները սովորել են Երևանի մյուս ամենասիրված դիսկոտեկում՝ «Մոնտե Քրիստոյում»: Սակայն այստեղ՝ քաղաքի ամենահայտնի զվարճանքի հրապարակում, «Աստրալը» փոփ մշակույթի մի անսպասելի արտահայտություն է՝ «դասական» Օպերայի շենքի ստվերի ներքո:

«Աստրալը» հաջող փոխակերպման նմուշ է. այն ինչ խորհրդային ժամանակներում և անկախության առաջին տարիներին հասարակական զուգարան էր, այժմ վերածվել է դիսկո ակումբի: Նույնիսկ եթե անցորդները չեն մտնում դիսկոտեկ, նրանք կարող են գնահատել այս փոխակերպումը՝ թեկուզ միայն այն փաստի համար, որ տարածքն ավելի լավ է բուրում:

Ինչպես ասում է «Աստրալի» հիմնադիր Արմեն Ատեփանյանը, շինարարական աշխատանքները տևեցին երկուսուկես տարի, իսկ արդյունքում խորը գետնի տակ կառուցվեց 750 քառակուսի մետր տարածք ունեցող դիսկո ակումբ, որը ապագա զվարճահամալիրի միայն մեկ երրորդ մասն է կազմում. այստեղ կառուցվելու են նաև ջազ ակումբ և բացօթյա ռեստորան:

Արևմտյան չափանիշները բավարարող դիսկո ակումբ բացելը եղել է Ստեփանյանի երկար տարիների ցանկությունը:

«Դիսկոտեկը պարել սովորելու շատ լավ տեղ է երիտասարդների համար: Այն ազատում է մարդկանց բարդույթներից», - ասում է Ստեփանյանը:

Նա կարծում է, որ երիտասարդ սերունդն ամաչկոտ է, և հույս ունի, որ «Աստրալն» իր համեստ լուման է ազատ արտահայտվելու նրանց պահանջը բավարարելու մեջ:

«Այստեղի մթնոլորտին պակասում է ազատությունը: Մարդիկ շատ կաշկանդված են», - ասում է Վոլգոգրադում (Ռուսաստան) բնակվող 18-ամյա Տիգրան Շակարովը: Նա ասում է, որ այնտեղ, որտեղ ինքն է ապրում, նման դիսկոտեկներ չկան, սակայն մարդիկ շատ ավելի անկաշկանդ են:

Այդուհանդերձ, իր բացման օրից «Աստրալը» մեծ համբավ է ձեռք բերել երիտասարդների մեջ, ովքեր այժմ գերադասում են այն Երևանի շատ դիսկո ակումբներին՝ պնդելով, որ տարբերությունը միայն չափսի մեջ չէ:

«Սա իմ այցելած դիսկոտեկներից լավագույնն է, և ես կուզենայի գալ այստեղ ամեն երեկո: Երաժշտությունը, դիջեյները, մարդիկ ուրիշ են», - ասում է 20-ամյա Մարթա Բադիկյանը, ում կարծիքը կիսում են մշտական հաճախորդների մեծ մասը:

Ամեն երեկո դիսկո ակումբ այցելելը կարող է մատչելի չլինել ուսանողներից շատերի համար, որոնց միջին կրթաթոշակը 5000 դրամ է (մոտ 8,5 դոլար), իսկ «Աստրալի» մուտքի վարձը 1500 դրամ է (2,5 դոլար): Սակայն դա Երևանի դիսկոտեկների միջին գինն է:

Նման չափսերի և մասշտաբի դիսկո ակումբը նորույթ է երևանցիների համար: Թերևս միայն ցույցերի ժամանակ կարելի է տեսնել այսքան շատ մի տեղ հավաքված հայերի (ակումբը կարող է տեղավորել մոտ 850 հոգի): Տարբերությունն այն է, որ այդ 850 հոգին բոլորը միասին չեն բողոքում համակարգից և այլ բաներից, այլ պարզապես պարում և ուրախանում են:

Ստեփանյանը նաև ուրախությամբ նշում է, որ չնայած այսպես կոչված հայկական մտածելակերպին և տաքարյուն խառնվածքին, իրենց հաջողվել է ստեղծել մի մթնոլորտ, որտեղ թե՛ տեղացիները, և թե՛ արտասահմանցիները կարող են հանգստանալ ու զվարճանալ:

«Անկախ նրանց ոճից, մազերի գույնից, սեռից, նրանք կարող են հանգիստ լինել, որովհետև գիտեն, որ իրենց քաղաքացիական իրավունքներն այստեղ պաշտպանված են: Դա շատ կարևոր բան է, և, փառք Աստծո, մեզ հաջողվեց հասնել դրան», - ասում է Ստեփանյանը:


  Inside
 

Uneasy Relations: Armenians in Russia await outcome of contentious trial

Full story

 
 
 
 

Self-sustained Living: Building managers meet to discuss concepts of condominium life

Full story

 
 
 
 

Buried Secrets: Archeological site holds centuries of history

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.